Մայիսի 27-ին «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ համալսարանականները հանդիպեցին Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հետ: Միջոցառումը նվիրված էր մայիսյան հաղթանակներին եւ Կոմանդոսի ծննդյան տարեդարձին:
Բացման խոսքով հանդես եկավ բանախոս Աննա Բախշյանը, ով նշեց, որ այսպիսի հանդիպումներում կարեւոր է մտերմիկ զրույցի առկայությունը: Ելույթ ունեցավ նաեւ բանախոս Սերգուշ Բաբայանը, ով խորին շնորհակալություն հայտնելով Արկադի Տեր-Թադեւոսյանին հայրենանվեր աշխատանքի համար, մեջբերեց Մոնթեի` Կոմանդոսին նվիրված խոսքերը, ասմունքեց Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքից երեք բանաստեղծություններ, հատվածներ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպից` որպես պետության ամենամեծ արժեք բնորոշելով պետականության ձեռքբերումը:
Իրենց կատարումներով Կոմանդոսին շնորհավորելու էին եկել երգիչներ Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Գրիգոր Համբարյանը, Արսեն Համբարյանը: Հնչեցին «Քելե լաո», «Մահ ոսոխին», «Կոմանդոս», «Ձայն մը հնչեց», «Նժդեհ» ռազմահայրենասիրական երգերը, որոնք մեծ ոգեւորություն առաջացրին դահլիճում:
Հանդիպմանը ներկա էր նաեւ զոհված ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) մայրը` տիկին Զարիկը, ով դժգոհություն հայտնեց արդի հայ պատմաբանների ապազգային աշխատանքից` դրանք որակելով կեղծ եւ ոչ բնորոշ հաղթող պետությանը: Նա Կոմանդոսին խնդրեց գրիչ վերցնել եւ պայքարել պատմական այդպիսի կեղծիքների դեմ եւ հավելեց, որ այսօր, ցավոք, չկան գրական-գեղարվեստական այնպիսի ստեղծագործություններ, որոնք կամբողջացնեն Արցախյան հերոսներին: Տիկին Զարիկի խոսքերի հետ համաձայն չէր գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը: Նա ներկաներին կոչ արեց մտածել ոչ միայն Արցախի ու նրա վերջնական ազատագրման, այլեւ պատմական Հայաստանը վերադարձնելու մասին:
Իսկ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (տիկին Մոռոզը) նշեց, որ Կոմանդոսի գործը դեռեւս անգնահատելի է եւ նրան խնդրեց ամեն ջանք ձեռնարկել հայկական բանակում ներկայումս տիրող կամայականությունների վերացման ուղղությամբ:
Հանդիպման վերջում ներկաները երգեցին «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի հիմնը: Ծննդյան տարեդարձի կապակցությամբ վարդանանքցիները Կոմանդոսին նվիրեցին մեծ կտավ, իսկ «Կարին» ազգագրական համույթի ղեկավար, ազգագրագետ Գագիկ Գինոսյանն էլ իր փոքրիկ նվերը հանձնելիս հույս հայտնեց, որ նմանաբնույթ հանդիպումներն այսուհետ կավելանան: