Մայիսի 13-ին ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի նախաձեռնությամբ ու ՈՒԽ-ի սպորտի հանձնաժողովի անմիջական օժանդակությամբ տեղի ունեցավ շուրջ երկու շաբաթ տեւած բասկետբոլի միջֆակուլտետային առաջնության եզրափակիչ փուլը:
Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցել են 10 ֆակուլտետների թիմեր, որոնցից 4 լավագույնները (Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, Տնտեսագիտության, Ֆիզիկայի ու Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետները ներկայացնող թիմերը) անցել էին կիսաեզրափակիչ, եւ Ֆիզդաստիարակության եւ սպորտի ամբիոնի դասախոս Վլադիմիր Զաքոյանի առաջարկով նրանք որոշեցին միմյանց հետ մրցել շրջանային կարգով:
Հետաքրքիր ու դիտարժան հանդիպումների արդյունքում հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը: «Ամբողջ առաջնությունն անցավ շատ լարված ու հետաքրքիր, քանի որ, եզրափակիչ փուլում հանդես եկող չորս թիմերն էլ իրենց կազմում ունեին ԵՊՀ բասկետբոլի հավաքականում հանդես եկող ուժեղ խաղացողներ»,- նշեց հավաքականի խաղացող Սեւակ Դավուդյանը:
Lավագույնը ճանաչված Տնտեսագիտության ֆակուլտետի թիմն արժանացավ ԵՊՀ բասկետբոլային փոխանցիկ գավաթին, մեդալներին, իսկ մնացած թիմերի խաղացողներն էլ` խրախուսական պատվոգրերի ու շնորհակալագրերի: