Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մի խումբ էկոլոգ ուսանողներ իրենց ուսումնական պրակտիկան կանցկացնեն Երեւանի պետական համալսարանում:
|
|
Հուլիսի 1-ին նրանք հանգրվանել են Բյուրականում, սակայն իրենց պրակտիկայի ընթացքում կայցելեն Հանքավան, Սեւան, Ծաղկաձոր եւ այլ վայրեր, կծանոթանան Հայաստանի էկոլոգիական խնդիրներին, որոնց վերաբերյալ իրենց հայացքներն ու վերլուծությունները կամփոփեն հոդվածներում, երբ հուլիսի 11-ին կվերադառնան Սանկտ Պետերբուրգ:
Հուլիսի 8-ին մի խումբ համալսարանականներ եւ Ուսխորհրդի անդամներ Բյուրականում հանդիպեցին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողների հետ:
Իսկ այսօր վերջիններս հյուրընկալվեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին: Զրուցեցին ԵՊՀ-ում կրթության կազմակերպման մասին, այսօրվա կրթական համակարգի համաշխարհային խնդիրների մասին, համեմատություն անցկացրին հայկական եւ ռուսական կրթության միջեւ: Այնուհետեւ այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, ծանոթացան Մայր բուհի անցած ուղուն:
Հուլիսի 12-ին էլ 3 հայ ուսանողներ նույնատիպ ծրագրով կայցելեն Սանկտ Պետերբուրգ` տեղի համալսարանում ուսումնական պրակտիկան անցկացնելու: Փոխանակման այս ծրագիրն իրականացվում է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության եւ ջրաօդերեւութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ:
|