Այսօր ԵՊՀ 3-րդ մասնաշենքի կոնֆերենց դահլիճում առաջին անգամ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ դիպլոմների հանձնման տոնական արարողություն: Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեց ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը, ով հանդես եկավ միջոցառման բացման խոսքով եւ նշեց, որ միջոցառման օրը պատահական չէ ընտրված` Սահմանադրության ընդունման հաջորդ օրը:
|
|
«Բոլորիդ շնորհավորում եմ ավարտելու կապակցությամբ, ցանկանում նույնատիպ հաջողություններ ոչ միայն հետագա կրթական գործունեության ընթացքում, այլեւ ընտանիքում, աշխատավայրում եւ ընկերության մեջ»,- դիմելով շրջանավարտներին` ասաց Ռոլանդ Ավագյանը:
Արարողությանը ներկա էին նաեւ ֆակուլտետի փոխդեկանը, ամբիոնների վարիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը: Մագիստրատուրայի շրջանավարտ Կարինե Մարգարյանը նշեց, որ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում մագիստրոսական ծրագրերը բավարար են գերազանց կրթություն ստանալու համար, իսկ դասախոսական անձնակազմն էլ ամեն կերպ փորձում է ուսանողներին դրդել ինքնուրույն աշխատանքի:
Ֆակուլտետի փոխդեկան Լեւոն Ասլանյանն էլ ուրախությամբ փաստեց, որ դիպլոմների հանձնման համար առանձին միջոցառում կազմակերպելու գաղափարը ծնվել է հենց ուսանողների շրջանում, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ դիպլոմի ստացումը շատ մեծ կարեւորություն է ներկայացնում շրջանավարտների համար:
«Հուսանք, որ առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառումը շարունակական բնույթ կկրի եւ ավելի հետաքրքիր կդառնա: Հետագա սերունդների հետ աշխատելիս մենք արդեն կիմանանք, թե ինչպես կարելի է գործել: Իսկ ավարտող սերնդին նախեւառաջ քաջառողջություն եմ մաղթում, ապա ցանկանում, որ իրենց հիմնական եկամուտը վաստակեն` աշխատելով իրենց ստացած մասնագիտությամբ»,- ավելացրեց Լեւոն Ասլանյանը:
Միջոցառման կազմակերպիչներից, բակալավրիատի շրջանավարտներ Հռիփսիմե Մկրտչյանն ու Անի Վարդանյանը նշեցին, որ ամեն տարի, տեսնելով, թե ֆակուլտետում ինչ անշուք է անցկացվում դիպլոմների հանձնումը, փորձեցին մի նորույթ մտցնել: Ուսանողներին օգնության հասան ֆակուլտետի ասպիրանտ Տիգրան Ադալյանը, մագիստրոս Քրիստինե Սահակյանը: Իրենց գաղափարը հայտնելով ֆակուլտետի դեկանին ու փոխդեկանին` ուսանողները միջոցառում անցկացնելու թույլտվություն ստացան:
|