«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող անտառահատումներով հասցվող վնասի հատուցման ծրագրի շրջանակներում հայտարարվել է մրցույթ: Մրցույթն անց է կացվելու մեկ լոտով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում 315 հա տարածքում նախագծի համաձայն անտառապատում իրականացնող կազմակերպություն ընտրելու նպատակով: Մրցույթին մասնակցելու պայմանների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքից (http://www.teghout.am/am/news/34.htm):
Հիշեցնենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն մշակել և ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ համաձայնեցրել է անտառապատման ծրագիր (http://www.teghout.am/images/forestation_program.pdf), որով նախատեսվում է անտառապատման աշխատանքների իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա 357 հա անտառի կրկնակի գումարային մակերեսով` 714 հա տարածքներում: Ընդ որում, ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել այդ տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար` մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այդ տարածքները տեղափոխել անտառի կատեգորիա:
Անցած ժամանակահատվածում իրականացվել է անտառահատում շուրջ 75 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն, Արջուտ համայնքների վարչական սահմաններում գտնվող շուրջ 220 հա գումարային մակերեսով տարածքներում:
Ընկերության նախաձեռնությամբ և միջոցներով ծառատունկեր իրականացվել են նաև հասարակական կարգով:
|