«Զանգեզուրի պղնձամլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն տարեց տարի ավելացնում է հանքանյութի արդյունահանումը եւ մտադիր է արդյունահանման ծավալները հասցնել տարեկան 30 միլիոն տոննայի: «Եթե կոմբինատը խորհրդային ժամանակաշրջանում տարեկան արդյունահանում էր 7 միլիոն տոննա հանքաքար, ապա այսօր տարեկան պատրաստվում է արդյունահանել 20 միլիոն տոննա, ապագայում` 30 միլիոն տոննա: Մեր ապրելու, գոյատեւելու հարցը այդ բարբարոսական վերաբերմունքի հետ է կապված»,- այս կարծիքը իրավաբան Արթուր Ղազարյանը հայտնեց մարտի 23-25-ին տեղի ունեցած «Հայաստանում շրջակա միջավայրի եւ էներգետիկ պաշարների նկատմամբ վարվող քաղաքականություն. Հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով սեմինարի ընթացքում: Նշենք, որ արդյունահանման ծավալների նման տեմպերի աճի պայմաններում ընկերությունը չի հասցնում բնապահպանական պատշաճ միջոցառումներ իրականացնել, դրա համար էլ կոմբինատի չգործող պոչամբարները չունեն ծածկող հողի շերտ, պոչատար խողովակները վթարային վիճակում են եւ աղտոտում են մոտակա բնակավայրերի հողերը եւ ջուրը: Ծանր եւ տոքսիկ նյութերի պարունակությունը հողում, ջրում եւ գյուղմթերքներում գերազանցում է ՍԹԿ-ն տասնյակ, երբեմն նույնիսկ 100 անգամ:
Միեւնույն ժամանակ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենակին կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության ընդլայնումը մեծ աջակցություն է ստանում ՀՀ կառավարության կողմից, ինչն արտահայտված է ՀՀ կառավարության որոշումներում: Այդպիսով` ՀՀ կառավարության 2010թ. հուլիսի 1-ի 836-ն որոշմամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենակին կոմբինատ» ՓԲԸ-ին փոխանցվեց 206 հա անտառային հող, իսկ 2011թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ Սյունիքի մարզի 6 համայնքների մոտ 600 հա համայնքային հող: