ԵՊՀ գիտխորհուրդը կանոնակարգում փոփոխություններ անելու որոշումը հետաձգեց: Ընթացիկ հարցերի շարքում այսօր քննարկվեց նաեւ «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգում փոփոխություններ կատարելու հարցը: Ուսանողական խորհրդի եւ Կանոնակարգային հանձնաժողովի անդամների առաջարկությունների հիման վրա մշակվել էր կանոնակարգի նոր նախագիծ:
«Այս փաստաթղթի վերանայման նպատակն էր ընդլայնել մրցույթում ուսանողների մասնակցության հնարավորությունները, այն դարձնել բաց, հնարավորինս նվազեցնել սուբյեկտիվ դրսեւորումներն ու ավելի կանոնակարգված դարձնել հաղթողի ընտրության ընթացակարգը, ներդնել հայտերի ներկայացման առցանց համակարգ, բարձրացնել թափանցիկությունը եւ ապահովել հրապարակային կողմը»,- փոփոխությունները պարզաբանեց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Նոր փաստաթղթում ներմուծվել էր ինքնաառաջադրման սկզբունքը: Եթե նախկինում ֆակուլտետային խորհուրդն էր առաջադրում երեք հավակնորդներին, ապա այժմ ուսանողներն իրենք կարող են առաջադրվել, իսկ նրանց ներկայացրած փաստաթղթերի հիման վրա ֆակուլտետի խորհուրդը կընտրի այդ երեք հավակնորդներին, որոնցից լավագույնի ընտրությունն էլ կկատարի մրցանակաբաշխության հանձնաժողովը:
Որոշակի վերանայման են ենթարկվել նաեւ լավագույնի ընտրության չափանիշները: Առաջարկվում էր առավել մանրամասն նկարագրված գնահատման բալային համակարգ, իսկ գիտական աշխատանքներում ուսանողի ներգրավվածությունը ստացել է ավելի մեծ կշիռ:
Այդուհանդերձ գիտական խորհրդի անդամների կողմից եղան բավականին մեծ թվով, նույնիսկ իրարամերժ առաջարկություններ: Օրինակ` առաջարկվեց ընդհանրապես հրաժարվել բալային սանդղակով գնահատելու մոտեցումից եւ հանձնաժողովին տալ հնարավորություն ինքնուրույն (առանց կանոնակարգով սահմանված սանդղակի) ընտրելու լավագույնին, մյուս կողմից էլ հնչեց կարծիք, որ հանձնաժողովի աշխատանքը պետք է ավելի տեխնիկական դարձնել:
Երկար քննարկման արդյունքում կանոնակարգի նախագծի վերաբերյալ որոշում չընդունվեց: Պայմանավորվածություն ձեռք բերվեց փաստաթուղթը լրամշակել եւ քննարկել առաջարկություններ ներկայացրած գիտական խորհրդի անդամների հետ: Իսկ այս տարվա մրցանակաբաշխությունը կանցկացվի մինչ այժմ գոյություն ունեցող եւ գործող կանոնակարգի համաձայն: