Կիրակի, 22.12.2024, 16:45

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 20 » ՀԷԿ-ը Թռչկանի ջրվեժին չի խանգարում. բնապահպանության նախարար
19:46
ՀԷԿ-ը Թռչկանի ջրվեժին չի խանգարում. բնապահպանության նախարար
Այն շինարարական աշխատանքները, որ իրականացվում եւ իրականացվելու են Թռչկանի ջրվեժի մոտ, որեւէ կերպ չեն խանգարում Թռչկանի ջրվեժի բնականոն գործունեությանը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նրա խոսքով` կառուցվող փոքր ՀԷԿ-ի շահագործման ընթացքում կկիրառվեն մի շարք սահմանափակումներ: 

  Մասնավորապես` ամառային ամիսներին ՀԷԿ-ը չի շահագործվի, իսկ մյուս ամիսներին ջուր կվերցվի միայն այն դեպքում, երբ հոսքը գերազանցի 400-500 լիտր/վայրկյանը:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը բնապահպանության նախարարից խնդրեց սույն սահմանափակումների վերաբերյալ պայմանավորվածությունները գրավոր ներկայացնել հանձնաժողովին, որն էլ տրամադրում է լիցենզիան: Ըստ Ռ. Նազարյանի` եթե սույն սահմանափակումները չներառվեն լիցենզիայի պայմանագրում, ապա հնարավոր չի լինի վերահսկել դրանց իրականացումը:

Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժը գտնվում է Չիչխան գետի վրա, Շիրակի եւ Լոռիի մարզերի սահմանին: «Ռոբշին» ՍՊԸ-ն լիցենզիա է ստացել գետի վրա 1050 կՎտ դրվածքային հզորությամբ հէկ կառուցելու համար:

Բնապահպանները գտնում են, որ ՀԷԿ-ի կառուցումը կփոխի գետի հունը եւ զգալի վնաս կհասցնի ջրվեժին եւ տարածքի կենսաբազմազանությանը:

Բնապահպանները պահանջում են դադարեցնել Թռչկանի վրա ՀԷԿ-ի շինարարությունը
Կարլեն Ասլանյան, www.azatutyun.am


«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը երկուշաբթի դիմում է ներկայացրել բնապահպանության նախարարություն` պահանջելով անհապաղ դադարեցնել փոքր ՀԷԿ-ի շինարարությունը Հայաստանի ամենաբարձր եւ ամենաջրառատ ջրվեժի տարածքում, որը բնության հատուկ պահպանվող տարածք է ճանաչվել:

Նախաձեռնության ակտիվիստ Արմեն Վերմիշյանի խոսքով` որեւէ նշանակություն չունի, թե ՀԷԿ-ը ինչ քանակությամբ է ջուր վերցնելու ջրվեժից, քանի որ բոլոր դեպքերում վնասվելու է բնության այդ հուշարձանի բնական բաղադրիչը` ջուրը:

«Մենք ներկայացրել ենք օրենքի այն կետերը, որոնք խախտվել են բնապահպանության նախարարության կողմից, մասնավորապես, [բնապահպանական] փորձաքննության կողմից, տրված են իրավական ակտերը, որոնց հիման վրա այդ խախտումները իրականցվել են: Մենք պահանջում են, որ չեղյալ հայտարարվի տվյալ փորձաքննական եզրակացությունը եւ վերանայվի այս աբսուրդ ծրագիրը», - երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վերմիշյանը:

Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակից Հարություն Հարությունյանի փոխանցմամբ` նախարարության տված ջրօգտագործման թույլտվությունը նախնական է: Ինչ վերաբերում է «Ռոբշին» ընկերությանը տված ՀԷԿ կառուցելու թույլտվությանը, ապա Հարությունյանի խոսքով, դա միայն Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի ավագանու որոշմամբ է եղել:

«Հիմա ստացվել է, որ մի կողմից կա բնության հատուկ պահպանվող տարածք, մյուս կողմից` գործարար, որը ունի բոլոր օրինական փաստաթղթերը եւ ուզում է շինարարությունը իրագործի: Բնապահպանության նախարարության նպատակն է չկպնել Թռչկանի ջրվեժի արժանիքներին, միեւնույն ժամանակ մենք մտածում ենք, թե ինչպես կարելի է այդ վնասները հասցնել մինիմալի», - ասաց Հարությունյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը հակադարձում է, թե առանց բնապահպանության նախարարության փորձաքննության չէր կարող տարածքում շինարարություն սկսվել:
Նախարարության պաշտոնյան ընդունում է, որ առանց փորձաքննության դա իսկապես հնարավոր չէր:

Հարությունյանի այն դիտարկմանը, որ բնապահպանները, հասարակական կառույցները պետք է վերահսկողություն իրականացնեն, թե ինչքան ջուր է բաց թողնվելու ջրվեժից, Կարինե Դանիելյանն արձագանքում է. - «Հյուսիսային պողոտայի դեպքում կառավարության որոշում կար, որ [շենքերը] պիտի Օպերայից բարձր չլինեին: Կռվել ենք, վիճել են, մամուլի ասուլիս ենք տվել, թերթերին ենք դիմել, մինչեւ 14-15 հարկ կառուցեցին: Ո՞րն է մեր վերահսկողությունը: Անհույս բան է դա»:

Կարինե Դանիելյանն ասում է, թե հավատում է, որ հիմա նախարարությունը ուզում է փրկել ջրվեժը, բայց հարց է` ինչպես:

«Հինգ այդպիսի ջրվեժ կարող ենք թվարկել, որոնցից մեկը` Շաքին արդեն կռանում է: Ուսանող ենք տանում Շաքիի ջրվեժը ցույց տալու, փող պիտի տանք, որ ՀԷԿ-ի տերը կուզենա կբացի, չի ուզենա` չի բացի: Տուրիզմ ենք զարգացնում… անհնար բան է դա այս ճանապարհով: Փոխհատուցում պիտի տրվի այդ մարդուն, կամ բարի կամք պիտի դրսեւորի եւ ջրվեժին ձեռք չտա», - ասաց Դանիելյանը:

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ ակտիվիստի` Լեւոն Գալստյանի խոսքով` բնապահպանները չպետք է խաբվեն պաշտոնյաների բանավոր խոստումներով` լինի դա բնապահպանության նախարարը, թե` վարչապետը:

«Հայաստանում գրավոր օրենքներին են խախտվում, ուր մնաց բանավոր ասածի վրա հիմնվենք: Վարար սեզոնին Թռչկանում վայրկյանում մոտ 3 տոննա ջուր է հոսում, իհարկե, դրանից կարելի է 200 լիտրը թողնել Թռչկանին, մնացածը օգտագործել ՀԷԿ-ի համար: Այսօրվա փաստաթղթերով դա է, ուրիշ թիվ չկա», - հայտարարեց Գալստյանը:

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը խոստանում է գտնել խնդրի լուծման ոսկե միջին տարբերակը ու միաժամանակ ավելացնում, որ կախարդական փայտիկ նախարարությունում չկա: Ի դեպ, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակից Հարություն Հարությունյանը ընդունում է իր գերատեսչության մեղքի բաժինը:

«Դա անկախ նախարարությունից է ստացվել, նախարարությունը այդ մտադրությունը չի ունեցել, դե, հիմա ստացվել է, որ նախարարությունը այդ թույլտվությունը տվել է, հասկացանք… հիմա նախարարության միակ նպատակն այն է, որ ձեզ հետ միասին մի ճիշտ ելք գտնենք, սխալ է եղել, ինչ է եղել, արդեն անցած էտապում է», - ասաց Հարությունյանը:

ՀԿ-ների ղեկավարները վարչապետից պահանջում են դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը Թռչկանի ջրվեժի տարածքում
News.am


Բնապահպանները եւ մի շարք հասարակական կազմակերպություններ շարունակում են բնապահպանության նախարարությունից պահանջել դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը Թռչկանի ջրվեժի տարածքում: Բնապահապանների կարծիքով, ՀԷԿ-ի կառուցումը կվնասի բնության այդ հուշարձանի բաղադրիչ մասը` ջուրը:

Ինչպես NEWS am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Գեոֆոն» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Մարտիրոսյանը՝ տարածքում ՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը Բնապահպանության նախարարությունը ստացել է անօրինական ճանապարհով, այսինքն ըստ բնապահպանի, միայն համայնքի ղեկավարի թույլտվություն ստանալը բավարար հիմք չպետք է հանդիսանար ջրվեժի տարածքում շինարարություն սկսելու համար:

Թռչկանի ջրվեժի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու նախարարության թույլտվությունն անօրինական համարող բնապահպանները դիմում են հասցեագրել բնապահպանության նախարարին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել փոքր ՀԷԿ-ի շինարարությունը Հայաստանի ամենաբարձր եւ ջրառատ ջրվեժի տարածքում, որը բնության հատուկ պահպանվող տարածք է ճանաչվել:

«Ռոբշին» ՍՊԸ-ն, որն ստացել է համապատասխան լիցենզիան, ջրվեժի տարածքում արդեն սկսել է շինարարական աշխատանքները: Իսկ բնապահպանները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցման արդյունքում գետի հունը կփոխվի եւ զգալի վնաս կհասցվի ջրվեժին ու տարածքի կենսաբազմազանությանը:

Գյումրիում գործող «Օրհուս» բնապահպանական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ ինքը զարմացած է ստեղծված իրավիճակով. «Զարմացած եմ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի կառավարության ցուցաբերած անտարբերությամբ, հատկապես այն պարագայում, երբ մշտապես խոսվում է Հայաստանոմ զբոսաշրջությունը զարգացնելու մասին, միեւնույն ժամանակ ոչնչացվում են այն վայրերը, որոնք գրավում են օտարերկրացիներին»,-ասել է «Օրհուս»-ի ղեկավարը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ բնապահպանները նաեւ կառավարության շենքի դիմաց էին բողոքի ակցիա կազմակերպել: «Գեոֆոն» ՀԿ նախագահ Լեոն Մարտիրոսյանի խոսքով, զարմանալին այն է, որ ԲՆ-ի համար հիմք հանդիսացել է միայն համայնքի բնակիչներից մի քանիսի թույլտվությունը:

Ջրվեժի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվությունն անօրինական համարող մի շարք հասարակական կազակերպությունների անդամներ այժմ սկսել են ակտիվ քննարկում իրականացնել նաեւ սոցիալական ցանցերում, մասնավորապես Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խորագրով էջ, որտեղ անդամները եւ խնդրով մտահոգ քաղաքացիները կառավարության եւ բնապահպանության նախարարության ուշադրությունն են հրավիրում այն հարցի վերաբերյալ, որ շինարարության մեկնարկը անօրինական է:

Բնապահապանները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բաց նամակով դիմել են նաեւ վարչապետին եւ համապատասխան նախարարությանը, հիշեցնելով, որ թռչկանի ջրվեժը ներառվել է հանրապետության բնության հուշարձանների ցանկում, եւ ըստ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի՝ նման վայրերում արգելվում է շինաշխատանքներ իրականացնելը: Հիմա սպասում են նամակի պատասխանին:

| Դիտում: 877 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.