Նոյեմբերի 3-4-ը ԵՊՀ-ում կանցկացվի գիտաժողով` նվիրված Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի հիմնադրման 90-ամյակին: |
|
Գիտաժողովը կրում է «Գրադարանների դերը համալսարանական գիտակրթական համակարգի զարգացման գործընթացում» խորագիրը: Կազկոմիտեի հավաստմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման շնորհիվ միջազգային եւ եվրոպական գրադարանները կարողացան արդյունավետորեն իրականացնել հանրային արժեքների սոցիալականացման գործընթացը, ինչն էլ հնարավորություն ստեղծեց զարգացնելու ազգային մշակույթն ու բարձրացնել քաղաքացիական գիտակցությունը: Գրադարանները դադարեցին լինել միայն գրականության պաշարների համալրման ու պահպանման հաստատություններ:
Վերոհիշյալ հարցերի քննարկման համար գիտաժողովի կազմկոմիտեն ակնկալում է գրադարանային ոլորտը ներկայացնող, գրադարանային քաղաքականության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնահարցերով զբաղվող մասնագետների, ինչպես նաեւ երիտասարդ գիտնականների ակտիվ մասնակցությունը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը եւ ռուսերենը: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ 2011 թ-ի սեպտեմբերի 30-ը ելույթի համառոտ տարբերակը (առավելագույնը 1500-2000 նիշի սահմաններում) ուղարկել հետեւյալ հասցեով` library@ysu.am:
Ելույթի համառոտ տարբերակում պետք է նշված լինի զեկուցման թեման, հեղինակի անունը եւ ազգանունը, հաստատությունը, մասնագիտությունը, էլ. փոստի հասցեն ու հեռախոսահամարը: Նախատեսվում է հրատարակել գիտաժողովի թեզիսների, իսկ գիտաժողովի ավարտից հետո` նաեւ ընտրված հոդվածների ժողովածուները: Հարցերի դեպքում կարող եք գրել library@ysu.am էլ. փոստին կամ զանգահարել (37410) 55-13-34 հեռախոսահամարով:
|