Հինգշաբթի, 18.04.2024, 06:07

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 26 » Սեւանից ջրի բացթողումների ավելացման համար խորհրդարանը քվեարկեց 93 «կողմ» եւ 12 «դեմ»
10:43
Սեւանից ջրի բացթողումների ավելացման համար խորհրդարանը քվեարկեց 93 «կողմ» եւ 12 «դեմ»
Այնուամենայնիվ, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սեւանա լիճը պաշտպանող օրենքների մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթը, որով Սեւանա լճից 170 միլիոն խմ-ի փոխարեն 320 միլիոն խմ ջուր պետք է բաց թողվի: 93 պատգամավոր «կողմ» քվեարկեց, 12-ը` «դեմ»: Օրինագիծն անցկացրեցին կոալիցիա կազմած իշխանության` ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի պատգամավորները եւ նրանց միացած  ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Այսինքն, իր նախորդ կազմի հետ համեմատած խորհրդարանում ոչինչ չի փոխվել: Հետաքրքիր է այն փաստը, որ հենց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը` ի դեմս ԲՀԿ-ական նախագահ Սամվել Բալասանյանի, հասարակայնության ներկայացուցիչներին թույլ չտվեց մասնակցել կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթի քննարկմանը:

 Հոգալով գյուղատնտեսության մասին` պատգամավորներն անտեսեցին այն փաստը, որ Արարատյան դաշտավայրի հողերը չեն ջրվում ոչ թե նրա համար, որ անձրեւ չի եկել, այլ նրա համար, որ հողագործերին ծայրահեղ աղքատության են հասցրել, եւ նրանք չեն կարող վճարել ջրի համար մինչեւ բերք չստանալը եւ չվաճառելը:  Դա պատճառներից մեկն է, որ Արարատյան դաշտավայրում հողերը չեն մշակվում եւ շարքից դուրս են գալիս: Արարատի Օրհուս կենտրոնի տվյալներով` նման հողատարածքները մոտ 30 հազար հա են կազմում:

Ստորեւ ներկայացնում ենք www.parlament.am կայքում տեղադրված թեմայի վերաբերյալ տեղեկատվությունը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Սեւանա լճի մասին» ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին», «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ փաթեթով առաջարկվում է թույլատրել` այս տարվա ընթացքում Սեւանա լճից  կատարելու հավելյալ 150 մլն խորանարդ մետր ջրառ` ոռոգելու համար հանրապետության շուրջ 40 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության  հողատարածքներ:

 Անդրանիկ Անդրեասյանը նկատեց, որ տարեսկզբին կանխատեսվել էր ջրառատ տարի, սակայն սպասումները չեն իրականացել:

Ի պատասխան պատգամավորների հարցադրումների հիմնական զեկուցողը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեսակետները, թե ջրառը Սեւանա լճից կատարվելու է հարակից օբյեկտների եւ առանձնատների փրկության համար: Նա տեղեկացրեց,  որ նախատեսվող 150 մլն խմ     ջրառը լճի մակարդակը կնվազեցնի ընդամենը 10-12 սմ-ով, ինչն այս դեպքում էական նշանակություն չի կարող ունենալ: 
  
Սեւանա լճից լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր բացթողնելու կառավարության նախաձեռնությունը որոշ պատագամավորների քննադատությանն արժանացավ: Պատգամավորների մի մասն էլ հասկանալի եւ պարտադրված քայլ համարեց սակավաջրության պայմաններում  գյուղատնտեսական նպատակներով լրացուցիչ ջուր հատկացնելու ոորոշումը:  Կառավարության առաջարկի ընդդիմախոսները  հարցադրումների, այնուհետեւ ելույթների մեջ մտահոգություն հայտնեցին Սեւանա լճի մակարդակը կրկին ցածրացնելու հնարավոր վտանգի մասին` նշելով, որ այն բարձրացվել էր մեծ ջանքերի ու ֆինանսական ռեսուրսների հաշվին: Պատգամավորների գնահատմամբ`  ջրի բացթողումն այս ծավալով  բացասաբար կանդրադառնա լճի էկոհամակարգի վրա: Այս մասին, ըստ ելույթ ունեցողների, ահազանգել են նաեւ բնապահպանական հասարակական կազմակերպություններ: Նախաձեռնությունը պաշտպանողները կարծում են, որ լրացուցիչ ջուր բացթողնելու արդյունքում կկարողանան ոռոգել 40 հազար հեկտար տարածությամբ հողեր` հիմնականում Արարատյան դաշտավայրում:

 Կառավարության ներկայացուցիչ Անդրանիկ Անդրեասյանը, պատգամավորների հարցադրումներին  ի պատասխան, կրկին փաստեց, որ Սեւանը ազգային արժեք է, սակայն դժվար իրավիճակներում, ինչպիսին այս տարի սպասվող սակավաջուր ամառն է, պետք է նաեւ ծառայի ժողովրդին, հատկապես որ Սեւանի մակարդակի բարձրացման առաջանցիկ տեմպերը տալիս են նման հնարավորություն: Նա տեղեկացրեց, որ վերջին 10 տարիներին լճի մակարդակը բարձրացել է 4 մետրով, ծրագրված համադրելի ցուցանիշը 2,5 մետր է: Անդրանիկ Անդրեասյանը  նաեւ նշեց, որ ոռոգման եւ ընդհանրապես ջրամատակարարման հիմնախնդիրը լուծելու համար նախատեսել են տարբեր ներդրումային ծրագրեր եւ հիմնականում ուշադրություն են դարձնելու ներտնային բաշխիչ ցանցերի վերականգնման վրա` ջրի կորուստները նվազագույնի հասցնելու համար: Նաեւ գումարներ են նախատեսվել ջրամբարների կառուցման ու վերանորոգման համար:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը ներկայացրեց փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ նշեց, որ քննարկումների արդյունքում է սահմանվել մինչեւ 320 խորանարդ մետր սահմանգիծը` ավելի քիչ ջուր բացթողնելու հնարավորություն ստեղծելով: Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց հարցը քննարկել հասարակական կազմակերպությունների հետ` հաշվի առնելով վերջիններիս մեծ ուշադրությունը, նաեւ` լսումների ձեւաչափով:

Քննարկվող հարցի վերաբերյալ պատգամավորների ելույթներից հետո տեսակետներ ներկայացրին խորհրդարանի քաղաքական ուժերը:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը: Պատգամավորը կոչ արեց ներկաներին դեմ քվեարկել օրինագծերի փաթեթին եւ անհապաղ զբաղվել Սեւանի հարցով:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության բացասական տեսակետը` Հրանտ Բագրատյանը նույնպես կոչ արեց դեմ քվեարկել: Հրանտ Բագրատյանի կարծիքով` ջրօգտագործման ոլորտում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ:

ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Վարդան Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ մինչեւ 2002թ. գրանցվել է Սեւանի ջրի մակարդակի իջեցում, իսկ 2002-2012 թվականներին` 412 սմ. բարձրացում: Վարդան Այվազյանն անհրաժեշտ համարեց   ոռոգման  նպատակով Սեւանա լճից ջրի հավելյալ բացթողումը:  Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն քվեարկելու է հօգուտ օրինագծերի փաթեթի:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Սամվել Բալասանյանը: Պատգամավորը կարծում է, որ ջրամբարները ճիշտ օգտագործելու արդյունքում կխնայվեն Հայաստանի ջրային ռեսուրսները: Նա առաջարկեց քննարկվող հարցը մանրակրկիտ ուսումնասիրելու համար ստեղծել ենթահանձնաժողով, կազմակերպել խորհրդարանական լսումներ: Սամվել Բալասանյանը նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին:

Եզրափակիչ ելույթում Անդրանիկ Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովին շահագրգիռ եւ բովանդակալից քննարկումների համար եւ հորդորեց հավանություն տալ օրինագծերի փաթեթին:

Քննարկվող հարցի ավարտից հետ անցկացվեցին քվեարկություններ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ «Սեւանա լճի մասին» ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին», «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի  փաթեթը:

| Դիտում: 802 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.