Նախարարների հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը: Մինչ այսօր արդեն կայացել են ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարների հետ հանդիպումները:
«Միշտ հաճույքով եմ ընդունում այն հրավերները, որոնք ստանում եմ համալսարանից, քանի որ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներն ու շրջանավարտները հենց ԵՊՀ-ի ուսանողներն են»,- հանդիպման սկզբում նշեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը նախ մի քանի բառով ներկայացրեց վերջին մեկ տարվա անցուդարձը արտաքին քաղաքականության բնագավառում` նշելով, որ ձեռքբերումներ են արձանագրվել հայ-ամերիկյան, Եվրամիության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրների հետ հարաբերություններում:
«Բանակցությունների ընթացքում պետք չէ գլուխ գովել, այլ հանդարտ բանակցել: Այսօր Հայաստանի դիրքորոշումները շատ մոտ են միջազգային հանրության մոտեցումներին: Մասնավորապես ԵԱՀԿ-ի վերջին 3 հայտարարությունները լիովին համընկնում են մեր մոտեցումներին»,- հավելեց նախարարը:
Այնուհետեւ առանց լրագրողների հանդիպումը շարունակվեց հարց-պատասխան ձեւաչափով: ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում հավաքված ուսանողների հարցերը բազմազան էին` սկսած Ղարաբաղյան հակամարտությունից մինչեւ Թուրքիայի հետ հարաբերություններ:
Փարատելով ուսանողներից մեկի մտահոգությունը, թե հնարավոր է արդյոք ռազմական գործողությունների վերսկսումը` պարոն Նալբանդյանը հավաստեց, որ պատերազմ չի լինի, որովհետեւ դա կարգավորման ճանապարհ չէ. մեր դեպքում դիվանագիտական միջոցները դեռ չեն սպառվել:
Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նախարարն ասաց, որ մեր ցանկություններն անկեղծ էին, ձեւական չէին. «Պարզ ճակատով դուրս եկանք: Առաջին անգամ պատմության մեջ միջազգային հանրությունն ըմբռնում է մեր դիրքորոշումը եւ ասում այն, ինչ մենք»:
Չնայած դեռ բոլոր հարցերը չէին սպառվել, բայց հանդիպումն ավարտվեց մոտ ապագայում կրկին հանդիպելու ակնկալիքով: Վերջում նախարարը պարգեւատրվեց նաեւ ԵՊՀ ուսանողական խորհրդի արծաթե մեդալով: