Հոկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Սոտքի ոսկու հանքավայրի տարածք ժամանեցին «S.O.S. Սեւան» կանաչ ակցիայի մասնակիցները: Ակցիան մեկնարկեց Երեւանում` ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Ակցիայի մասնակիցները` Էկոլոգիական հասարակական դաշինքը, «ԷկոԼուր»-ը, «Թռչնասերների կենտրոնը», «Հայաստանի կանաչների միությունը», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն»-ը,
«Էկոդարը», Հայակական տեխնոլոգիական ակադեմիան, «Ա1+»-ը, «Հիմա» քաղաքացիական նախաձեռնությունը, «Հարավային Կովկասի կանաչներ` Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն ստորագրեցին: Հայտարարությունը պարունակում է մի շարք պահանջներ` մասնավորապես Գեղարքունիքի մարզի Սեւանա լճի ջրահավաք ավազանի տարածքում ջարդող-տեսակավորող համալիրի ապամոնտաժման եւ ՀՀ օրենսդրությունը խախտելու համար «GeoProMining Gold» ընկերությանը պատժելու մասին:
Գեղարքունիքի մարզային կենտրոնում` Գավառում, ակտիվիստները հայտարարությունը հանձնեցին մարզպետարան: Ճանապարհին ակցիայի մասնակիցներին միացան Գավառի եւ Մարտունու հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՀՀ բնապահպաանության նախարարության «Սեւան» ազգային պարկից:
Ահա, վերջապես, Սոտքը: Հասարակայնության Սոտքի հանքավայր կատարած վերջին այցելությունից մի քանի ամիս անց այստեղ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Ակտիվիստները կանգնեցին ճանապարհին, որը Հայաստանը միացնում է Քարվաճառի հետ (Քելբաջար): Սոտքի հանքավայրը սահմանի կողքին է: Ռազմավարական նշանակության ճանապարհի որոշակի հատված երկու կողմից շրջապատված է ոսկի արդյունահանող «GeoProMining Gold» ընկերության կողմից: Բարձրանալով հենց ճամփեզրին լցված ապարների վրա` հանքավայրը շատ հեշտ կարելի է գտնել: Մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա ջարդող-տեսակավորող համալիրն է: Անվտանգության ծառայությունը ակտիվիստներին համալիրին մոտենալ թույլ չտվեց: Բայց երկար բանակցություններից հետո նրանք որոշեցին թույլ տալ երկու մասնակցի` «Հայաստանի կանաչների միության» նախագահ եւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ Հակոբ Սանասարյանին եւ «ԷկոԼուր»-ին: Ընդ որում նրանք նշեցին, որ հանքանյութի ոչ մի լվացում տեղի չի ունենում` չոր գործընթաց է:
Մենք վկայում ենք, որ ջարդող-տեսակավորող համալիրն աշխատում է ամբողջ հզորությամբ: Մեկը մյուսի հետեւից նրան են մոտենում մեքենաներ: Ոսկի պարունակող բաղադրամասը բեռնվում է մեքենաները եւ տեղափոխվում երկաթուղային կայարան, ապա` Արարատի ֆաբրիկա: Մանրացված դատարկ ապարները թափվում են համալիրից ոչ հեռու:
Գործնականում Սոտք գյուղից վարձակալված 1037 հա հողատարածքը նախատեսված է ապարների թափման համար: Եթե հաշվի առնենք ընկերության արտադրության տեմպերի աճը, ապա բացառված չէ, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում` այսինքն նախատեսված ժամկետից շատ ավելի շուտ, ընկերությունը կհանի ոսկով հարուստ հանքաշերտերը, իսկ հանքավայրը կվերածվի փոշու եւ փոքր կտորների, ինչը մենք տեսանք Սոտքում հոկտեմբերի 19-ին: