Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող «Նախաձեռնող խումբը» կազմակերպեց հանդիպում բնապահպան-մասնագետների հետ, ովքեր իրենց խոսքով ու խորհրդով որևէ կերպ կարող են աջակցել խմբին` պայքարելու հանքի շահագործման դեմ: Քննարկումը սկսվեց խմբի անդամ Մ. Մանուկյանի ելույթով, ով ներկայացրեց հանքի շահագործման հետ կապված մտահոգությունները:
Քննարկման ընթացքում յուրաքանչյուր մասնագետ ներկայացրեց իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը` միանշանակ բացասական դիրքորոշում ցուցաբերելով խնդրի առնչությամբ: |
|
Էկոդաշինքի փորձագետ, ջրային ռեսուրսների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանը նշեց, որ միայն Երևան քաղաքի խմելու ջրի 35-40% -ը գալիս է Հրազդանից. «Էդտեղ հազար տեսակի աղբյուրներ կան` Սոլակը, Բազմաղբյուրը, Կաթնաղբյուրը և այլն, Հրազդան գետի սկզբից և ողջ հունով բխում են այդ աղբյուրները, խմելու ջրի համար վտանգը միանշանակ է, ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև Երևանի համար:Կաղտոտվի Հրազդան գետը, կաղտոտվի նաև Արարատյան դաշտավայրը, որտեղից սնվում ենք, իսկ հողագետները արդեն իսկ բղավում են, որ Արարատյան դաշտավայրի հողերի 80%– ը կորցրել է իր հատկությունները», - նշեց տիկին Հովհաննիսյանը:
Քննարկմանը ցանկություն էր հայտնել մասնակցելու ՀԱԿ Հրազդանի կառույցը, որի ներկայացուցիչը նշեց, որ քաղաքական հարցերից դուրս, ունենալով լուրջ բնապահպանական խնդիր` իրենք էլ ամեն ինչ կանեն` չարիքից ազատվելու համար: «Ծանոթ լինելով նախկինում ներկայացված բնապահպանական հիմնավորումներին, տեղյակ եմ, որ այդ նախագծում մեծ տեղ էր հատկացվում կոյուղու կոլեկտորին, որը իարկանում չկա և ողջ կոյուղաջուրը լցվում է Հրազդան գետը, իսկ Քաղսիի մաքրման կայանը վաղուց չի գործում: Էլ ինչ կոլեկտորի մասին է խոսքը, թե իբր կեղտաջրերը այդ կերպով կհեռացվեն»,- հավելեց ՀԱԿ Հրազդանի կառույցի անդամ Հ. Ավագումյանը:
Քննարկման ընթացքում խոսվեց նաև վտանգված կենսաբազմազանության, երկաթի հանքնյութի և ուղեկցվող մետաղների վնասի, նաև իրավունքների մասին, որի առնչությամբ Հակոբ Սանասարյանը նշեց, որ սա մեր ազգային, անհատական սեփականության իրավունքն է և մենք պետք է տեր կանգնենք դրան, թե չէ այն մեզանից խլում-տալիս են մի քանի անհատների:
Քննարկման ավարտին ելույթ ունեցավ «Հայկական բնապահպանական ցանց» – ի ներկայացուցիչ Կիրկ Վալլասը, ում խոսքերով իրենց առաքելությունը սփյուռքի և Հայաստանի միջև կամուրջ հանդիսանալն է` նպատակ ունենալով սփյուռքահայությանը ներգրավել բնապահպանական խնդիրների լուծման մեջ: «Ես բնապահպան չեմ, բայց յուրաքանչյուր մարդ, ով սիրում է իր երկիրը և մտահոգվում է բնապահպանության համար, պետք է ձերբազատվի նեղ մասնագիտական հարցերից և մենք բոլորս ենք բնապահպան, եթե ուզում ենք բարեկեցիկ պետություն ունենալ»,- ասաց պարոն Վալլասը:
|