Հինգշաբթի, 28.03.2024, 13:39

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 25 » Ամուլսարի նախագծի լսումների նախօրեին
15:32
Ամուլսարի նախագծի լսումների նախօրեին
Հուլիսի 30-ին Բնապահպանության նախարարությունում տեղի կունենան Ամուլսարի ոսկու բացահանքի ընդլայնման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքների ղեկավարների և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ: Արդեն մեկ տարուց ավելի է, որ Ամուլսարի նախագիծն ակտիվ քննարկման առարկա է: Հրապարակում ենք «Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարի տեքստային տարբերակը:
Բնապահպանական, էկոլոգիական լրջագույն գործոնները չեն կարող հաշվի չառնվել բնապահպանական փորձաքննության գործընթացում

«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարի հյուրերն են` «Էկոլուր» հասարակական-տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը և Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննություն պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանը:

Հ. Բ. Տիկի՛ն Զառաֆյան, խնդրում եմ համառոտ ներկայացրեք՝ ի՞նչ խնդիրներով են մտահոգված բնապահպանները:

Ինգա Զառաֆյան- Մոտավորապես մեկ տարի է, ինչ բնապահպանները սկսել են զբաղվել Ամուլսարի նախագծի ուսումնասիրությամբ, և անընդհատ ահազանգեր են ստանում: Առաջին հերթին մտահոգիչ է բաց հանքերի շահագործումը, ինչը մեծ ռիսկեր է պարունակում և՛առողջության, և՛ շրջակա միջավայրի համար:

Սևանի մասին օրենքում նշված է, որ Կեչուտի ջրամբարը, Որոտան-Արփա ջրհավաք ավազանը մտնում են Սևանի ջրհավաք ավազանի մեջ: Ամուլսարի նախագիծն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ թեպետև Ամուլսարը գտնվում է գրեթե ջրհավաք ավազանի մեջտեղում, այնուամենայնիվ, նախագծում այդ մասին նշված չէ, այդ անուններից ոչ մեկը հիշատակված չէ, և գնահատված չեն Սևանի մասին ռիսկերը:

Բացի Սևանի ջրամբարից՝ մենք ունենք նաև Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը հանրապետության երկրորդ խոշոր ջրամբարն է և Սյունիքի մարզի՝ այդ թվում նաև Սիսիանի ոռոգումն այս ջրամբարի հաշվին է կատարվում: Վերոնշյալ նախագծում հաշվի չեն առնվել այս հանգամանքները և նախագծում պատշաճ ձևով գնահատված չեն ռիսկերը: Մենք նախարարությունից պահանջում ենք, որ հենց այնպես չնայեն ՇՄԱԳ-ը, որ ճիշտ գնահատեն ռիսկերը, նամանավանդ որ, բացի ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրներից, արդեն նախագծի վերաբերյալ շատ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում: Առաջին հերթին խոսքը հենց այն մասին է, որ ընդլայնված նախագծում նշված չէ ոսկու արդյունահանման ցիանային մեթոդի մասին:

Օրենքով այդ ռիսկերը պետք է քննարկվեն հասարակական լսումների ընթացքում, սակայն այս նախագիծը հասարական լսումների չի ներկայացվել, և ցիանային արդյունահանման մեթոդի հարցը ոչ մի անգամ չի քննարկվել լայն հասարակության կողմից: Մինչդեռ, օրինակ, Եվրոպան լիովին հրաժարվել է ոսկու արդյունահանման ցիանային մեթոդից:

Հ. Բ. Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչն է պատճառը, որ նախարարությունը հասարակական քննարկումներ չի անցկացրել և նախագծում չի նշել ցիանային մեթոդի մասին:

Հենրիկ Գրիգորյան- Նախ ուզում եմ ներկայացնել, թե երբ է սկսվել և ինչպես է շարունակվել գործընթացը: Ուզում եմ նշել, որ բնապահպանության նախարարությունը նախագիծը շրջակա միջավայրի փորձաքննությանն է ներկայացրել սույն թվականի փետրվարին: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ համապատասխան համայնքին տրվել է օրենքի ծանուցում, լսումների մասին հայտարարությունը տեղադրվել է ՀՀ բնապահպանության նախարարության կայք-էջում, կազմակերպվել են լսումներ, լսումների մասին հրապարակությունը հրատարակվել է հանրապետական օրաթերթերից մեկում, այնպես որ՝ մուտքը բաց է:

Հ. Բ. Մուտքը բա՞ց է, եղե՞լ են լսումներ, թե՞ կարող են լինել:

Հ. Գ. Չէ՛, լսումներ եղել են, որոնք կազմակերպվել են ՀՀ Սյունիքի մարզի, Վայոց ձորի Գնդեվազ, Սարավան համայնքների ներկայացուցիչների, գյուղական համայնքի ներկայացուցիչների, հասարակության այլ ներկայացուցիչների և մեր նախարարության փորձագետների կողմից:

Ինչ վերաբերում է տիկին Զառաֆյանի հնչեցրած մտահոգություններին, միանշանակ կողմ եմ: Նկատի ունենալով հասարական կազմակերպությունների ու նախաձեռնությունների պահանջները, հարցադրումները, մտահոգությունները՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը սույն թվի ապրիլի 18-ին հանդիպել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ և «Թռչկան» նախաձեռնության անդամների հետ:

Հ. Բ. Այդ հանդիպումից ի՞նչ եզրակացության եք եկել:

Հ. Գ. Հանդիպման վերջում պրն. նախարարը խնդրել, հորդորել է բոլոր ՀԿ-ներին խնդրո առարկա հարցի շուրջ երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց կարծիքները, մտահոգությունները, առաջարկությունները: Ավելին՝ ինչ վերաբերում է Սևանին, հատուկ հանձնարարական է տվել նախագծային փաստաթղթեր ուղարկել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով, որի ղեկավարն է վաստակաշատ մասնագետ Վլադիմիր Մովսիսյանը:

Հ. Բ. Պարո՛ն Գրիգորյան, դուք «Բնապահպանական փորձաքննություն» ՊՕԱԿ-ի փոխտնօրենն եք, դուք պետք է որ արդեն փորձաքննության ենթարկած լինեիք և Ամուլսարի շահագործման, հանքավայրի ընդլայնման մասին արդեն ունենայիք Ձեր եզրակացությունը:

Հ. Գ. Մեր զրույցի սկզբում ասացի, որ նախագծի փորձաքննության իրականացման ժամկետը երկարաձգվել է, և բարեբախտաբար այս պահին փորձաքննական եզրակացությունը տրված չէ:

Հ. Բ. Ինչո՞ւ բարեբախտաբար:

Հ. Գ. Որովհետև ժամանակի ընթացքում հնարավորություն կունենանք ստանալու և իմի բերելու տարբեր կազմակերպություննների (օրինակ՝ Սևանա լճի պահպանության հանձնաժողովի, «Էկոլուր» տեղեկատվականի) կարծիքներն ու արձագանքները:

Հ. Բ. Մի՞թե դուք փորձաքննությամբ չէիք կարող պարզել, թե ինչ մտահոգություններ կան:

Հ. Գ. Մեր փորձաքննությունը հիմնվում է հասարակական կարծիքի վրա:

Ի. Զ. Պարո՛ն Գրիգորյան, դուք ասում եք, որ ընդլայնման նախագծի վերաբերյալ եզրակացությունը դեռևս չկա, և հիմա գործընթաց է շարունակվում: Բայց «Գեոթիմ» ընկերությունը (հիմնադիր՝ Լիդիան Ինթերնեյշնլ) մի քանի անգամ հայտարարել է և՛ իրենց կայք-էջում, և մամուլի հաղորդագրությունում, որ իրենք 2011 թվականին նախարարությունից դրական եզրակացություն և համաձայնություն են ստացել ցիանային մեթոդով արդյունահանության վերաբերյալ: Նույնիսկ մենք հատուկ հարցում ենք ուղարկել նախարարություն՝ պարզելու, թե այդ մեթոդով արդյունահանման հետ կապված դուք քննարկում անցկացրե՞լ եք: Պաշտոնական նամակով շատ հետաքրքիր պատասխան ենք ստացել. գրել են. «Նայե՛ք mmp.am կայքը» և վերջ:

Կայքում արդյունահանման երեք տարբեր նախագիծ է ներկայացված. մեկն առանց ցիանային մեթոդի, մեկը ցիանային մեթոդով, մյուսն էլ ընդլայնման նախագիծ՝ ցիանային մեթոդի կիրառմամբ: Ստացվում է, որ ընկերությունը մի բան է ասում, նախարարությունը մեկ այլ բան:

Հ. Գ. Տիկի՛ն Զառաֆյան, եթե հիշում եք, ապրիլի 18-ին նախարարն ասաց, որ ավելի լավ կլինի ամբողջական ծրագիրը գրվի, քան մաս-մաս:

Ես ուշադիր կարդացել եմ ձեր մտահոգությունների մասին, և ձեր բարձրացրած բոլոր հարցերը պաշտոնական գրությամբ հանձնել եմ այն ձեռնարկողին, որը դիմել է մեզ: Այսինքն՝ բոլոր հարցերին կտրվեն սպառիչ պատասխաններ:

Մենք այս բոլոր բնապահպանական, էկոլոգիական լրջագույն գործոնները չենք կարող հաշվի չառնել բնապահպանական փորձաքննության գործընթացում: Դրանով է պայմանավորված, որ մենք որոշել ենք մասնագիտական եզրակացության փորձաքննություն նշանակել՝ մինչև օգոստոսի 9-ը, մինչև օրենքով սահմանված 180-րդ օրը:

Ի. Զ. Երբ որ մայիսի 23-ին «Գեոթիմ» ընկերության հետ «Ջերմուկի զարգացման կենտրոնը» կազմակերպել էր ջրային ռեսուրսների վերաբերյալ քննարկում, «Գեոթիմ» ընկերության իրավաբանը մի հայտարարություն արեց, ըստ որի՝ քանի որ նախարարությունը չի ընդգրկել Ջերմուկի համայնքը, ուրեմն այնտեղ կարող են չանցկացնել հասարակական լսումներ: Օրենքի տեսակետից և փորձաքննության տեսակետից դա ճի՞շտ է, թե՞ ոչ:

Հ. Գ. Տիկի՛ն Զառաֆյան, շնորհակալությո՛ւն հարցի համար: Ես շատ ուրախ եմ, որ բոլոր հարցերը մանրակրկիտ ուսումնասիրում եք: Ինչ վերաբերում է Ջերմուկ համայնքում հասարակական լսում կազմակերպելուն, ապա ինչ-որ տեղ ձեռնարկողը, տվյալ դեպքում «Գեոթիմ» ՓԲԸ-ն մասամբ ճիշտ է, քանի որ լիազոր մարմինը՝ բնապահպանության նախարարությունն է որոշողը, թե որ համայնքներում պետք լսումներ անցկացվեն: Մենք ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներին գրություն ենք ուղարկել այդ նախաձեռնության հետ կապված լսումների համար: Հանձնարարել ենք Վայք, Գնդեվազ, Սարավան համայնքների գյուղապետներին, և լսումներ են կազմակերպել: Քիչ առաջ ես նշեցի, որ ապրիլի 18-ին բնապահպանության նախարարի մոտ քննարկման ժամանակ հստակ հանձնարարական էր տրվել, որ եթե Ջերմուկի համայնքում հասարակական լսում չենք անում, ուրեմն նախագիծն ուղարկում ենք կարծիքի՝ Ջերմուկի քաղաքապետարան: Բարեբախտաբար Ջերմուկի քաղաքապետարանից ստացվել է գրություն:

Հ. Բ. Ջերմուկում կարծես թե դժգոհ են հանքի շահագործումից:

Հ. Գ. Ջերմուկի ավագանին բաց նամակ է գրել ՀՀ բնապահպանության նախարար պրն. Արամ Հարությունյանին, Ջերմուկ քաղաքի ավագանու կարծիքը տվյալ նախատեսվող գործունեության մասին բացասական է: Ջերմուկի քաղաքապետ Վ. Հովհաննիսյանը ներկայացնում է հիմնական կռվանները, որոնք դժգոհության հիմք են դարձել. գրության համաձայն՝ հանքավայրի շահագործումից կտուժեն նախ՝ «Ջերմուկ» բրենդը, երկրորդ՝ զբոսաշրջությունը: Դրանից ելնելով՝ նրանք կտրականապես դեմ են հանքավայրի շահագործմանը:

Հ. Բ. Եվ ի՞նչ պիտի անի նախարարությունը:

Հ. Գ. Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ մենք տաք հետքերով, անմիջական բացասական արձագանքների, մտահոգությունների, առարկությունների և կարծիքների ազդեցության տակ, կոպիտ ասած, թուղթ ենք սևացնում և շրջակա միջավայրի փորձաքննական ինչ-որ եզրակացություն տալիս, մենք այս ամենի վերաբերյալ բոլոր գրությունները, այդ թվում՝ Ի. Զառաֆյանի գրությունը, հատուկ նամակով տվել ենք ձեռնարկողին: Ի գիտություն Ձեզ, որպես ձեռնարկող հանդես է եկել ոչ թե «Գեոթիմը», այլ ոմն «Էկոաուդիտ» ՍՊԸ, որին մենք գրությունները հանձնել ենք սույն թվականի հունիսի 25-ին:

Բացի այդ՝ նախարարության կողմից հատուկ լիազորված մասնագետին մենք տվել ենք թե՛ նախագիծը, թե՛ հասարակական կազմակերպությունների մտահոգությունների շուրջ գրությունները և ասել. «Հարգելի՛ լիազորված անձ, մեր նախարարությունը ձեզ իզուր հավաստագիր չի տվել: Գիշեր-ցերեկ աշխատե՛ք, բայց մինչև օգոստոսի 10-ը պետք է վերջացնեք»:

Ակնկալվում է, որ նախարարության լիազորված անձն այս աշխատանքը կավարտի օգոստոսի 10-ին: Դրանից հետո պարտադիր կարգով, 30-օրյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունենալու լիազորված անձի եզրակացության, հասարակական կարծիքների, համայնքների հասարակական կարծիքների լսում: Հայտարարություն կտրվի, թերթում ու կայքում կգրվի, մուտքն ազատ է: Դրանից հետո 20-օրյա ժամկետում պատասխանը կտրվի:

Հ. Բ. Տիկի՛ն Զառաֆյան, մարդկային առողջության համար ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ այս հանքի շահագործման դեպքում:

Ի. Զ. Ասեմ, որ ընդհանրապես առողջության համար վտանգները և ռիսկերը այս նախագծում արտացոլված չեն: Առողջապահության նախարարությունը ևս ոչ մի անգամ այդ հարցին չի անդրադարձել: Մենք մի քանի անգամ դիմել ենք Առողջապահության նախարարությանը և ստացել ենք շատ հետաքրքիր պատասխան: Նրանք գրում են, որ Կապան, Քաջարան քաղաքներում, տարբեր լեռնաարդյունաբերական թեժ կետերում ընդհանրապես չարորակ հիվանդություններն ավելի քիչ են տարածված, քան Երևանում: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը և հասկացել ենք շատ պարզ բան. Երևանում ցուցանիշը 2 անգամ բարձր է, քանի որ մարզերից հիմնականում հիվանդներին ուղարկում են Երևան, և այստեղի կլինիկաներում է արձանագրվում հիվանդության մասին: Ըստ նախարարության պատասխանի՝ Վայքը էկոլոգիական մաքուր տարածք է համարվում: Սակայն, այն հանքարդյունաբերության թեժ կետերից է, այնտեղի բաց ոսկու հանքը շատ վտանգավոր է մարդու օրգանիզմի համար: Այնտեղ ուրանի հետազոտություն է անցկացվել դեռևս 60-ական թվականներին, հետո հանքը փակել են, բայց հանածի մի մասը մնացել է գերեզմանի մոտ, ամբողջ Վայքը դրա մասին գիտի, և դա համարել էկոլոգիական մաքուր տարա՞ծք:

Հ. Բ. Որքան հայտնի է, հանքը հիմա շահագործվում է:

Ի. Զ. Չի շահագործվում: Հանքում դեռ շարունակվում են հետազոտությունները: Ապրիլի 18-ին «Գեոթիմը» հայտարարեց, որ նրանք հանքը պետք է շահագործեն 2014 թվականին:

Հ. Գ. Այս Հանքի փորձաքննական եզրակացությունը մենք տվել ենք 2009 թ.: ՀՀ շրջակա միջավայրի փորձաքննության մասին օրենքում, համաձայն որի մենք աշխատում ենք, կա հատուկ կետ, որ եթե տրված փորձաքննական եզրակացությունը լիազոր մարմնի կողմից տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում չեն կատարվում նախատեսվող գործունեության շրջանակներում իրականցվող աշխատանքներ, փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, և ձեռնարկողը պետք է նոր հայտ ներկայացնի:




| Դիտում: 709 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.