ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը Հայաստանում սկսել է դասընթացներ անցկացնել հանքարդյունաբերության ոլորտում աշխատող մասնավոր ընկերությունների աշխատակիցների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Նման դասընթացներ անցկացվել են պետական կառույցների ու հասարակական կազմակերպություների համար, բայց մասնավոր կառույցների դեպքում սա առաջին համագործակցությունն է:
|
|
«Առաջինն այդ դասընթացներն անցել են Կապանում՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության 10 աշխատակիցներ, քանի որ մեր կենտրոնում քննարկումներից մեկի ժամանակ, հենց նրանց աշխատողների հետ զրուցելով հասկացանք, որ նրանց սխալները հաճախ պայմանավորված են լինում իրավական գիտելիքների բացակայությամբ»,- ասում է Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Գոռ Մովսիսյանը:
Դասընթացների ժամանակ նրանք անդրադարձել են այն օրենքներին, որոնք գործնականում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս, այն դեպքում, երբ կան հստակ ու պարզ մեխանիզմներ:
«Թեմաներից մեկը բնապահպանական վերահսկողության իրականացումն է, իրենց հետաքրքրում էր օրինակ՝ տեսուչների դերը ու իրենց վերահսկողության դերը»,- նշում է Մովսիսյանը:
Նրա խոսքերով՝ շատ տարածված թերացում է շրջակա միջավայրի փորձաքննության եզրակացությունում ազդեցության գնահատականի բացակայությունը, այսինքն՝ հետագայում անիմաստ է լինում մասնավոր ընկերություններից պահանջել գործել այդ եզրակացության սահմաններում:
Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնն առաջիկայում պատրաստվում է համագործակցել նաև այլ կազմակերպությունների հետ՝ անցկացնելով նմանատիպ դասընթացներ:
|