Գլխավոր էջ » 2012»Փետրվար»14 » Չնայած ցուրտ եղանակին` Մաշտոցի այգու փրկության պայքարը թեժանում է
12:48
Չնայած ցուրտ եղանակին` Մաշտոցի այգու փրկության պայքարը թեժանում է
Արդեն մի քանի օր է, անտեսելով սաստիկ ցուրտը, բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում Մաշտոցի այգում` չթույլատրելով այգում շինարարություն իրականացնել: «Երևանի իշխանությունն առանց որևէ օրինական փաստաթղթի բետոնապատում է մեր քաղաքի վերջին հանրային այգին: Մի՞թե մենք չենք մեղավոր, որ ամեն անգամ լռում ենք: Այս քաղաքում այլևս թթվածին արտադրող այգի չի մնացել: …Միացեք մեզ` պահանջելու, որ դադարեցվեն այգում իրականացվող ապօրինի շինարարությունները, որ վերջապես այգիները բարեկարգվեն ոչ թե սրճարանների եւ խանութների հաշվին, այլ կանաչի ավելացման հաշվին»,- հասարակությանը կոչ են ուղղում ակտիվիստները:
Ներկայումս ակտիվիստների ջանքերի շնորհիվ այգում շինարարությունը դադարեցված է: Այգում այսօր` փետրվարի 13-ին մեկնարկել է լուսանկարիչ Հայկ Բիանջյանի ֆոտոցուցահանդեսը, որը ներկայացնում է հին Երևանի օրեցօր պակասող գեղեցիկ տեսարանները: Ակտիվիստները երեւանցիներին են բաժանում թռուցիկներ, անցկացվում է ստորագրահավաք, պլանավորվում են համերգներ:
Պայմանավորվածություն կա, որ փետրվարի 14-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կընդունի ակտիվիստներին` խնդիրը քննարկելու համար: Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, թե Աբովյանի տաղավարները տեղադրվում են ոչ կանաչ գոտու եւ ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին: Այս հաղորդագրությանը հետեւեց «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության եւ «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը, որը քաղաքապետարանի գործողությունները անօրինական որակեց: Ապա փետրվարի 11-ին «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ հղեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Երեւան քաղաքի կենտրոնում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում տասնամյակներ շարունակ տեղակայված է Գլխավոր պողոտան: Այն իրենից ներկայացնում է ուղղաձիգ եւ լայն, կանաչապատ հետիոտնային զբոսայգի, որն, ըստ Ալեքսանդր Թամանյանի մտահղացման, պետք է տարածվեր ներկայիս Սարյան փողոցից մինչեւ Խանջյան փողոց: Թեեւ պողոտայի գաղափարի իրագործումը մնաց անավարտ, սակայն Արմեն Զարյանի կողմից նախագծված եւ 70-ական թվականներին ստեղծված կանաչ գոտին միշտ աչքի է ընկել իր կանաչապատ տարածքներով եւ բազմաթիվ շատրվաններով, հանդիսանալով երեւանցիների կողմից սիրված զբոսավայրերից մեկը:
Գլխավոր պողոտայի զբոսայգին, շնորհիվ իր բացառիկ ինժեներական լուծումների եւ տարածաճարտարապետական պլանավորման, ուներ նաեւ իր ուրույն ոճը, որը բնորոշ է Եվրոպական լավագույն մայրաքաղաքների զբոսայգիներին: Բացի այդ, պողոտան, որպես ջրային մակերեսների եւ կանաչապատ զանգվածների տարածք քաղաքի անմիջապես կենտրոնում, ուներ մեծ ռեկրեացիոն նշանակություն` մաքրելով եւ մեղմացնելով օդը:
Երեւանցիների մի քանի սերնունդներ այստեղ՝ սոսիների շուքի եւ շատրվանների զովության ներքո անցկացնում էին իրենց հանգիստն ու ժամանցը:
Թեեւ այս ամենին, Անկախության նվաճումից ի վեր, Պողոտան, փաստիցս, մատնված է եղել անուշադրության՝ շատրվանները երկու տասնյակ տարի է, ինչ չեն գործում, տարածքը չի մաքրվում, ջրամատակարարման համակարգը չի գործում, կանաչապատ տարածքում կառուցվել են սրճարաններ, ծառերի մի մասը հատվել է կամ խնամքից զուրկ չորացել:
Տարիներ շարունակ դեռ հույս կար, որ մայրաքաղաքի տնտեսական վիճակի բարելավումից հետո քաղաքային իշխանությունները վերջապես ուշադրություն կդարձնեն այգու պահպանման հիմնախնդրի վրա, սակայն վերջին ամիսների իրողությունը ստիպում է համոզվել, որ Գլխավոր պողոտայի զբոսայգուն սպառնում է վերջնական ոչնչացման վտանգը:
Վերջին ժամանակներին Մաշտոցի պողոտա – Սարյան փողոցի միջեւ ընկած հատվածում՝ Արամի փողոցին հարող խոտածածկույթի եւ շատրվանների տարածքում կառուցվել է երթեւեկելի ճանապարհ, Մաշտոցի 15 շենքի դիմաց, շատրվանի փոխարեն՝ ավտոկայանատեղի:
Վերջապես, վերջին ամիսների ընթացքում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Եզնիկ Կողբացի փողոց հատվածում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այդ տարածքում արդեն ոչնչացվել են մի քանի շատրվաններ եւ նախկինում կանաչապատ հատվածում կառուցվում են առեւտրական կրպակներ:
Քաղաքապետարանի կայքում տեղակայված նախագծի լուսանկարից ակնհայտ է դառնում, որ, համաձայն նախագծի հեղինակների, այդ հատվածում շատրվանները ընդհանրապես կոչնչացվեն, իսկ կանաչ գոտու տարածքը ավելի քան կրկնակիորեն կնվազի, իր տեղը զիջելով ճանապարհներին, ավտոկայանատեղիներին եւ կրպակներին:
Ելնելով վերը նշված դիտողություններից եւ փաստերից, մենք՝ ստորեւ ստորագրած անձինք եւ կազմակերպությունները՝
1. Արտահայտում ենք մեր վրդովմունքը եւ անհամաձայնությունը Գլխավոր պողոտայի բարեկարգման ցուցանակի տակ իրականացվող պուրակի փաստացի ավերման դեմ:
2. Խնդրում ենք Ձեզ միջամտել ստեղծված իրավիճակին՝ զբոսայգու ավերումը դադարեցնելու համար:
3. Խնդրում ենք ստեղծել մասնագիտական հանձնաժողով եւ վերանայել Գլխավոր պողոտայի տարածքում կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքների նախագիծը, որի ներկայիս տարբերակի հետագա իրագործումը անվերականգնելի վնաս է հասցնում Երեւան քաղաքի կենտրոնի կանաչ դիմագծին:
4. ՀՀ գործող օրենսդությամբ սահմանված կարգի համաձայն, հարկ ենք համարում պահանջել Գլխավոր պողոտայի բոլոր վերակառուցման աշխատանքների վերաբերյալ պարտադիր հանրային լսումների անցկացումը:
5. Մինչեւ հարցի լուծումը, անհրաժեշտ ենք գտնում պահանջել դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները զբոսայգու տարածքում, իսկ վերակառուցման նոր ծրագրում նախատեսել ոչնչացված կանաչ տարածքների եւ շատրվանների վերականգնումը:
6. Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Հին Երեւան» նախագծի շրջանակներում մշակված պատմամշակութային արժեք ներկայացնող քանդված շինությունների՝ Արամի-Կողբացու-Բյուզանդ-Աբովյան հատվածում տեղակայելու նախագիծը վերջնականապես անիրագործելի կդարձնի Ալ. Թամանյանի կողմից նախատեսված Գլխավոր պողոտայի պուրակի հետագա շարունակությունը՝ մինչեւ Աբովյան փողոց: Դրական գնահատելով «Հին Երեւան» նախագծի գաղափարը, այնուամենայնիվ, ակնհայտ ենք համարում, որ այդ նախագծի իրագործումը վերոնշյալ տարածքում խեղաթյուրում է Ալ. Թամանյանի հատակագիծը եւ Գլխավոր պողոտայի գաղափարը, ուստի այդ տարածքում կապիտալ շինարարություն իրականացնելու հարցը նույնպես անթույլատրելի է լուծել առանց լայնածավալ մասնագիտական եւ հանրային քննարկումների»,- ասված է բաց նամակում: