Գլխավոր էջ » 2011»Ապրիլ»26 » «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՎԵՀ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է»
19:00
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՎԵՀ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է»
2011 թվականի գարնանային զորակոչից առաջ Պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի բոլոր բուհերի բակալավրիատի եւ մագիստրատուրայի վերջին կուրսերի ուսանողներին ներկայացվում է համագործակցության բոլորովին նոր առաջարկ: Ըստ այդ առաջարկի` զորակոչային տարիքի ուսանողները, երկու տարվա պարտադիր ժամկետային զինծառայության փոխարեն, կարող են մեկ տարի սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում եւ ստանալով լեյտենանտի զինվորական կոչում ու հինգ տարվա պայմանագիր կնքելով` արդեն որպես դասակի հրամանատար ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում:
Հինգ տարի ուսանողներին պայմանագրային հիմունքներով ծառայելու հնարավորություն կտրվի, որից հետո նրանք երեք կամ հինգ տարով կրկին կարող են երկարաձգել պայմանագիրը` մինչեւ 20 տարի ծառայելով զինված ուժերում: Պայմանագրային զինծառայողները կստանան համապատասխան աշխատավարձ, նրանց կտրամադրվեն ծառայողական բնակարաններ, կօգտվեն զինծառայողներին մատուցվող անվճար բուժսպասարկումից: Ռազմական ինստիտուտում ուսանելիս էլ ուսանողները կապահովվեն հանրակացարանային սենյակներով, կրթաթոշակով եւ սննդով: Գերազանց առաջադիմությամբ սովորողները նաեւ կստանան ազատ ելքի իրավունք, այսինքն` դասերից եւ պարապմունքներից հետո կարող են տուն գնալ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանի համաձայն` ստեղծվել է այս ամբողջ ծրագիրը ղեկավարող հանձնաժողով, որի նախագահն է պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Ծրագրի պատասխանատու, ՊՆ կադրերի եւ ՌՈԻՀ վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդուարդ Ոսկանյանն ուսանողներին ներկայացրեց ծրագրի մանրամասները: Ըստ այդմ` այս տարի ընդունելություն կկատարվի երեք մասնագիտություններով` մոտոհրաձիգներ, հրետանավորներ եւ թիկունքի ծառայության գծով սպաներ:
Այնուհետեւ իր 30-ամյա աշխատանքային փորձը ներկայացնելով ուսանողներին` գնդապետ Ոսկանյանը վստահեցրեց, որ չնայած ծառայության ընթացքում ունեցած դժվարություններին` երբեւէ չի զղջացել իր ընտրության համար. «Պետք է իմանալ, որ միանգամից ու հեշտությամբ գնդապետի կամ գեներալի կոչում չեն ստանում, նախ սկսում են ամենացածր կոչումից: Ցանկացած զինվորական պատասխանատվության իր չափաբաժինն ունի. զինված ուժերում շատ կոնկրետ է դրված այդ հարցը, այսինքն` ինչքան էլ ենթականեր ունենաս, միեւնույնն է, ղեկավար էլ ունես, եւ հստակ են զինծառայողի ղեկավարության ու ենթակայության աստիճանները»:
Իսկ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի առաջին տեղակալ, գնդապետ Աբրահամյանի խոսքերով` ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ քաղաքացիական բուհերից են զինծառայողներ ներգրավվում. «Մեր ինստիտուտում մեկ տեղի համար սովորաբար երեք դիմորդ է պայքարում, ու այնպես չէ, որ մենք դիմորդներ չունենք, պարզապես նպատակահարմար է, որ բազմակողմանի զարգացած, կոնկրետ մասնագիտություն ունեցող տղաները եւս ընդգրկվեն բանակաշինության գործում: Բանակի որակի բարելավման խնդիր կա, որը պետք է արվի մեր բուհերի որակյալ կադրերի օգնությամբ»:
Նշենք նաեւ, որ ԵՊՀ զորակոչային տարիքի ուսանող տղաները ցանկության դեպքում կարող են դիմել ԵՊՀ ուսանողական խորհուրդ կամ իրենց տարածքային զինկոմիսարիատ: