Երկուշաբթի, 23.12.2024, 02:58

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 15 » Քաջարանի վերաբերյալ լուծում սպասելիս` ուժեղ դիմակայության փուլ
17:10
Քաջարանի վերաբերյալ լուծում սպասելիս` ուժեղ դիմակայության փուլ

Քաջարան գյուղի բնակիչները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ մտան ուժեղ դիմակայության փուլ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ կոմբինատի համար գյուղից վերցրել են 181,7 հա հող`ճանաչելով հողերի նկատմամբ «բացառիկ գերակա հանրային շահ»:  ԶՊՄԿ-ի հետեւում կանգնած են 4 ընկերություններ` գերմանական «Cronimet Mining», որը տիրապետում է բաժնետոմսերի 60%-ը, «Մաքուր երկաթ», «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» եւ «Զանգեզուր Մայնինգ», որոնք միմյանց մեջ կիսել են մնացած բաժնետոմսերը`համապատասխանաբար` 15%,  12,5%, 12,5%:

Այս կապակցությամբ հատկանշական է այս որոշումն ընդունած կառավարության դիրքորոշումը: Կառավարության որոշումն ընդունվել է առանց բավարար հիմնավորման (կառավարության կայքում փաստաթղթեր չկան), առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության (այս մասին խոստովանել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը), հանրային քննարկմանը չի ներկայացվել արդյունահանման ծավալների ընդլայնման ծրագիրը` շրջակա միջավայրի վրա ազդեցության պարտադիր գնահատականով, չեն անցկացվել հասարակական լսումներ: Եւ արդեն այն բանից հետո, երբ որոշումն ընդունվեց, ստեղծվեց աշխատանքային խումբ, որը հասարակության բողոքի ակցիայից, ՀՀ ԱԺ պատգամավորների («Ժառանգություն» կուսակցություն) ելույթներից, գյուղ տարբեր ակտիվ խմբերի այցելությունից հետո միայն դեկտեմբերին այցելեց Քաջարան գյուղ:

ԶՊՄԿ-ն խախտեց բազմամսյա լռությունն այս կապակցությամբ, եւ զբաղվում է գյուղապետի նկատմամբ անձնական բնույթի մեղադրանքներ հնչեցնելով, ինչը ոչ մի ընդհանուր կապ չունի այն փաստի հետ, որ կառավարության որոշումն ընդունվել է մարդկանց սահմանադրական իրավունքների, Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայի, ժողովրդավարական նորմերի եւ կայուն զարգացման սկզբունքների խախտմամբ:

Ստորեւ ներկայացնում ենք «Սյունաց Երկիր» մարզային թերթի հրապարակումները:

Քաջարանցիները "Քրոնիմետ մայնինգի" հայտարարությունը համարում են սովորական ցինիզմ

Սյունաց երկիր

Սահմանային Քաջարան գյուղի համար ճակատամարտը նորանոր դրսեւորումներ է ստանում:

 Նախաամանորյա երազ. Գյունտեր Պիլարսկու հանդիպումը Քաջարան գյուղի բնակիչների հետ:

"Առավոտ" թերթի դեկտեմբերի 14-ի համարում տպագրվել էր "Քրոնիմետ մայնինգ" ԲԸ-ի խոսքը Քաջարան գյուղի շուրջ ստեղծված կացության վերաբերյալ: Այդ հրապարակման բորբոսահամ տեքստի վերջում ընկերությունն այսպիսի հայտարարություն է արել. ""Քրոնիմետ մայնինգ" ԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ իր հայաստանյան դուստր ընկերության` "Զանգեզուրի ՊՄԿ" ՓԲԸ-ի ղեկավարությունն ընդունում է ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի №627-Ն որոշման իրականացման արդյունքում ծագած խնդիրների, քննարկումների, առաջարկությունների եւ դիտողությունների վերաբերյալ քաղաքացիների դիմումները` այդ քաղաքացիների համար հնարավորինս շահավետ եւ ընդունելի լուծումներ տրամադրելով: ԲԸ-ն երաշխավորում է, որ ԶՊՄԿ-ն գործում է բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում, մտահոգաբար է վերաբերվում տեղական բնակչության պահանջներին` հաշվի առնելով նրանց շահերը":

Դեկտեմբերի 15-ին "Սյունյաց երկիրն" այցելեց Քաջարան գյուղ եւ փորձեց ճշտել, թե քաջարանցիներն ինչպես են արձագանքում "Քրոնիմետ մայնինգ" ընկերության վերոգրյալ հայտարարությանը: Արձագանքները գրեթե նույն բովանդակությունն ունեին: Եվ դրանք, կարծեք, ամփոփված են գյուղապետ Ռաֆիկ Աթայանի խոսքում, որը ներկայացնում ենք ստորեւ. "Շատ ամոթ է, որ մեզ հետ թերթով են խոսում: Դա եւս մեկ անգամ նշանակում է, որ երես չունեն գյուղ գալու եւ մարդկանց հետ զրուցելու համար: Պատկերացնո՞ւմ եք` "Քրոնիմետ" կոչվածը Գերմանիայից (իբր) հասել է Երեւան, իսկ Երեւանից չի կարողանում գալ Քաջարան ու թերթով է մեզ առաջարկություններ անում: Իբր գերմանական այդ կազմակերպությունը եկել ու մեզ դաս է տալիս, որ, տեսեք, ԶՊՄԿ-ն "մտահոգաբար է վերաբերվում տեղական բնակչության շահերին": Բա եթե մտահոգաբար է վերաբերվում, ապա ինչո՞ւ տասնամյակներ շարունակ չի փոխհատուցում այն փոշու ամպերի համար, որ ամեն օր բաց հանքից արշավում են մեր գյուղի վրա, բա ինչո՞ւ մեր գյուղում` մեր իսկ գյուղի ընդերքն օգտագործելով, տասնամյակներ շարունակ չի լուծում գյուղի նորմալ ջրամատակարարման, լույսի, գազի, ճանապարհի, փատյա տնակների հարցը, բա ինչո՞ւ գյուղի ճանապարհի վրա արգելափակոցներ է դրել: Այդպե՞ս են տեղական բնակչության շահերը հաշվի առնում:

"Քրոնիմետի" հայտարարությունը սովորական ցինիզմ է, իսկ եթե "Քրոնիմետն" իսկապես գերմանական ընկերություն է, եթե այդ ընկերությունն իսկապես Գյունտեր Պիլարսկին է գլխավորում, ապա գլխավոր բաժնետերն ու Պիլարսկին թող գան Քաջարան գյուղ եւ բնակիչների հետ զրուցեն: Այդ մասին մենք նամակով կդիմենք նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպանին":

Քաջարանյան իրադարձությունների քրոնիկոն

Սյունաց Երկիր

Դեկտեմբերի 16-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ ակցիա` ի պաշտպանություն Քաջարան գյուղի բնակիչների: Ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում էին անհապաղ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2011թ.ապրիլի 28-ի Սյունիքի մարզի մի քանի համայնքների /այդ թվում՝ Քաջարան/ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ 627-Ն որոշումը, որով փոխվել է այդ հողերի նպատակային նշանակությունը եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրվել են "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ին: Ակցիան կազմակերպվել է մի խումբ էկոլոգների կողմից, որոնք նախաձեռնել եւ հաջողության էին հասցրել Թռչկանի ջրվեժի պաշտպանության ակցիան: Էկոլոգներն այսպիսով աջակցում են քաջարանցիներին` իրենց սեփական հողերն ու հարազատների գերեզմանոցները պաշտպանելու հարցում:

Դեկտեմբերի 17-ին Թռչկանի ջրվեժի 10 ակտիվիստ այցելել է Քաջարան գյուղ` տեղում իրավիճակին ծանոթանալու եւ հնարավորինս գյուղի բնակիչներին զորակցելու նպատակով:

Դեկտեմբերի 18-ին Քաջարան գյուղ է այցելել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորն այնտեղ մասնավորապես հայտարարել է. "ՀՀ կառավարության կողմից Քաջարան գյուղի բնաջնջման պատերազմական գործողությունը ձախողման է դատապարտված: ՀՀ կառավարությունը չի կարող հաղթանակ արձանագրել այս պատերազմում: Մենք քաջարանցիների հետ միասին ընդունում ենք հայտարարված պատերազմը: … Քա՛ջ քաջարանցիներ, դուք մենակ չեք այս պատերազմում":

Դեկտեմբերի 18-ին Քաջարան գյուղ են այցելել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ Մերուժան Տեր-Գուլանյանը: Մոտ երկու ժամ նրանք զրույց են ունեցել գյուղաբնակների հետ: Ըստ Մերուժան Տեր-Գուլանյանի "Մարզպետն ասաց, թե ձեզ անպայման պիտի փոխհատուցում տան, ու մինչեւ հարցը կառավարության միջոցով չքննարկվի, մինչեւ խնդիրը վերջնականապես չլուծվի` ոչ մի բան չի լինելու, մնացեք ձեր տեղում, հարկ եղած դեպքում առաջինը ես կկանգնեմ ու չեմ թողնի": Մերուժան Տեր-Գուլանյանը նաեւ հայտարարել է. "Տեղի է ունեցել լուրջ սխալ: Եթե կառավարությունը որոշում է ընդունում գերակա հանրային շահ համարվող տարածքների մասին, ապա բարի պիտի լիներ ու նախեւառաջ գնար այդ ժողովրդի հետ խոսելու: Պիտի հանրային քննարկումներ անցկացվեին, ինչպես նաեւ պիտի փոխհատուցում տրվեր այդ մարդկանց, ովքեր այնտեղից դուրս են գալու: Բայց այդ ամենը չի արվել, ուստիեւ գյուղացիները ճիշտ են": Սուրեն Խաչատրյանի ու Մերուժան Տեր-Գուլանյանի այցը զուգադիպել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այցին: Վերջինիս ու Մերուժան Տեր-Գուլանյանի միջեւ մի փոքր խոսքակռիվ է տեղի ունեցել:

Սեպտեմբերին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը դեկտեմբերին հասավ Քաջարան

Զարինե Համբարձումյան, Սյունաց Երկիր

Դեկտեմբերի 16-ին Քաջարանի գյուղապետարանի դահլիճում ու մերձակայքում հավաքվել էին 300-ից ավելի քաջարանցիներ, ովքեր պնդում էին, որ իրենց ոչ մի փոխհատուցում պետք չէ: Չորս ժամ շարունակ ցուրտ դահլիճում նրանք սպասում էին տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Վերջինիս փոխարեն գյուղապետարան եկավ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների, մշակույթի նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի եւ "ԶՊՄԿ" ՓԲԸ-ի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Ա. Բախշյանը նախ՝ խորհրդակցեց գյուղապետ Ռաֆիկ Աթայանի, գյուղի ավագանու եւ մի քանի գյուղացիների հետ, այնուհետեւ ներկա գտնվողներին հայտարարեց, որ քաջարանցիների առաջարկներն ու բողոքները կներկայացվեն կառավարություն` եւ ամեն ինչ կանեն, որ հաշվի առնվեն գյուղի բնակիչների շահերը: "Առանց գյուղացիների համաձայնության ոչ մի գործունեություն չի կարող ծավալվել: Խորհրդակցության ժամանակ չլսեցի որեւէ քաջարանցու կարծիք, որ հավանություն տա գյուղի տարածքում հանք շահագործելուն: Ես բոլորիդ կարծիքը կփոխանցեմ կառավարությանը, որից հետո կկազմվի արձանագրություն եւ դրա մասին գյուղացիներն անպայման կտեղեկացվեն", - նշեց փոխնախարարը: Ի դեպ, միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել էր սեպտեմբեր ամսին, բայց Քաջարան գյուղ հասավ դեկտեմբերին: "Բոլոր գյուղացիներից ներողություն եմ խնդրում: Մենք հասկանում ենք, որ գլխավոր մեղավորը մենք ենք, բայց հավաստիացնում ենք, որ բոլոր հարցերը համակողմանի ուսումնասիրելու ենք", - ասաց Արտաշես Բախշյանը: Հանձնաժողովի անդամները նույնիսկ զարմացել էին` գյուղում տեսնելով հարյուրավոր մարդկանց: Երեւի չէին սպասում, որ Քաջարան գյուղում մարդիկ են ապրում եւ այդ մարդիկ իրենց նպատակին հասնելու համար այսպիսի հաստատակամություն կդրսեւորեն:


| Դիտում: 1682 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.