Կիրակի, 22.12.2024, 17:49

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 19 » Բացահայտել են հերթական «ավգյան ախոռները» Բայց համարժեք գնահատական չի տրվել
16:31
Բացահայտել են հերթական «ավգյան ախոռները» Բայց համարժեք գնահատական չի տրվել
ՀՀ Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ բնապահպանության նախարարության համակարգում գտնվող «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած գործարքի հետևանքով «Նաիրիի բերրիություն» ՍՊԸ-ն մենաշնորհային դիրք է գրավել պետական բյուջեի միջոցներով և Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման նպատակով ձեռքբերված ֆիննական «Վաթերմաստեր կլասիկ 3» հատուկ էքսկավատորի շահագործման, ինչպես նաև Սևանա լճի մաքրման աշխատանքների կատարման նկատմամբ: Հենց այնպես, առանց կոռուպցիոն շահագրգռությա՞ն է մասնավոր այդ ընկերությանը մենաշնորհային դիրք գրավելու հնարավորություն տրվել:

ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) կատարած ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2008 թ. օգոստոսին ՀՀ 2009 թ. բյուջետային գործընթացի շրջանակներում «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտը ներկայացվել է խոշորացված ցուցանիշների հիման վրա, առանց նշելու մաքրման ենթակա որոշակի տարածքները: Սա սովորական թերացո՞ւմ է, թե՞ ունեցել է որոշակի միտում. հուսանք` նախաքննության մարմինը կպարզի: Ըստ ՎՊ-ի` Սևանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքների վերաբերյալ նյութերը գտնվում են քննչական վարույթում:

Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրեն` Վիկտոր Մարտիրոսյան) 28.07. 2010 թ. «Ակվամեկ» (Ֆինլանդիա) ընկերության հետ կնքել է պայմանագիր` 603000 եվրո արժողության «Վաթերմաստեր կլասիկ 3» էքսկավատոր ձեռքբերելու վերաբերյալ: Խոսքը ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ էքսկավատորի մասին է, որը գնվել է Սևանա լճի անտառտնկարկների մաքրման, մասնավորապես ջրի տակ մնացած ծառերի, թփերի, դրանց արմատների հեռացման նպատակով: ՀՀ ճշտված պետբյուջեով նախատեսված և կառավարության պահուստային ֆոնդից հատկացված ընդհանուր առմամբ 298690000 դրամն ուղղվել է ոչ միայն նշված էքսկավատորի ձեռքբերմանը, այլև Հայաստան տեղափոխելու ծախսերը ֆինանսավորելուն: ՎՊ-ն բացահայտել է, թե բնապահպանության նախարարության համակարգում գտնվող հիշյալ կազմակերպությունն ինչպես է ծախսել նշված գումարը:

«Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության որոշմամբ էքսկավատորի տեղափոխման ծառայության գնման նպատակով ունենալով 75-օրյա ժամանակահատված, ՎՊ-ի հավաստմամբ, բեռի փոխադրման գների մոնիթորինգ և փոխադրող կազմակերպություններից հարցումներ չի կատարել, մրցույթ չի հայտարարել (մեր կողմից հավելենք` պետբյուջեից աշխատավարձ ստացող իր համապատասխան աշխատակիցների միջոցով չի կազմակերպել էքսկավատորի տեղափոխումը), այլ անմիջապես, «մեկ անձից գնման» ընթացակարգով 27.08.2010 թ. կնքել է պայմանագիր «Նաիրիի բերրիություն» ՍՊԸ-ի հետ` բյուջեի կամ հարկատուներիս հաշվին ակնհայտորեն լավություն անելով մասնավոր ընկերությանը, ընդ որում` նաև հնարավորություն տալով վերջինիս ներկայացուցիչներին անվճար Ֆինլանդիա մեկնել-վերադառնալու, այնտեղ անվճար իջևանելու և սնվելու: Ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ... Մի՞թե այն, ինչ կատարվել է դրանից հետո, թեկուզ անուղղակիորեն չի տալիս այս հարցի պատասխանը:

Համաձայն հիշյալ պայմանագրի «տեխնիկական բնութագրի»` «Նաիրիի բերրիություն» ընկերությանը վերապահվել են ապրանքի որակի ստուգման, գործարանային փորձարկման և վրացական Փոթի նավահանգստից Երևան փոխադրելու աշխատանքները, որի համար հիմք ընդունելով ընկերության կողմից ներկայացված ծախսերի նախահաշիվը` պայմանագրային գին է սահմանվել 7,5 մլն դրամ, ընդ որում` նշված գումարից 6 մլն դրամը ձևակերպվել է որպես կանխավճար: Ընդգծենք, որ ապրանքի որակի ստուգման և գործարանային փորձարկման աշխատանքները հիշյալ ՍՊԸ-ից որևէ գումար չէին պահանջում, հետևաբար չէին կարող ընդգրկվել ծախսերի նախահաշվում: Ըստ ՎՊ-ի` պայմանագրով նախատեսվել է, որ ապրանքի որակի ստուգումն իրականացվում է գործարանում մինչև այն բեռնառաքելը, գնորդի ներկայացուցիչների կողմից: Ընդ որում, պայմանագրի համաձայն` գնորդի ներկայացուցիչների տրանսպորտային, բնակվելու և սննդի բոլոր ծախսերը վաճառողը պետք է կատարի իր հաշվին:

Տակն ի՞նչ է մնում` ապրանքը Փոթի նավահանգստից Երևան փոխադրելու աշխատանքների համար անհրաժեշտ ծա՞խսը: Սակայն համաձայն Արարատյան տարածաշրջանային մաքսատան 30.10.2010 թ. թիվ C34066 մաքսային հայտարարագրի` 23,6 տոննա ապրանքը Փոթի նավահանգստից Երևան տեղափոխելու ծախսերը կազմել են ընդամենը 1 430000 դրամ: Բնականաբար հարց է առաջանում, թե այդ դեպքում պայմանագրով ինչո՞ւ է 7500000 դրամ գումար սահմանվել, այսինքն` տեղափոխման ծախսից ավելի քան 6 մլն դրամով ավելի (պարտադի՞ր է, որ «Նաիրիի բերրիություն» ՍՊԸ-ն այդ գործարքից նման ահռելի գերշահույթ ստանար):

Պակաս հետաքրքիր չէ նաև, թե ՎՊ-ն այս ամենին ինչո՞ւ համապատասխան գնահատական չի տվել և «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ից կամ ՀՀ բնապահպանության նախարարությունից չի պահանջել գումարների ոչ նպատակային ծախսված մասը վերականգնել պետբյուջե: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության ուշադրությունը հրավիրում ենք ներկայացված փաստերի վրա, մանավանդ եթե նկատի ունենանք նաև հետևյալը. հիշյալ ՊՈԱԿ-ի և ֆիննական «Ակվամեկ» ընկերության միջև կնքված պայմանագրի 7.2 կետով սահմանվել է նաև «Ակվամեկ» ընկերության կողմից 7 աշխատանքային օրվա ընթացքում Երևան գործուղված ներկայացուցչի միջոցով գնորդի («Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի) անձնակազմի ուսուցումը և ապրանքի գործարկման ապահովումը, անխափան շահագործումը, որի համար ապրանքի գնի մեջ ներառվել է 9200 եվրո գումար: Սակայն գնորդի անձնակազմի փոխարեն որոշվել է ուսուցանել տեղափոխման ծառայություն մատուցած «Նաիրիի բերրիություն» ընկերության 4 աշխատակցի` համապատասխան դիպլոմների տրամադրմամբ, որով, ինչպես ՎՊ-ն է նշել իր ընթացիկ հաշվետվության մեջ, «ընկերությունը մենաշնորհային դիրք է գրավել պետական բյուջեի միջոցներով ձեռքբերված մեխանիզմի շահագործման, ինչպես նաև Սևանա լճի մաքրման աշխատանքների կատարման նկատմամբ»: Այս փաստի վրա հրավիրում ենք նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրությունը, իսկ ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՔԾ-ին և ԱԱԾ-ին հարցնում` մի՞թե այս ամենը չի հուշում կոռուպցիայի մասին:

Վերոնշյալ գործարքի, իհարկե, ոչ թե պետական և հանրային, այլ ոմանց մասնավոր շահերի համար նպաստավոր պտուղը չի ուշացել. ՀՀ բնապահպանության նախարարության և «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև 22.11.2010 թ. կնքվել է պայմանագիր` համաձայն որի վերջինս պետք է ներկրված «Վաթերմաստեր կլասիկ 3» էքսկավատորի կիրառմամբ իրականացներ «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայությունները»` 19978700 դրամ գումարով և 140,9 հա ծավալով: Սակայն, ՎՊ-ի հավաստմամբ, ՊՈԱԿ-ն իրեն վերապահված աշխատանքային ծավալները 100%-ով փոխանցել է «Նաիրիի բերրիություն» ընկերությանը` 23.11.2010 թ. կնքելով «Կապալային աշխատանքների կատարման պետական գնման» պայմանագիր` 19 593 290 դրամ գումարով, 140,9 հա տարածքում մաքրման աշխատանքներ կատարելու համար: Ահա այսպիսի «զարմանալի» բաներ են կատարվել Հայոց աշխարհում, ու սա դեռ ամբողջը չէ...

| Դիտում: 877 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.