Դեռ նախորդ հանդիպման ժամանակ, երբ վարչապետը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հատկացված կրթաթոշակները հանձնեց ուսանողներին, նրանք պայմանավորվել էին հանդիպել ու միասին քննարկել կրթական ոլորտի կոռուպցիային վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպման սկզբում վարչապետը նշեց, որ այն իր համար կարեւոր է այնքանով, որ ուզում է` ուսանողները տեսնեն, թե ինչ վերաբերմունք ունի ինքը նրանց հուզող խնդիրների նկատմամբ:
Նախ պարոն Սարգսյանը բուն թեմային անցնելուց առաջ առանձնացրեց մի քանի կետեր, որոնք կարեւոր են այսպիսի խնդիրներ բարձրացնելիս: Ցանկացած խնդիր լուծելու համար պետք է այն ճիշտ ձեւակերպել, որպեսզի հնարավոր լինի գտնել լուծման մեթոդները: Իսկ ուսանողները` որպես գիտութամբ զբաղվող անձինք, պետք է այսօրվանից խնդիրը ձեւակերպելու հմտություններ ձեռք բերեն: Մտածող մարդիկ պետք է աշխարհի մասին ամբողջական պատկերացում ունենան: Իսկ մյուս կետն այն է, որ կոռուպցիան պետք է դիտարկել այդ ամբողջականության մեջ, այսինքն` դրան մոտենալ բազմակողմանիորեն:
«Եթե այսօր կարողանանք հասկանալ, թե ինչ արժեհամակարգ ունի այս լսարանը, եւ ինչ մտածողություն է իշխում, կհասկանանք, թե ինչպիսին է լինելու Հայաստանը վաղը»,- կարծում է ՀՀ վարչապետը. ուստի նա նախընտրեց լսել ուսանողներին:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը ներկայացրեց, թե իրենց կարծիքով հատկապես որտեղ է մեծ կոռուպցիայի վտանգը: Նրա պնդմամբ` դրանք են ընդունելությունը, ֆակուլտետներում հանդիպող հովանավորչությունը, բուհի տնտեսական գործունեության ոլորտը (գնումներ, շինարարություն եւ այլն): Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը բուհի կադրային ճիշտ քաղաքականությունն է:
Որպեսզի քննարկումն ավելի արդյունավետ լինի եւ ոչ պաշտոնական մթնոլորտում, վարչապետն առաջարկեց միասին գտնել ուսանողների հարցերի պատասխանները` հաճախ հենց նրանց հարցեր ուղղելով: Եվ սկսեցին նրանից, թե ինչ է քաղաքացիական կամքը, որի դրսեւորման դեպքում հնարավոր կլինի պայքարել այդ երեւույթի դեմ:
«Եթե դու չես կարողանում համոզել նույնիսկ քո ընկերոջը, ուրեմն համոզմունքների խնդիր կա: Եվ մինչ այդ համոզմունքները կդառնան քաղաքացիական կամքի դրսեւորում, պետք է անցնեն փորձարկում քո շրջապատում»,- ուսանողներին խորհուրդ է տալիս վարչապետը:
Զրույցը ներառեց նաեւ հասարակության մեջ արժեհամակարգ ձեւավորելու հարցը, որի մասնակիցը պետք է լինեն ինչպես ՀՀ Կառավարությունը, այնպես էլ այդ հարցով շահագրգիռ ցանկացած քաղաքացի, այդ թվում նաեւ` ուսանողները:
Սակայն հարցերը միայն կոռուպցիային չէին վերաբերում: ԵՊՀ ուսանողները եւս մեկ անգամ բարձրացրին մայիսի 16-ը ՀՀ-ում ուսանողության օր հռչակելու հարցը, որին ի պատասխան` պարոն Սարգսյանը նշեց, որ եթե բոլոր բուհերի ներկայացուցիչները համաձայնության գան, իրենք անպայման կաջակցեն:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ, կիսելով ուսանողների մտահոգությունը, նշեց, որ մեր ամենաթույլ կողմերից մեկը գործնական պարապմունքների, պրակտիկայի պակասն է. «Մայիսի 17-ին մենք նախարարությունում ռեկտորների հետ երկու խնդիր ենք քննարկելու` մագիստրատուրայում բակալավրիատի ծրագրերի կրկնությունը եւ պրակտիկան, որը պետք է կազմակերպել Հայաստանում»:
Վարչապետն անդրադարձավ նաեւ աշխատաշուկայում ամենամրցունակ մասնագետների եւ նրանց պատրաստող բուհերի հարցին: Ըստ այդմ` ամենաորակյալ մասնագետների պատրաստման սանդղակում առաջինը ԵՊՀ-ն է, այնուհետեւ բարձր վարկանիշ ունեցող 5-6 պետական բուհեր, ինչպես նաեւ Հայաստանում ֆրանսիական եւ Հայաստանի ամերիկյան համալսարանները: