Հայաստանում ուրանի հանքերի որոնումները շարունակվում են
Այդ մասին օրերս մի գրառում է հայտնվել, ուր տեղակայված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պարզաբանումը: ««Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները համապատասխանում էին երկրաբանական ուսումնասիրությունների դասական չափանիշներին, իսկ հորատման, երկրաֆիզիկական եւ երկրաբանական դաշտային աշխատանքները իրականացվում էին ժամանակակից սարքավորումներով եւ մեթոդներով, որոնք կիրառվում են նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ այլ զարգացած երկրներում...»:
Այս հայտարարությունը վարչապետի օգնականի էջում հայտնվել է այն բանից հետո, երբ «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջի պատի վրա հայտարարություն է զետեղել` ուրանի որոնումները դադարեցնելու պահանջով: Ա. Փարսադանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց նաեւ, որ ստեղծվել է աշխատանքային խումբ` հակաուրանային շարժումը կոորդինացնելու նպատակով: ««Հակաուրանյան շարժումը» Հայաստանում տարբերվում է մնացած քաղաքացիական, հասարակական, բնապահպանական շարժումներից: Մեր հարազատների ու սերունդների կյանքն ու առողջությունը անփոխարինելի են: Այլընտրանք չունեցող քաղաքացիները անկանխատեսելի են, խնդրում ենք մի ստիպեք մեզ դիմել ծայրահեղ քայլերի...»,- գրել է Ա. Փարսադանյանը վարչապետի ֆեյսբուքյան էջի պատում:
Պահանջում են ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ուրանի հանքի շահագործումը
Asekose.am
«Կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը կրկին բարձրաձայնել է Կապանի ուրանի հանքավայրերի շահագործման խնդիրը՝ հիշեցնելով դրա աղետալի հետևանքների մասին: Նախապես տեղեկացրել էինք, որ 300-ից ավելի քաղաքացիներ գրոհել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջը՝ թողնելով հետևյալ հաղորդագրությունը. «Ուրանի հանքի շահագործումը Հայաստանում ցեղասպանություն է խաղաղ պայմաններում: Մենք դեմ ենք Հայաստանում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը»:
«Կայուն զարգացում» հկ-ն կազմակերպել է ստորագրահավաք, որին մասնակցել է 13850 քաղաքացի: Ըստ կազմապերպության նախագահ Արմեն Փարսադանյանի՝ հարցվածների 99,5%-ը դեմ է արտահայտվել հանքերի շահագործմանը: «Եթե ուզում ենք ապրել ժողովրդավարական և իրավական պետությունում, պիտի հաշվի նստենք քաղաքացիների 99,5%-ի կարծիքի հետ: Մենք պահանջում ենք դադարեցնել բուն հետախուզական աշխատանքները»,- asekose.am-ի հետ զրույցում նշել է Փարսադանյանը:
Օրեր առաջ Կապանում այս խնդրի շուրջ նաև կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել, որի ընթացքում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հանքավայրի շահագործման դեմ պայքարի ռազմավարությունը մշակելու համար: Ներկայումս խումբը աշխատանքներ է տանում ուսանողության շրջանում:
Ֆեյսբուքյան իր էջում վարչապետը անուղղակիորեն արձագանքել է այս խնդրին. Varchapetifbognakan Pmfbaide օգտատերը Տիգրան Սարգսյանի էջում տեղադրել է Ուրանի հանքի շահագործման մասին ՀՀ էներգետիկայի նախարարության պարզաբանումը, որը, սակայն, շայհագործման դեմ պայքարողների կարծիքով, ուղղակիորեն չի առնչվում իրենց պահանջի հետ: Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.
«Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն ՀՀ Սյունիքի մարզում իրականացնում է երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներ` ուրանի հանքաքարի հայտնաբերման նպատակով: Նշված աշխատանքներն իրականացվում են համաձայն «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի երկրաբանահետախուզական աշխատանքների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծի, որը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության և ստացել դրական եզրակացություն:
«Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները համապատասխանում էին երկրաբանական ուսումնասիրությունների դասական չափանիշներին, իսկ հորատման, երկրաֆիզիկական և երկրաբանական դաշտային աշխատանքները իրականացվում էին ժամանակակից սարքավորումներով և մեթոդներով, որոնք կիրառվում են նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ զարգացած երկրներում:
Ինչ վերաբերվում է ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներին, ապա դրանք ավարտվել են և ըստ կատարված երկրաբանական և լաբորատոր աշխատանքների տվյալների` նշված տարածքում ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել և չեն հաստատվել ուրանի հանքաքարի պաշարներ: Այսինքն "հանքավայր”, որպես այդպիսին, գոյություն չունի, հետևաբար դրա շահագործման մասին խոսելն անհիմն է:
Հարկ է նշել, որ 2011թ. ընթացքում ՀՌԼԿ ՓԲԸ-ի կողմից երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները իրականացվում են այլ անոմալիաների և ուրանի երևակումների շրջակայքում (Լեռնաձոր բնակավայրից մոտ 1կմ հեռավորության վրա), իսկ կատարված դաշտային, լաբորատոր և աշխատանոցային աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը Լիազոր մարմնին կտրամադրվի դրանք ամփոփելուց հետո:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով ռադիոակտիվ հումքի արդյունահանման ժամանակ բնապահպանականն և բնակչության անվտանգությանը ներկայացվող առանձնահատուկ պահանջները` ՀՀ Ընդերքի մասին նոր օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված է ռադիոակտիվ հումքի արդյունահանման առանձնահատկությունները սահմանել առանձին օրենքով: