Կիրակի, 16.06.2019, 05:51

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Մեր մասին/Ամբիոններ/Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն


Ամբիոնի վարիչ`  աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ՝

Թրահել Գերասիմի Վարդանյան


Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնը կազմավորվել է 1933 թվականին` սկզբից որպես Ֆիզիկական աշխարհագրության ամբիոն, 2009 թվականից վերանվանվել է Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն:

Ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչը եղել է Հայրապետ Հովհաննիսյանը: Այնուհետև ամբիոնը տարբեր տարիներին ղեկավարել են պրոֆեսորներ Ստեփան Լիսիցյանը, Գևորգ Զուբյանը, Անդրանիկ Բաղդասարյանը, Հրաչյա Գաբրիելյանը, դոցենտներ Կիրակոս Օհանյանը, Խաչիկ Նազարյանը, Աշոտ Խոյեցյանը, Վիլեն Մեթանջյանը (ամբիոնի վարիչի պաշտոնակատար), Բորիս Մնացականյանը: Ներկայումս ամբիոնի վարիչն է դոցենտ Թրահել Վարդանյանը:

Ամբիոնը ապահովում է ֆիզիկաաշխարհագրական, ջրաօդերևութաբանական դասընթացների ավանդումը: ՈՒսանողները մասնագիտանում են ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության մասնագիտությունների գծով:

Անցած ժամանակաշրջանում ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները հիմնականում ընթացել են ֆիզիկական աշխարհագրության, բնական լանդշաֆտների, ֆիզիկաաշխարհագրական և ջրաօդերևութաբանական տարբեր պրոցեսների հետազոտման ուղղությամբ:

Ամբիոնի անդամներ Ս. Լիսիցյանի, Հ. Գաբրիելյանի, Ս. Բալյանի և Խ. Նազարյանի կողմից 1950-ական թվականներին հանգամանորեն ուսումնասիրվել են հանրապետության ռելիեֆը, կազմվել խոշոր մասշտաբի ֆիզիկաաշխարհագրական և գեոմորֆոլոգիական քարտեզներ:

1960-ական թվականներից սկսած ամբիոնի աշխատակիցները հետազոտել են հանրապետության տարածքի էրոզիոն, սելավային և ընդհանուր տեղատարման երևույթները: ՈՒսումնասիրության արդյունքները հրատարակվել են բազմաթիվ գիտական հոդվածների և մենագրությունների տեսքով: Հիշատակման են արժանի պրոֆ. Հ. Գաբրիելյանի «Հայկական ՍՍՀ գետային էրոզիան»՚, «Անդրկովկասի բնությունն ու ջրային էրոզիան» աշխատությունները: Այդ տարիներին Գ. Զուբյանի, Ա. Բաղդասարյանի, Գ. Ալեքսանդրյանի, Ջ. Աթայանի, Հ. Խաչատրյանի կողմից հանգամանորեն ուսումնասիրվել են նաև Հայկական լեռնաշխարհի և ՀՀ տարածքի կլիմայական պայմանները:

Ամբիոնում միաժամանակ կատարվել են գիտամեթոդական լուրջ աշխատանքներ: Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են բազմաթիվ բուհական դասագրքեր ու ձեռնարկներ: Հիշատակման են արժանի Ս. Լիսիցյանի «ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն», Հ. Գաբրիելյանի «Երկրագնդի ջրային ոլորտը», «Երկիր մոլորակը և նրա աշխարհագրական թաղանթը», «Լանդշաֆտների գեոքիմիա» և «Հայկական լեռնաշխարհը» ստվարածավալ մենագրությունները:

Վերջին տասնամյակում զգալիորեն ընդլայնվել է ամբիոնի համագործակցությունը աշխարհի մի շարք երկրների առաջատար համալսարանների և միջազգային կազմակերպությունների հետ:

Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի ջանքերով վերջին տարիներին կազմակերպվել են մի քանի միջազգային խոշոր կոնֆերանսներ և սեմինարներ, որոնք նվիրված էին անապատացման կենսաաշխարհագրական և էկոլոգիական ասպեկտներին, ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանման, ջրային աղետների կանխատեսման և ռիսկի գնահատման հիմնահարցերին, որոնց արդյունքները հրատարակվել են գիտական ժողովածուների տեսքով:

Ամբիոնի դասախոսները գործուն մասնակցություն են ունեցել նաև արտերկրում կազմակերպվող միջազգային բազմաթիվ կոնֆերանսների և սեմինարների:

Ամբիոնի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցել են «Հայաստանի ազգային ատլասի» ստեղծման հսկայածավալ աշխատանքներին և հեղինակ են բազմաթիվ քարտեզների: Միայն վերջին մի քանի տարիներին ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել են գիտական և գիտամեթոդական հարյուրավոր հոդվածներ և մենագրություններ ինշպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում («Հայկական լեռնաշխարհը և ֆիզիկաաշխարհագրական շրջանները» (Ա. Խոյեցյան, Դ. Պողոսյան), «Անապատացման պատճառահետևանքային կապերը և տարածաժամանակային գնահատման սկզբունքները Հայաստանի հանրապետությունում» (Ա. Խոյեցյան, Ռ. Մկրտչյան), «Сток рек Армении и оценка его изменения при глобальном потеплении климата» (Варданян Т. Г.), «Антропогенная трансформация природной среды Южного Кавказа» (Варданян Т. Г., Бальян А. С. и др.)), «Սյունիքի մարզ», «Շիրակի մարզ», «Լոռու մարզ» (Ա. Գրիգորյան և ուրիշներ), «Աշխարհագրությունը և գրականությունը» (Կ. Ալեքսանյան):

Ամբիոնում իրականացվում են նաև գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով` «ՀՀ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատումը և ջրային օբյեկտների հարմարվողականության ուղիների մշակումը կլիմայի գլոբալ տաքացման դեպքում» (ղեկավար` Թ. Վարդանյան), «ՀՀ լանդշաֆտների դեգրադացիայի դեմ պայքարի և օպտիմալացման աշխարհագրական հիմունքների մշակում» (ղեկավար` Ա. Խոյեցյան):

Ամբիոնի աշխատակիցների ջանքերով ստեղծվել է Միջազգային ՀԿ «Ջրային, կլիմայական, ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային ԳՀ կենտրոն» (նախագահ` Թ. Վարդանյան, փոխնախագահ` Ա. Գրիգորյան, գործադիր տնօրեն` Ք. Հակոբյան):

Ամբիոնի աշխատակիցների ջանքերով հրատարակվել է ամբիոնի ծրագրերի ժողովածուն:
Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնը գործունեության ընթացքում օգտագործում է իր ստորաբաժանումների ներուժը: Ամբիոնի կառուցվածքում ընդգրկված են Հայաստանի աշխարհագրության կաբինետը, որը կրում է նրա հիմնադիր, պրոֆեսոր Խաչիկ Նազարյանի անունը, ջրաօդերևութաբանության լաբորատորիան և ֆիզիկական աշխարհագրության կաբինետը:

Հայաստանի աշխարհագրության կաբինետը սպասարկելով Հայաստանին վերաբերող դասընթացները` միաժամանակ բավարարում է նաև ուսանողների և դասախոսների համար անհրաժեշտ մասնագիտական գրականության պահանջը: Այս կաբինետում է գտնվում Հայաստանին վերաբերող աշխարհագրական գրականության գրեթե ողջ պահոցը: Կաբինետը կահավորված է բազմաթիվ քարտեզներով և բնանկարներով, օգտակար հանածոների ցուցադրական հավաքածուով, դիդակտիվ պարագաներով:

Ֆիզիկական աշխարհագրության կաբինետը, սպասարկելով կարևոր մասնագիտական դասընթացները, միաժամանակ հանդիսանում է ֆիզիկաաշխարհագրական բնույթի գրականության հարուստ պահոց: Գրականությունը, որից օգտվում են ուսանողներն ու դասախոսները, վերաբերում է Ֆիզիկակաաշխարհագրական տարբեր ուղղություններին` ռելիեֆին և երկրաբանությանը, գեոմորֆոլոգիային, կլիմյագիտությանը, ջրաբանությանը, հողագիտությանը, լանդշաֆտագիտությանը: Կաբինետն ունի քարտեզների հարուստ հավաքածու: Այդ քարտեզներն օգտագործվում են դասախոսությունների և գործնական աշխատանքների ժամանակ` նպաստելով ուսման արդյունավետությանը:

Ջրաօդերևութաբանության լաբորատորիան, որն ամբիոնի նորացված կառույցներից է, հիմնականում սպասարկում է "ջրաօդերևութաբանություն” մասնագիտության դասընթացները: Այստեղ են գտնվում նաև ջրաբանական և օդերևութաբանական բնույթի գրականության որոշ քանակ, ինչպես նաև ջրաչափական և օդերևութաբանական գործիքներ ու սարքավորումներ, որոնք օգտագործվում են ինչպես գործնական պարապմունքների, այնպես էլ պրակտիկաների ժամանակ: Կաբինետը կահավորված է նաև համակարգչով, որը զինված է ժամանակակից մասնագիտական ծրագրերով, որոնք նպաստում են ուսուցման արդյունավետ կազմակերպմանը:

Ամբիոնում գործում են բակալավրի ծրագրով երկու մասնագիտություն (ուսման տևողությունը 4 տարի).
1. ֆիզիկական աշխարհագրություն
2. ջրաօդերևութաբանություն:

Սկսած երրորդ կուրսից ուսանողները կարող են ուսումը շարունակել հետևյալ մասնագիտացումներով.
3. ֆիզիկական աշխարհագրություն
4. ջրաբանություն և ջրաէկոլոգիա
5. օդերևութաբանություն և կլիմայագիտություն:

Ամբիոնում գործում է նաև մագիստրատուրա երկու ծրագրով (ուսման տևողությունը 2 տարի).
1. ֆիզիկական աշխարհագրություն
2. ջրաօդերևութաբանություն

Բակալավրի ծրագրով ուսման ընթացքում ուսանողները գրում են երկու կուրսային աշխատանք (2-րդ և 3-րդ կուրսերում) և ավարտական աշխատանք:

Ամբիոնում գիտական ուսումնասիրությունները տարվում են հիմնականում հետևյալ ուղղություններով.
• կլիմայի փոփոխություն
• անապատացման հիմնահարցեր
• լանդշաֆտների դեգրադացիա
• ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն
• ջրաօդերևութաբանական աղետների կանխատեսում, ռիսկի գնահատում
• գեոէկոլոգիական հիմնախնդիրներ
• էկոլոգիական կլիմայագիտություն

Վերջին երեք տարիների ընթացքում (2008-2010 թթ.) ամբիոնում իրականացվել են պետական ֆինանսավորմամբ գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով` «ՀՀ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատումը և ջրային օբյեկտների հարմարվողականության ուղիների մշակումը կլիմայի գլոբալ տաքացման դեպքում» (ղեկավար` Թ. Վարդանյան), «ՀՀ լանդշաֆտների դեգրադացիայի դեմ պայքարի և օպտիմալացման աշխարհագրական հիմունքների մշակում» (ղեկավար` Ա. Խոյեցյան):

Ամբիոնը տարբեր տարիներին շահել է նաև միջազգային դրամաշնորհներ.
• 2002 թ. - Անհատական հետազոտական դրամաշնորհ ՄակԱրտուր Միջազգային հիմնադրամի կողմից «Գետային հոսքի դինամիկ փոփոխությունները 20-րդ դարում և դրա գնահատումը կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում» գիտական թեմայի կատարման համար (ղեկավար` Թ. Վարդանյան):
• 2007 թ. - Դրամաշնորհ ՆԱՏՕ-ի կողմից «Բնական աղետները և ջրի անվտան-գությունը. ռիսկի գնահատումը, արագ արձագանքումը և շրջակա միջավայրի կառավարումը» թեմայով Երևանում Միջազգային գիտական սեմինար անցկացնելու համար (ղեկավար` Թ. Վարդանյան):
• 2010 թ. - Դրամաշնորհ CRDF-ի կողմից «Նոր մագիստրական ծրագրի զարգացումը. կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը Հարավային Կովկասի օրինակով» նախագծի համար (համաղեկավար` Թ. Վարդանյան):

ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո 1995 թվականին բացվեց գիտական աստիճանաշնորհման աշխարհագրության մասնագիտական խորհուրդը, որն էլ հետագա տարիներին նպաստեց հայրենական գիտության զարգացմանը:

Խորհրդում առաջին գիտական աշխատանքի պաշտպանության պատիվը վերա-պահվել է Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնին (պաշտպանության է դրվել Թ. Գ.Վարդանյանի «ՀՀ գետերի նվազագույն հոսքը և հաշվարկը» թեկնածուական ատենախոսությունը):

Մինչև օրս նույն խորհրդում ամբիոնում պաշտպանվել են 3 դոկտորական և 8 թեկնածուական ատենախոսություններ:



Օրացույց
«  Հունիս 2019  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.