ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ այս տարի արդեն 2-րդ անգամ ԵՊՀ-ում անցկացվեց հոգեբանական վերնիսաժ: Եվ եթե նախորդ տարի առանձին տաղավարներով ներկայացված էին միայն Ընդհանուր հոգեբանության ամբիոնի մասնագիտացումներն ու գործունեությունը, ապա այս տարի թե՛ ԵՊՀ-ն եւ թե՛ այլ կառույցներ ներկայացնող մեկ տասնյակից ավելի տաղավար կար:
Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը նշում է, որ վերնիսաժը հոգեբանության ոլորտում գործող կառույցների համար առողջ մրցակցության հարթակ է, հրաշալի հնարավորություն ներկայացնելու իրենց արտադրանքը:
Ամբիոնի վարիչը վերնիսաժի աշխարհագրության ընդլայնման ամենակարեւոր ձեռքբերումը համարում է համագործակցությունը, որն այս դեպքում ոչ միայն ներմասնագիտական է, այլեւ ապահովում է շահագրգիռ այլ կողմերի ակտիվ մասնակցությունը. «Շատ կարեւոր է, որ հոգեբանությանն առնչվող կրթական եւ փորձարարական այլ կենտրոններից զատ` մասնակցության հրավերին արձագանքել են նաեւ մեր արտադրանքի պոտենցիալ սպառողները»:
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ամբիոններից բացի` հոգեբանական վերնիսաժին մասնակցում էին նաեւ Հոգեկան առողջության եւ կրթության կենտրոնը, Հայաստանի հոգեբույժների ասոցիացիան, ԵՊՀ հետբուհական կրթության վարչությունը, «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությունը, Փորձաքննությունների ազգային բյուրոն: Համալսարաններից վերնիսաժին մասնակցելու հրավերն ընդունել էին Ռուս-հայկական (Սլավոնական), Հայկական բաց համալսարանները:
«Հոգեբանը PR գործունեությունում», «Կարիերայի աճի հոգեբանական կառուցում», «հոգեբանը անձի մասնագիտական կայացման գործընթացում», «Հոգեբանը եւ հասարակական ճգնաժամերը». այսօրինակ անուններով տեղավարներում մասնակիցներն այցելուներին իրենց գործունեությունը ներկայացնելու ամենատարբեր ձեւերն էին մտածել` նախապես նկարահանված տեսահոլովակների ցուցադրությունից ու տեղեկատվական թերթիկներ բաժանելուց մինչեւ տեղում հոգեբանական թեստ անցկացնելը:
«Շատ հետաքրքիր է ոչ միայն ներկայացվող տեղեկատվությունը, այլեւ մատուցման ձեւաչափը: Կարծես ժամանցային դաս լինի»,- ասում է ֆակուլտետի ուսանող Սոնա Մուրադյանն ու ավելացնում, որ ապագա մասնագետների համար վերնիսաժը ոչ միայն մասնագիտական կողմնորոշման միջոց է, այլեւ ժամանակն անցկացնելու հետաքրքիր ու արդյունավետ տարբերակ:
Իսկ կազմակերպիչները խոստանում են, որ հաջորդ տարվա վերնիսաժն էլ ավելի «թեժ» է լինելու: