Հինգշաբթի, 28.03.2024, 23:40

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 14 » Անկայուն զբոսավա՞յր. երկրաբանները շարունակում են զգուշացնել, որ Հյուսիսային պողոտան աղետ է, որը կարող է տեղի ունենալ
12:51
Անկայուն զբոսավա՞յր. երկրաբանները շարունակում են զգուշացնել, որ Հյուսիսային պողոտան աղետ է, որը կարող է տեղի ունենալ
Երևանի «դարի կառույց» համարվող Հյուսիսային պողոտայում պարբերաբար ի հայտ եկող դարուփոսերը երկրաբաններին կրկին անհանգստանալու առիթ տվեցին: Նրանք դեռ 2001 թ.` այս ծրագրի ամպագոռգոռ մեկնարկից առաջ, ահազանգում էին, որ քաղաքի կենտրոնի ընդերքի կրողունակությունը թույլ է, գրունտներն ու ապարները բազալտից չեն և չեն կարող կրել նման ծանրություն:

«Այն, ինչ այսօր աներևակայելի արագությամբ վեր է խոյանում, նույնքան արագ էլ կարող է փուլ գալ»,- զայրանում է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) երկրաբանության ինստիտուտի գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, երկրաբան Ռուբեն Յադոյանը:

Յադոյանը բազմիցս ահազանգել է, նամակներ գրել տարբեր ատյաններ` ներկայացնելով ինստիտուտի մտահոգությունները, ուսումնասիրությունները, որոնք փաստում են, որ Երևանի կենտրոնի ընդերքը բավական անկայուն վիճակում է, գտնվում է գոգավորության մեջ, որում լցված խճավազային, կավային նստվածքներն ու ոչ մեծ չափի տուֆի շերտը կրողունակ չէ:

«Առանց այն էլ մետրոն կառուցելիս (1970-ականների վերջին) տուֆի շերտը կտրվեց, ու տարիներ շարունակ մետրոն ջուր էր լցվում: Այսօր վայրկյանում նվազագույնը 1000-1200 լ ջուր է անցնում Երևանի կենտրոնի տակով` իր հետ քշելով մոտ 600 կգ ավազային, խճաքարային գրունտ: Այսինքն` մետրոյի գործարկումից արդեն 25 տարվա ընթացքում այդ գրունտային հոսքերի հետևանքով մայրաքաղաքի կենտրոնում առաջացել են դատարկություններ»,-ասում է Յադոյանը:

Առաջացած ընդերքային դատարկությունները, ըստ երկրաբանական ուսումնասիրությունների, հիմնականում տեղաբաշխված են քաղաքի կենտրոնական մասում` Ղազար Փարպեցու փողոցից մինչև Չարենցի փողոց ընկած հատվածը:

Հյուսիսային պողոտան, որ հաճախ անվանում են «տուն ավազի» վրա, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «պարծանքն» էր, որի կառուցումը մեկնարկեց նրա օրոք, ու հանդիսավոր բացումը տեղի ունեցավ պաշտոնավարման վերջին տարում:

Սակայն Քոչարյանի բնորոշմամբ` «Երևանի երկրորդ այցեքարտը» կառուցվեց ոչ միայն նախագծային-շինարարական մի շարք խախտումներով, այլև մարդու իրավունքների կոպիտ ոտնահարմամբ:

Այստեղ ապրող հարյուրավոր ընտանիքներ այդպես էլ չստացան շուկայական գներին համապատասխան փոխհատուցում, մինչդեռ սեյսմոլոգները շեշտում են, որ մարդու իրավունքների խախտումները կարող են լինել «չարյաց փոքրագույնը»:

«Մենք ևս բազմիցս ասել ենք, որ բարձրահարկ շենքերը պետք է կառուցվեն միայն բազալտի հիմք ունեցող տարածքներում, Արաբկիր և ավելի դեպի հյուսիս, իսկ [Երևանի] հարավում և արևմտյան հատվածում դա ուղղակի բացառվում է, բայց մեզ կլսեն միայն դժբախտությունից հետո»,- ասում է Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի տնօրեն Զավեն Խլղաթյանը:

Երբ անցյալ տարվա հուլիսին Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի նորակառույց շենքի պատերի քանդված, իջեցված մասը նկատվեց, որի շրջակա մայթեզրը, աստիճանները իջել էին մոտ 50 սմ, շինարարությունն իրականացրած կազմակերպությունը պատճառաբանեց, թե դա ուղղակի անորակ սալիկապատման հետևանք է, սակայն մասնագետները դա որակեցին զուտ «մխիթարանք»:

«Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող այս շենքն ու դրա հարակից մայթը միակը չէր, նույն վիճակում են նաև Հյուսիսային պողոտայի մինչև Պուշկինի խաչմերուկ, Պուշկինի-Տերյան հատվածները, որոնց մի մասը վերանորոգվել է, մի մասն էլ դեռ փոս ընկած է:

Սակայն Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ երկրաբան Մարսել Նալբանդյանը խնդիրն ուռճացված է համարում, քանի որ «ցանկացած նոր կառույց ունի իր նստեցման աստիճանը»:

«Այո´, Երևանում կան հատվածներ, որտեղ ստորգետնյա ջրերը, գրունտային ոչ ամուր հիմքերը շինարարական այլ լուծումներ են պահանջում, բայց Հյուսիսային պողոտայում այդ խնդիրը չի եղել»,- ասում է Նալբանդյանը:

Երկրաբան Նալբանդյանը, որը շինարարության թույլտվության երկրաբանական եզրակացությունների փորձագետներից է, հավաստիացնում է, որ շենքերը կառուցվում են տուֆի շերտի կամ դրա տակ գտնվող ամուր ապարների վրա:

Մինչդեռ Հյուսիսային պողոտայի խնդրով ամեն օր զբաղվող «Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն ապացույցներ ունի, որ տուֆի շերտը գրեթե բոլոր դեպքերում հանվում է:

«Հենց հիմա կարող եք գնալ, տեսնել Բուզանդի 13-21 հասցեում կառուցվող շենքի 20 մ փորված հիմքը. ակնհայտ է` ողջ տուֆի շերտը հանված է, իսկ թե ինչի´ վրա է կառուցվում շենքը` հայտնի չէ»,- ասում է Բաղդասարյանը:

Բաղդասարյանը պատմում է, որ Բուզանդի 25 հասցեի շենքը կառուցելիս, որի ընթացքին մշտապես հետևել է, քանի որ հենց այդ շենքի տեղում էր գտնվել իր նախկին սեփական տունը, հիմքը քանդելու ժամանակ դուրս են մղվել ստորգետնյա ջրերը:

«Շինարարները պոմպով հանում էին ջուրն ու հապշտապ ցեմենտ լցնում: Այժմ էլ գիտեմ, որ շաբաթը երկու անգամ այդ շենքում պոմպեր են միացնում և հիմքից ջուրը դուրս հանում, բայց դա երկար չի կարող տևել»,- ասում է Բաղդասարյանը:

Իսկ Հյուսիսային պողոտայի և կենտրոնի կառուցապատման վտանգավորության հարցը Երևանի քաղաքապետարանում անգամ չեն քննարկում.

«Չե՞ք հոգնել այդ հարցից: Կան համապատասխան ուսումնասիրություններ, ամեն ինչ արվում է դրանց շրջանակներում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀՀ գլխավոր ճարտարապետ, Հյուսիսային պողոտայի նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյանը:

| Դիտում: 808 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.