Ըստ պայմանավորվածության` վերջին ցուցադրությունը լինելու էր «Թափառում» ֆիլմի պրեմիերան: Սակայն Ազգային կինոկենտրոնի ավագ խմբագիր Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ ֆիլմի ցուցադրությունը հետաձգվել է, քանի որ այն ներկայացվել է «Կաննի» միջազգային կինոփառատոնին, եւ կինոյի անձնակազմը պարզապես չէր կարող ներկա լինել երեկվա ցուցադրությանը:
ԵՊՀ կինոակումբի նոր ֆիլմերի ցուցադրության ավանդույթը խախտելով` հանդիսատեսին ներկայացվեց «Խնկարկում» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է մի քանի տարի առաջ: Ֆիլմը նկարահանվել է Վազգեն Սարգսյանի «Ամենաթանկ պարգեւը» ստեղծագործության մոտիվներով. ներկայացվում է, թե ինչպես Խորհրդային Հայաստանի ժամանակներում ֆիլմի հերոսն ընկերոջ քստմնելի մատնության պատճառով դատապարտվում է ազատազրկման: Նախկին աքսորյալը ներում է ստանում, բայց նրա կյանքի մեծ մասն արդեն անցել է:
Ֆիլմի ռեժիսոր Գագիկ Հարությունյանը նշեց, որ ֆիլմի գաղափարը մեր օրերում էլ է արդիական, եւ ապացուցված է, որ հարազատ, մտերիմ մարդիկ ավելի խորն են թշնամանում: «Խորհրդային տարիներին այդ նույն «գործ տալը», աքսորելը, դատելը տարածված են եղել, բայց հիմա էլ կան այդ երեւույթները, ինչը չնայած փոքր ազգերի համար անթույլատրելի է»,- ասաց ռեժիսորը` նշելով, որ այսօր էլ ստեղծագործ անհատները երբեմն հանդիպում են գաղափարական խոչընդոտների ու արգելքների:
«Խնկարկում» ֆիլմով ավարտվեցին կինոակումբի մայիսյան ցուցադրությունները: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի վստահեցմամբ` կինոակումբն իր ցուցադրությունները կշարունակի նաեւ հաջորդ ուսումնական տարում. «Հենց սեպտեմբեր ամսից` կրկին յուրաքանչյուր չորեքշաբթի, ավանդույթի համաձայն, տեղի կունենան նոր ֆիլմերի ցուցադրություններ եւ քննարկումներ, սակայն արդեն նոր շրջանում կանդրադառնանք նաեւ օտարերկրյա ռեժիսորներին, նրանց կյանքին ու գործունեությանը»: