Գլխավոր էջ » 2011»Դեկտեմբեր»11 » Ատոմակայանի շրջակայքում հնարավոր է` 6 նոր սեյսմիկ կայաններ տեղադրվեն
16:48
Ատոմակայանի շրջակայքում հնարավոր է` 6 նոր սեյսմիկ կայաններ տեղադրվեն
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն դեկտեմբերի 8-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչ Անդրեյ Չուպովին և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։
Արմեն Երիցյանը նշել է, որ ԱԻՆ ստորաբաժանումների համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ սկսվել է դեռ 1994 թվականից, և այսօր ԱԻՆ-ում գործում է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ հավաքվում է երկրի ամբողջ տեղեկատվությունը, նաև` երկրաշարժերի մասին։ Ավտոմատ ծրագիրն աշխարհի տարբեր անկյուններում երկրաշարժի գրանցման դեպքում անմիջապես ցույց է տալիս, թե որն է երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ ատոմակայանը։
ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության վարչության ծրագրերի կառավարման համակարգող, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում և Մոլդովայում ԱԷՄԳ կողմից կազմակերպվող և իրականացվող բոլոր ծրագրերի համար պատասխանատու Անդրեյ Չուպովը նշել է, որ գործակալությունը ՀՀ ԱԻՆ-ի հետ աշխատանքի երկար պատմություն ունի՝ ավելացնելով, որ ԱԷՄԳ-ն պատրաստակամ է համագործակցել Հայաստանի սեյսմիկ անվտանգության ու նախևառաջ` ատոմակայանի սեյսմիկ անվտանգության բարձրացման բնագավառում։
Քննարկումների արդյունքում որոշվել է, որ ԱԷՄԳ-ն կուսումնասիրի ատոմակայանի շրջակայքում բոլորովին նոր 6 սեյսմիկ կայանների տեղադրման առաջարկը։