Թադևոս Խաչատուրի Հակոբյան

15.06.1917-16.10.1989

Պատմաբան- աշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:

        Ծնվել է 1917 թվականի հունիսի 15-ին Ղափանի շրջանի Լեռնաձոր գյուղում: 1940թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհա-երկրաբանական ֆակուլտետը: 1942-43թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

       Թ.Հակոբյանը 1962թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1963-ին՝ պրոֆեսորի կոչում: 1962-86թթ. Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչն էր, 1955-57, 1963—65թթ՝ նույն ֆակուլտետի դեկան: 1968թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Նա կարդացել է «Տնտեսական աշխարհագրության ներածություն», «Աշխարհագրական գիտությունների պատմություն և մեթոդոլոգիա», «Հայաստանի պատմական աշխարհագրություն», «Հայաստանի տեղանուններ» հատուկ դասընթացները: Պրոֆեսոր Թ.Հակոբյանն ամենից առաջ և ամենից շատ գիտնական էր: Նրա աշխատությունները, որոնց ընդհանուր ծավալն անցնում է 1500 մամուլից, կազմում են մի ամբողջ գրադարան: Ստեղծել է բուհական ու դպրոցական դասագրքեր, նոր դասընթացներ և ուսումնական օրինակելի ծրագրեր, կազմել Հայաստանի քարտեզը (մ.թ.ա. II դ. - մ.թ. V դ. սահմաններով): Նրա հեղինակած մենագրությունները, դասագրքերը, ձեռնարկները, հետազոտությունները շատ բազմազան են: Բազմավաստակ գիտնականի աշխատությունների առաջին խումբը վերաբերում է Հայաստանի պատմական աշխարհագրությանը, պատմական Հայաստանի քաղաքներին, հատկապես՝ փառավոր Անիին: Հեղինակը խոր գիտականությամբ քննել, ստացված արդյունքներն ընդհանրացրել ու տվել է հայագիտության համար շատ կարևոր գործեր, որոնք ընթերցողի մոտ առաջացնում են խոր հայրենասիրություն, ամենանվիրական զգացմունքներ՝ հայ ժողովրդի և՛ այսօրվա, և՛ կորցրած, բայց չմոռացված հայրենիքի ամեն մի հատվածի հանդեպ: Գիտնականի աշխատությունների երկրորդ խումբը նվիրված է աշխարհագրության պատմությանը, որոնցում հեղինակը լայն ընդգրկմամբ և գիտական մեծ հմտությամբ տարբեր դարաշրջանների սոցիալ-քաղաքական հարաբերությունների ֆոնի վրա քննության է առել ժամանակի աշխարհագրական գիտության նվաճումները, դրանց ցարգացման խնդիրներն ու առանձնահատկությունները: Այս խմբի աշխատությունների նշանակությունը դուրս է եկել համահայկական շրջանակներից: Ի դեպ, սրանց բարձր գնահատական են տվել օտարազգի մի շարք խոշոր գիտնականներ: Վաստակաշատ գիտնականի աշխատությունների երրորդ խումբը վերաբերում է քաղաքամայր Երևանին: Հնագիտական, պատմագրական, արխիվային հարուստ նյութերն ի մի բերելով՝ նա համակողմանիորեն ներկայացրել է մեր հինավուրց մայրաքաղաքի պատմության երկարաձիգ ուղին, դրա տնտեսական, հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի բնորոշ կողմերը: Առանձնապես ուշագրավ է «Երևանի պատմությունը» քառահատոր աշխատությունը, որը բազմահարուստ փաստական նյութերով կերտված հանրագիտական երկ է: Թ.Հակոբյանը (Հ.Բարսեղյանի և Ստ.Մելիք-Բախշյանի հետ) գիտահետազոտական քրտնաջան գործունեության շնորհիվ ստեղծել է հայ իրականության մեջ իր նմանը չունեցող՝ տեղանունների հինգհատորանոց բառարան («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»): Սա հանրագիտարան է ու գործնական ուղեցույց-ձեռնարկ աշխարհագետի, պատմաբանի, բանասերի, Հայաստանի ժողովրդական տնտեսության պատմությամբ, հնագիտությամբ ու ճարտարապետության պատմությամբ, հայ ժողովրդի ազգագրությամբ զբաղվող մասնագետների ու ընթերցող լայն հասարակայնության համար: Թ.Հակոբյանի անխոնջ աշխատասիրությունը, հետևողականությունը, գիտական մեծ բարեխղճությունը, նախանձելի սրամտությունը, համեստությունը, կենսախինդ բնավորությունը երիտասարդությանը դաստիարակելու դասական օրինակ էին: Հանրապետության աշխարհագետների, պատմաբանների, ինչպես նաև բանասերների զգալի մասը նրա երախտապարտ սաներն են: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական, դոկտորական ատենախոսություններ:

Թ.Հակոբյանը վախճանվել է 1989 թվականի հոկտեմբերի 16-ին: