Կիրակի, 22.12.2024, 16:54

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 25 » «Թող մի գյուղ էլ վերանա...»,- համաձայն է Թեղուտի համայնքապետը
16:50
«Թող մի գյուղ էլ վերանա...»,- համաձայն է Թեղուտի համայնքապետը

Լոռու մարզի Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանի ասելով՝ 2005 թ.-ից, երբ սկսվեց Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը, համայնքի բյուջեն էականորեն աճել է: «2005 թ.-ին  մեր վարչական բյուջեն  կազմել է 7,5 մլն դրամ, այս պահին այն մոտ 16 մլն դրամ է, 2011 թ.-ին բյուջեի եկամուտները կազմել են 70 մլն դրամ, իսկ 2012 թ.-ի բյուջեում եկամուտների մասով 40 մլն դրամ մուտքեր են նախատեսվել»: Թեղուտ համայնքի բյուջեի տարեկան եկամուտների աճ պայմանավորված է բացառապես գյուղի վարելահողերը,  արոտավայրերն ու  այլ հողեր «Թեղուտ» ՓԲԸ-ին օտարելով: «1999 թ. կարկտահարությունից հետո գյուղի այգիները դուրս են գրվել եւ բոլորը դարձել են վարելահողեր, դրանք վաճառվել են «Թեղուտ» ՓԲԸ-ին»,- ասում է համայնքապետը:

Վերջինիս ասելով՝ ընդհանուր առմամբ, 133 հա հող է  տրվել «Թեղուտ» ՓԲԸ-ին: Դրանից  71 հա-ը  Կառավարության որոշմամբ  ընկերությանը տրվել է վարձակալության իրավունքով` 50 տարի ժամանակով, մյուս 62 հա-ը վաճառվել է:   Հարություն Մելիքսեթյանն ասում է, թե տեղյակ չէ գյուղացիներից որքան հող է գնել «Թեղուտ» ՓԲԸ-ն: Օտարված հողերի դրամական հոսքերը շլացուցիչ են եղել նախկինում  նվազ  բյուջե տնօրինող  համայնքապետի համար:

2011 թ.-ի համենատ 2012 թ.-ին 30 մլն դրամով  բյուջեի եկամուտների նվազման պատճառների վերաբերյալ համայնքապետը այսպիսի մեկնաբանություն տվեց. «Մեր գյուղատնտեսական նշանակության հողերը արդյունաբերական նշանակության փոխելու ժամանակ սկզբում ճիշտ չէին վճարել օտարված հողերի արժեքը: Վերահսկիչ պալատի 2011 թ.-ի ստուգումներից պարզվել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն մեզ 76 մլն դրամ պակաս է վճարել: Դրանից առաջ ընկերությունը վճարել էր հողերի կադաստրային արժեքի տարբերությունը՝ 14,3 մլն դրամը, նաեւ՝ օտարված հողերի արժեքը 7,8 մլն դրամը»,- ասում է համայնքի ղեկավարը: Գյուղատնտեսական նշանակության հողերը օտարելու պատճառով ավանդական հողագործությունը Թեղուտում գրեթե վերանում է: Հարություն Մելիքսեթյանն ասում է, որ գյուղի 31 հա վարելահողերից հազիվ 6 հա-ն է մշակվում:

«Հետքի» հարցին, թե Թեղուտին արդյոք չի սպառնում  բանվորական ավան դառնալու վտանգը,  համայնքապետը  պատասխանեց. «Գիտե՞ք ինչ, «Թեղուտ» ՓԲԸ-ն շատ լավ շուկա է գյուղմթերքների համար: Նրանք անսահման քանակությամբ պանիր կարող են գնել գյուղացիներից: Ինձ թվում է, որ գյուղացիներն իրենց տնամերձ հողամասերում կզբաղվեն  գյուղատնտեսությամբ: Բացի այդ, գյուղացիներն սկսել են ավելացնել անասունների գլխաքանակը: Ներկայումս համայնքապետարանում 131 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ են հառվառված»: 

Հարություն Մելիքսեթյանը Թեղուտի գրեթե ամբողջ վարելահողերը օտարելու հետ կապված բերում  էր նաեւ այլ հանգամանքեր: «Թեղուտի հողերը այն հողերը չեն, որ ցորեն մշակվի: Մեզ մոտ հիմնականում կարող է զարգանալ  այգեգործությունը եւ բանջարաբուծությունը: Մենք ներկայումս ունենք 2 հա խաղողի այգի»,- ասաց նա: Համայնքապետը տեղեկացրեց, որ գյուղից մոտ 8 կմ հեռու գտնվող Կարծախ հանդամասի 133 հա խոտհարքները գյուղացիները չեն օգտագործում:  

Թեղուտցի Վառլեն  Բաբայանը, ով արդեն 24 տարի ղեկավարում է գյուղի  միջնակարգ  դպրոցը, իր հայրենի գյուղում հանքարդյունաբերության լայն թափից ոգեւորված «Հետքին» պատմեց, որ թեղուտցիների  գյուղատնտեսությամբ զբաղվելու հակումները պարզելու նպատակով  2011 թ.-ին  դպրոցի աշակերտների շրջանում հարցումներ է արել, թե  նրանցից  քանի ընտանիք է  բանջարաբոստանային կուլտուրաներ ցանում վարելահողերում եւ տնամերձ հողամասերում: «Եվ պատասխանն ի՞նչ է եղել՝ ինչո՞ւ ցանենք, ինչո՞ւ չարչարվենք:  Եկամուտը կա, աշխատավարձը ստանում ենք»: Սպասում են Արարատյան դաշտի   բանջարեղենին:  Ո՞վ է հիմա Թեղուտում բանջարեղեն կամ այլ մթերքներ արտադրում»,- ասում է Վառլեն Բաբայանը, ով նաեւ փորձում էր մեզ համոզել, որ դա թեղուտցու կենսամակարդակի բարձրացման  արդյունք է:

Թեղուտում   2011 թ.-ին  համայնքի բյուջեի գյուղատնտեսական նշանակության  հողերից նախատեսված 749 հազար դրամ հարկային մուտքերից ապահովվել է 413 հազար դրամ փաստացի մուտքեր, որը փաստում է այստեղ հողագործության  ծանր վիճակի եւ  հողատեր գյուղացիների անվճարունակության մասին: Թեղուտ համայնքի բյուջեի ամենամեծ հարկատուն «Թեղուտ» ՓԲԸ-ն է, որը   Թեղուտի 71 հա հողերի վարձակալության դիմաց տարեկան համայնքի բյուջե է  վճարում է 3,4 մլն դրամ վարձավճար, վճարում է նաեւ 638 հազար դրամ հողի հարկ: «Նրանք առայժմ շատ քիչ գույքահարկ են վճարում` 16 հազար դրամ, դա մի շենքի գույքահարկ է»,- ասում է Հարություն Մելիքսեթյանը, ով, այնումենայնիվ,  խոստովանում  է, որ համայնքում տնտեսական աճ հիմնականում արձանագրվում է «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատող 170 թեղուտցիների աշխատավարձի հաշվին:

«Թեղուտ» ՓԲԸ-ն անցած տարիներին վերանորոգել է գյուղի մշակույթի տունը եւ համայնքապետարանի շենքը, 48 % ներդրումով մասնակցել է նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով գյուղի դպրոցի հիմնանորոգմանը: Գյուղի օտարված հողերի Վերահսկիչ պալատի վերականգնած եւ Թեղուտի համայնքի բյուջե մուտքագրված 76 մլն դրամից համայնքի ղեկավարը 57 մլն դրամով  Թեղուտի 22 երեխաների համար 2011 թ.-ին մանկապարտեզի նոր շենք է կառուցել, որը կշահագործվի առաջիկա օրերին: Համայնքի բյուջեից 6 մլն դրամ է հատկացրել համայնքապետարանի շենքի կահավորմանը:

Համայնքային բյուջեից, բյուջետային օրենքի խախտմամբ, համայնքապետը 7,5 մլն դրամի ներդրում է կատարել դպրոցի հիմնանորոգման համար: Անօրինական հատկացումը օրինականացվել է Թեղուտի ավագանու 2011 թ.-ի մայիսի 23 որոշումով, ուր ասվում է. «Համաձայնություն տալ համայնքի բյուջեի միջոցներով գնված 800 քմ գունավոր  ալիքավոր ցինկապատ  թիթեղ, 250 քմ գունավոր ցինկապատ  թիթեղ,  2000 հատ պտուտակ  անհատույց տրամադրել Թեղուտի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման համար»: Ներկայումս  19,3 մլն դրամ նախահաշվային արժեքով Թեղուտում կառուցվում  է գյուղամիջյան 1կմ երկարությամբ ճանապարհի ջրահեռացման համակարգ:  

Թեղուտի հանքավայրի մակաբացման եւ շահագործման հետ կապված  թեղուտցիներին սպասվող մարտահրավերների մասին փորձեցինք  ստանալ Հարություն Մելիքսեթյանի կարծիքը: «Բնականաբար, ցանկացած արդյունաբերական գործունեություն ունենում է իր բացասական կողմերը: Թեղուտի հնարավոր բացասական  երեւույթները կարող է լինել փոշին, առայժմ մենք զգում ենք տրանսպորտի փոշու ազդեցությունը, չնայած ընկերությունը խոստանում է, որ ճանապարհներն անընդհատ կջրցանվեն: Ես չգիտեմ, թե դա ինչքանով կստացվի:  Երեւի պոչամբարից որոշակի մտահոգություններ ունենք: Չեղած բանի մասին խոսելն  էլ մի քիչ ճիշտ չէ»,- ասաց նա:  Ինչպե՞ս է վերաբերվում համայնքի ղեկավարը հանքը բաց շահագործելու խնդրին մյուս հարցին նա այսպես պատասխանեց. «Դե, լավ կլիներ, որ հանքը փակ լիներ, բայց մասնագետներն էլ ասում են, որ Դուքանաձորում հնարավոր չէ փակ հանք շահագործել, քանի որ դա ընդհանուր հանքային մարմին ա: Գիտեք ի՞նչ, նախ՝ ես հանքարդյունաբերության մասնագետ չեմ, ես լսում եմ ընդամենը մասնագետների կարծիքը, բնականաբար, ընկերությունը պետք է ասի վնասը համեմատաբար քիչ է լինելում, բնապահպանն էլ պետք է ասի՝ ավելի շատ է լինելու, ես կարծում եմ երկուսն էլ կարելի է լսել, ընդունել միջինը»:

Համայնքապետ Հարություն Մելիքսեթյանը նաեւ ասաց, որ համայնքի բյուջե մոտ 40 մլն դրամ եկամուտներ է կանխատեսում նաեւ «Թեղուտ» ՓԲԸ-ի լեռնահարստացման կոմբինատի կառուցումից հետո: «Թող մի գյուղ էլ վերանա, դառնա բանվորական ավան»,- վերջում ասաց  Թեղուտի համայնքապետը: 


| Դիտում: 1817 | Ավելացրեց: Admin | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.