Գիտաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ): Բուն գիտաժողովը նոյեմբերի 22-ին եւ 23-ին կընթանա ԵՊՀ գրադարանի կոնֆերենս դահլիճում (201 սենյակ):
Գիտաժողովը կրում է «Գրադարանների դերը համալսարանական գիտակրթական համակարգի զարգացման գործընթացում» խորագիրը: Կազկոմիտեի հավաստմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման շնորհիվ միջազգային եւ եվրոպական գրադարանները կարողացան արդյունավետորեն իրականացնել հանրային արժեքների սոցիալականացման գործընթացը, ինչն էլ հնարավորություն ստեղծեց զարգացնելու ազգային մշակույթն ու բարձրացնել քաղաքացիական գիտակցությունը: Գրադարանները դադարեցին լինել միայն գրականության պաշարների համալրման ու պահպանման հաստատություններ:
Վերոհիշյալ հարցերի քննարկման համար գիտաժողովի կազմկոմիտեն ապահովում է գրադարանային ոլորտը ներկայացնող, գրադարանային քաղաքականության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնահարցերով զբաղվող մասնագետների, ինչպես նաեւ երիտասարդ գիտնականների ակտիվ մասնակցությունը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը եւ ռուսերենը: Նախատեսվում է հրատարակել գիտաժողովի թեզիսների, իսկ գիտաժողովի ավարտից հետո` նաեւ ընտրված հոդվածների ժողովածուները: