ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի գլխավորությամբ անցկացվեց ֆակուլտետում վաղուց ավանդական դարձած շախմատի առաջնությունը:
Մասնակցում էին ֆակուլտետի 20 ուսանողներ եւ 6 դասախոսներ: Կազմակերպիչները նշում են, որ այս մրցաշարը տեղի է ունենում ամեն կիսամյակ, եւ մասնակիցների թիվը աստիճանաբար աճում է:
Քանի որ ուսանողներից ոչ բոլորն ունեին շախմատային կարգեր, ուստի անցկացվեց նաեւ նախընտրական փուլ, որտեղ միմյանց հետ մրցեցին սիրողական մակարդակով խաղացողները: Նրանց հաղթողներն արդեն հայտնվեցին 4 խմբերում:
«Այս տարի այնքանով հարմար չէր, որ խաղի անցկացման համար աշխատանքային օր էր ընտրված, եւ ոչ բոլորը կարողացան գալ: Սակայն պետք է նշեմ, որ մեր ֆակուլտետում այս առաջնությունը բավականին երկար պատմություն ունի: Դեռ այն ժամանակ, երբ ես ուսանող էի, կազմակերպում էինք այսպիսի խաղեր: Մեր` դասախոսներիս թիմն էլ է բավականին ուժեղ»,- ասում է ԻԿՄ ֆակուլտետի դասախոս Ռուբիկ Սերոբյանը, ով եւս հանդես էր գալիս առաջնությունում:
Այսպիսով` շախմատի առաջնության հաղթող ճանաչվեց Հայկ Ավդալյանը, երկրորդ տեղը բաժին հասավ Միքայել Մարկոսյանին, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Էդուարդ Ռոստոմյանը:
Պատվավոր երեք հորիզոնականները զբաղեցրած ուսանողներն արժանացան պատվոգրերի եւ շախմատի վերաբերյալ գրքերի, իսկ մասնակից դասախոսներն ու Ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի շախմատի սեկցիայի ղեկավար Վրեժ Օրդյանն ուսանողների կողմից ստացան շնորհակալագրեր: