ԿԻՐԱՌԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական նոր ծրագրի շնորհանդեսը: Ելույթներ ունեցան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարան (ՀՊԱՀ) ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: «TEMPUS» գրասենյակի հայաստանյան համակարգող Լանա Կարլովան հանդես եկավ ««Տեմպուս» ծրագրի կարեւորությունը կրթական համակարգի զարգացման համար» զեկույցով: Զեկույցներով հանդես եկան նաեւ ԵՊՀ-ՀՊԱՀ ծրագրերի համակարգողներ Նելլի Հովհաննիսյանը եւ Հովիկ Սայադյանը:
«TEMPUS MPAB» (MAster Program in Applied Biosiences) ծրագրի շրջանակներում եվրոպական եւ վրացական համալսարանների հետ համատեղ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանում մշակվել է «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը:
Ծրագիրը կազմված է հիմնական` պարտադիր, եւ կամընտրական մոդուլներից ու պատրաստում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ հետեւյալ չորս ուղղություններով` առողջապահական, գյուղատնտեսական, բնապահպանական եւ սննդի կենսատեխնոլոգիաներ: Ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք կբերեն եւ կկատարելագործեն իրենց գործնական հմտությունները արդի սարքավորումներով հագեցած գիտական լաբորատորիաներում, կօգտվեն զուգակցված ուսուցման հնարավորություններից, որոնք միավորում են ավանդական եւ արդի կրթության լավագույն որակները:
Ուսանողներին կտրամադրվեն ժամանակակից գրականություն եւ էլեկտրոնային միջոցներ: ԵՊՀ եւ ՀՊԱՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկան, ավարտական թեզը իրականացնել ինչպես տեղում, այնպես էլ գործընկեր կազմակերպություններում` ըստ մասնագիտացումների: Բարձր ակադեմիական առաջադիմությամբ սովորողները եվրոպական գործընկեր համալսարաններից մեկում մեկ կիսամյակ ուսանելու հնարավորություն կունենան:
Ծրագիրն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետները կարող են աշխատանք գտնել պետական եւ ոչ պետական կազմակերպություններում, էկոլոգիական մոնիթորինգի կենտրոններում, ագրոարդյունաբերական, սննդի արտադրության ընկերություններում, գիտական ինստիտուտներում, կլինիկական ախտորոշիչ կենտրոններում, դեղագործական կամ դեղաբանական ինստիտուտներում եւ այլն:
Մագիստրոսական ծրագրում ներգրավվել կարող են համապատասխան մասնագիտական բակալավրի աստիճան ունեցող ուսանողները, ովքեր հետագայում կարող են դիմել նաեւ ասպիրանտուրայում սովորելու համար:
Միջոցառման ընթացքում ակադեմիական համագործակցության եւ կրեդիտների փոխճանաչման համաձայնագիր ստորագրվեց Երեւանի պետական եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանների միջեւ: