|
Պերճ Սերգեյի
Բոշնաղյան 01.09.1920-05.01.2004 |
Երկրաբանա-հանքաբանական
գիտությունների
թեկնածու,
պրոֆեսոր,
ՀՀ վաստակավոր
երկրաբան: Ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 1-ին
Նոր Բայազետում, մտավորականի ընտանիքում: Երկու տարի անց ընտանիքը տեղափոխվել է Երևան, ուր 1938թ. միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո Բոշնաղյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: |
Չորրորդ կուրսի ուսանող էր,
երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Հայրենասեր երիտասարդն անմիջապես զինվորագրվեց: Ավարտելով հետևակային ռազմական ուսումնարանի դասընթացները լեյտենանտի կոչմամբ՝ Բոշնաղյանը ծառայության է անցել 89-րդ
Հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայում: Մարտական մկրտությունն ստանալով Կովկասի համար մղված ճակատամարտում՝ նա
հերոսաբար է կռվել Թաման թերակղզու, Կերչի, Սևաստոպոլի, Վարշավայի ազատագրման համար, աչքի ընկել 1-ին Բելոռուսական ռազմաճակատի, Ղրիմի դեսանտային ու
Վիսլա-Օդերյան գործողությունների ընթացքում, մասնակցել Բեռլինի գրավմանը: Վարշավայի մատույցներում արյունալի մարտերի ժամանակ, կյանքը վտանգելով, մարտադաշտից դուրս է բերել ծանր վիրավորված գնդի հրամանատարին և փոխարինելով նրան՝ անձամբ գրոհի տարել գումարտակը: Դրսևորած արիության համար պարգևատրվել է երեք տասնյակից ավելի մարտական, կառավարական պարգևներով, այդ թվում՝ Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (3), Կարմիր աստղի (2) շքանշաններով, ինչպես նաև Կովկասի պաշտպանության համար, Բեռլինի գրավման համար և այլ մեդալներով: 25-ամյա երիտասարդն արժանացել է մայորի կոչման, աշխատել դիվիզիայի 526-րդ
հրաձգային գնդի շտաբի պետ: Պատերազմի ավարտից հետո նա շարունակել է ընդհատված ուսումը: Պ.Բոշնաղյանը 1948թ. առաջին կարգի դիպլոմով ավարտելով համալսարանը, ապա՝ ասպիրանտուրան, աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտում, այնուհետև Երևանի պետական համալսարանում, ուր դասավանդել է շուրջ կես դար, զբաղեցրել մի
շարք պատասխանատու պաշտոններ: 1952-55 և 1961-62թթ. համալսարանի պրոռեկտորն էր,
1959-61, 1965-68թթ.՝ երկրաբանական ֆակուլտետի դեկանը և դեկանի տեղակալը, 1966-68, 1992-97թթ.՝ ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչը: Նա
նշանակալի ավանդ է ներդրել մայր բուհի վարչական և ուսումնական շենքերի կառուցման գործում: Պ.Բոշնաղյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվել է գիտական գործունեությամբ, հրատարակել ՀՀ
երկրաբանական և բնապահպանական հիմնախնդիրներին նվիրված շուրջ ութսուն աշխատություն և հաշվետվություն: Պաշտպանել է թեկնածուական թեզ, ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հետագայում նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Պ.Բոշնաղյանը, օժտված լինելով հարուստ կենսափորձով և ունենալով անզուգական կազմակերպչական ջիղ, գործուն մասնակցություն է ունեցել մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին: 1999-2003 թթ. ընտրվել է երկրորդ գումարման ՀՀ
Ազգային ժողովի պատգամավոր, հետևողականորեն պաշտպանել հասարակության սոցիալապես անապահով խավերի, մասնավորապես վետերանների շահերը, երկար տարիներ ղեկավարել ՀՀ
պատերազմի վետերանների կոմիտեն, իսկ 1996-ից մինչև իր կյանքի վերջը ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի և իրավապահ մարմինների վետերանների միության խորհրդի նախագահն էր,
ԱՊՀ անդամ երկրների վետերանների հասարակական կազմակերպությունների միջազգային միությունը համադասող խորհրդի նախագահության անդամ: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, ինչպես նաև Հայաստանի վաստակավոր երկրաբանի կոչման: Պ.Բոշնաղյանը վախճանվել է 2004 թվականի հունվարի 5-ին: |