Մինչ բուն արարողությանն անցնելը ԵՊՀ սեւ շենքի դահլիճում հավաքված հյուրերը, բակալավրիատի ու մագիստրատուրայի շրջանավարտները լսեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դասախոսությունը` «Գլոբալ տնտեսության եւ ՀՀ տնտեսական զարգացումները» թեմայով: |
|
Դասախոսության շրջանակներում վարչապետը խոսեց համաշխարհային տնտեսության եւ դրա` վերջին տարիներին կրած փոփոխությունների մասին` այդ ամենը դիտարկելով նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համատեքստում:
«Չնայած որոշ տհաճ անակնկալների (Ճապոնիայի երկրաշարժ, արաբական երկրների քաղաքական անկայունություն)` գլոբալ տնտեսության աճը դեռեւս զգալի է: 2010-2011 թթ-ին կա գլոբալ տնտեսական աճ, սակայն դա չի զուգորդվում աշխատատեղերի ստեղծմամբ, ավելի շատ արտահայտվում է արտադրողականությամբ: Գործազրկության խնդիրը առաջնահերթ է նաեւ Եվրոպայում»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Վերջին ժամանակաշրջանում արձանագրված գնաճն էլ պարոն Սարգսյանը բացատրեց այն հանգամանքով, որ արեւելյան երկրների քաղաքական ճգնաժամը ազդեց ապրանքային շուկաների վրա: Գյուղմթերքների եւ վառելիքի գինը համաշխարհային տնտեսությունում բարձրանում է, սակայն, վարչապետի հավաստմամբ, այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին սպասվում է գնանկում: Այդ գնանկումը կտարածվի նաեւ Հայաստանի վրա, քանի որ, ըստ հաշվարկների, մեր երկրում գնաճի 7%-ը պայմանավորված էր համաշխարհային ճգնաժամով:
Դասախոսությունից հետո վարչապետը պատասխանեց նաեւ աշխատաշուկայի ապագա տերերի` շրջանավարտների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մեր երկրի տնտեսական քաղաքականությանը:
«Այսօր ՀՀ-ի համախառն ներքին արդյունքի 5%-ը կազմում է ՏՏ ոլորտը: Ապագայում մենք պետք է անենք ամեն ինչ դա զարգացնելու համար»,- հայտարարեց վարչապետը եւ հավելեց, որ հիմնական ջանքերն ուղղվելու են գյուղատնտեսության, տուրիզմի գիտելիքահեն տնտեսության ուղղությամբ:
Երկրի տնտեսության զարգացման գործում նա կարեւորեց նաեւ բուհական համակարգի դերը: Բուհերը պետք է համագործակցեն տնտեսվարող սուբյեկտների հետ եւ Հայաստան բերեն նորարարական տնտեսությունը:
Առաջիկա ծրագրերի մեջ է մտնում նաեւ ԵՊՀ-ի` միջազգային հավատարմագրմանն անցնելու հարցը, որպեսզի հնարավոր լինի Հայաստանից գիտության «արտահանումը»:
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց շրջանավարտներին` հույս հայտնելով, որ այսօրվանից արդեն գործատուները նրանց կգտնեն: «Բուհի մասին պատկերացումները ձեւավորում են շրջանավարտները: Եթե համալսարանի շրջանավարտը զբաղեցնում է բարձր պաշտոն, ունի բարձր վարկանիշ, բարձրացնում է նաեւ բուհի հեղինակությունը»,- ասաց պարոն Սարգսյանը: Իսկ ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն էլ հիշեց գործատուներից մեկի բնորոշումը իրենց շրջանավարտների մասին` «Ձեր շրջանավարտները Ձեր քայլող գովազդն են»: Նշենք, որ հյուրերի թվում էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ինչպես նաեւ մի քանի խոշոր գործարարներ:
|