ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում «Education USA» կրթական խորհրդատվական կենտրոնի գլխավոր խորհրդատու Գայանե Գրիգորյանը ուսանողներին ներկայացրեց ԱՄՆ-ում կրթություն ստանալու վերաբերյալ մի շարք տեղեկություններ:
Բակալավրի, մագիստրոսի, դոկտորի աստիճան ստանալու կամ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար ուսանողները կարող են օգտվել «Education USA» կրթական խորհրդատվական կենտրոնի գրադրանից, նաեւ ստանալ անվճար խորհրդատվություն:
Կրթական խորհրդատվական կենտրոնը Հայաստանում հիմնադրվել է 1992 թ-ին. այն ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժնի եւ ղեկավարվում է «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության կողմից:
ԱՄՆ-ում կրթություն ստանալ ցանկացող ուսանողները կարող են դիմել ԱՄՆ-ի պետական ու մասնավոր համալսարաններ: Պետական համալսարանները ֆինասնավորվում են իրենց երկրի պետական բյուջեից. ընտրության ժամանակ նախապատվությունը տալիս են նախ իրենց երկրի ուսանողներին, ապա այլ երկրներից դիմած անձանց: Մասնավոր համալսարանների հիմնական աղբյուրը հիմնադրամները, նվիրատվություններն ու մասնավոր անձինքն են. այստեղ ուսման վարձն ավելի թանկ է, սակայն այլ երկրների ուսանողներն ավելի շատ հնարավորություն ունեն սովորելու:
Ուսանողներից մեկի այն հարցին, թե որակական ինչ տարբերություն կա մասնավոր ու պետական բուհերի միջեւ, տիկին Գրիգորյանը պատասխանեց, որ հիմքում որակյալ կրթություն ապահովելն է եւ խորհուրդ տվեց դիմել միանգամից 4 բուհ` 2 պետական եւ 2 մասնավոր` նկատի ունենալով տարբեր բուհերի առանձնահատկությունները, ինչի արդյունքում այս կամ այն բուհ ընդունվելու հավանականությունը մեծանում է:
Ամերիկյան յուրաքանչյուր համալսարան ունի ուսանողներին ընտրելու իր չափանիշը, ընդ որում` կրթական տարբեր մակարդակներում չափանիշները տարբեր են, օրինակ` դոկտորանտուրայում մեծ ուշադրություն են դարձնում ավագ սերնդի գիտնականների տված երաշխավորական նամակներին:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գեղամ Քոչարյանը ցանկանում է ուսումը շարունակել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Նրա կարծիքով` ԱՄՆ-ում ուսանելը կնպաստի իր կրթական որակի բարձրացմանը եւ բարձր վարձատրվող աշխատանք ունենալու հնարավորություն կստեղծի: