Այսօր տիեզերագնացը հանդիպեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների հետ: Ալեքսեյ Բալանդինը նաեւ Երիտասարդ տիեզերագնացների համառուսաստանյան միության փոխնախագահն է: Նա Հայաստան է ժամանել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կազմակերպած ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են մոտ 70 երկրներ:
«Քանի որ այս տարի ՄԱԿ-ը ապրիլի 12-ը հայտարարեց Տիեզերագնացի միջազգային օր, մենք` տարբեր երկրների տիեզերագնացներս, այս ծրագրի շրջանակներում որոշեցինք վերականգնել հին ավանդույթները` տիեզերագնացության, տարբեր համալսարանների հետ կապերը վերականգնելու: Այդ կապը այժմ էլ գոյություն ունի, բայց ոչ այնպես, ինչպես նախկինում»,- ասաց Ալեքսեյ Բալանդինը:
Ըստ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի` ծրագրի ամենակարեւոր մասն այն է, որ դրան մասնակցելու է նաեւ տիեզերագնաց Բալանդինը: «Այն, որ այսօր հանդիպումներ են կայանում նրա հետ, հայկական գիտության եւ տեխնիկայի զարգացման շնորհիվ է»,- ասաց Կրիվոպուսկովը:
Այդ ամենը հաշվի առնելով` «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն որոշել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներից նոր կադրեր պատրաստել: Կվերապատրաստվեն աստղաֆիզիկոսները, որոնք պետք է աշխատեն տիեզերագնացության ոլորտում: Այս ծրագիրը կզարգանա ե´ւ Հայաստանում, ե´ւ Ռուսաստանում:
Երիտասարդ տիեզերագնացների համառուսաստանյան միության նախագահ Իվան Մուրավյովը, ով նույնպես ժամանել է Հայաստան, խոսեց Տիեզերագնացության առաջին համաշխարհային օլիմպիադայի մասին, որը կազմակերպել էր այդ միությունը:
Երկու ամիս առաջ Փարիզում տեղի ունեցած օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթել էին Հայաստանի ներկայացուցիչները: Օլիմպիադան նվիրված էր առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի հիշատակին:
«Օլիմպիադայի կազմակերպման նպատակը երիտասարդների շրջանում ռուս եւ համաշխարհային տիեզերագնացության ձեռքբերումները տեսանելի դարձնելն էր: Դրան մասնակցում էր 50.000 երիտասարդ, որոնցից 20-ին հրավիրեցին Փարիզ` եզրափակիչ փուլին մասնակցելու: Հայ երիտասարդներն իրենց փայլուն դրսեւորեցին եւ հաղթեցին»,- ասաց Իվան Մուրավյովը: