Հոկտեմբերի 5-ին Համազգային թատրոնի բեմում ԵՊՀ ուսանողներն էին:
Մայր բուհի 5-ամյա «Համալսարանական» թատրոն-ստուդիան արդեն չորրորդ անգամն է մասնակցում «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին: Այս անգամ «Համալսարանական» թատրոն-ստուդիան թատերասերների դատին հանձնեց Երվանդ Օտյանի «Ընկեր Բ Փանջունի» ներկայացումը, որի պրեմիերան կայացել էր այս տարի` մայիսի 3-ին:
Ներկայացումը խաղում էին երրորդ անգամ, սակայն դեռեւս պրեմիերայի ժամանակ ներկայացման բեմադրիչ, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը հույս էր հայտնել, որ այս ներկայացումը դեռ «գտնելու է իրեն» եւ դեռ երկար է լինելու բեմում: Ստեղծագործության ընտրությունը կատարվել է «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարինե Դավթյանի կողմից: Վերջինիս խոսքերի համաձայն, շատ ստեղծագործություններ կան, սակայն դրանց բեմադրության պահը պետք է հասունանա, ասելիք լինի, եւ ըստ նրա, այս ստեղծագործությունը բեմադրելու պահն արդեն հասունացել էր:
Պիեսի հեղինակ, գլխավոր դերակատար Արթուր Գեղամյանի վստահեցմամբ` Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» ստեղծագործությունը հիմա էլ արդիական է, ինքը պարզապես մի փոքր ավելի ժամանակակից տարրեր է մտցրել, մի քանի զուգահեռներ, որոնք հանդիսատեսն անպայման կնկատի:
Հանդիսատեսն իսկապես տպավորված էր հեռանում, քանի որ բեմադրությունը, այն թեման, որ արծարծվում է պիեսում, մերօրյա է, շատ արդիական, ներկայացման հերոսներից շատերն իրական են, ովքեր ապրում եւ գործում են մեր կողքին: «Շատ լավ էր կազմակերպված եւ բեմադրված, քանի որ իսկապես ժամանակի հետ էր քայլում, դերասաններն էլ էին շատ լավ խաղում` հաշվի առնելով այն, որ նրանք պրոֆեսիոնալներ չեն»,-նշեց 70-ամյա հանդիսատես Վերոնիկա Այվազյանը: Իսկ ընկեր Փանջունուն մարմնավորող Արթուր Գեղամյանի համակուրսեցի Գրիգոր Հայրապետյանի կարծիքով, ներկայացումն ստացված է, քանի որ դերասաններն իսկապես շատ էին աշխատել. «Եթե մենք հանգստանում էինք, ապա Արթուրն իր հանգստի հաշվին ներկայացման փորձերին էր մասնակցում, սակայն գնահատելի է այն, որ ներկայացումը երբեք չի խանգարել Արթուրի դասերին. նա կարողանում էր այդ ամենը համատեղել»:
«Համալսարանական» թատրոն-ստուդիան «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին առաջին անգամ մասնակցել է 2006 թվականին, որտեղ ներկայացվել են «Հե˜յ, ով կա»...պատասխանում է «Ջիմ Դենդին» (ըստ Վ. Սարոյանի) եւ «Քաջ Նազար» ներկայացումները: 2007–ին ներկայացրել է Ե. Չարենցի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Ես իմ անուշ Հայաստանի…» ներկայացումը, իսկ 2008-ին` Աղասի Այվազյանի «Ցուցակը» ներկայացումը:
«Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարինե Դավթյանի վստահեցմամբ` այս բոլոր տարիներին «Համալսարանական» թատրոն-ստուդիան իր բոլոր ներկայացումներով մասնակցել է «Հայֆեստ»-ի ֆրինջ ծրագրին, որտեղ ներկայացվում են այլընտրանքային ներկայացումները:
Հարկ է նշել նաեւ, որ առաջին իսկ տարին` «Հայֆեստ»-ին մասնակցելուց անմիջապես հետո, «Համալսարանական» թատրոն-ստուդիային առաջարկվել է ընդգրկվելու Եվրամիության արվեստների լիգայի (ELIA) կազմ, եւ այժմ այնտեղ Հայաստանը ներկայացնող միակ թատրոնը «Համալսարանական» թատրոն-ստուդիան է: