Չորեքշաբթի, 20.09.2017, 00:50

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 19 » Կաշենի բաց հանքը եւ գյուղացիների մտավախությունները
14:56
Կաշենի բաց հանքը եւ գյուղացիների մտավախությունները
Արմինե Նարինյան, www.aparaj.am 

 ԼՂՀ Կաշենի հանքավայրը սկսել է իր աշխատանքները: Հանքը շահագործվում է բաց ձևով: Համապատասխան ուսումնասիրություններից հետո որոշվեց Սանիտարական գոտում գտնվող 7 ընտանիքներ տեղափոխել ժամանակավոր կացարաններ: Նախքան հանքի շահագործումը` նրանց խոստացել էին հնարավորինս կարճ ժամկետներում տրամադրել նոր բնակարաններ, որոնք կկառուցեն գյուղի այլ մասում, հանքավայրից 500-1000 մետր հեռավորության վրա: ԼՂՀ կառավարությունն անցած տարվա հունիսին հաստատեց Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը: Հանքավայրը կարդյունահանի պղինձ և մոլիբդեն: Հանքը պատկանում է "Վալեքս Գրուպ” ընկերությանը, որն առ այսօր Արցախի ամենամեծ հարկատուն է: Ընկերությունը պատրաստվում է 80 միլիոն դոլարի ներդրում կատարել Մարտակերտի շրջանի Կաշեն հանքավայրում: Վերջին տարիներին հանքարդյունաբերությունը դարձել է ԼՂՀ տնտեսական ցուցանիշներ ապահովող հիմնական ուղղությունը: 2011 թվականին այդ ոլորտն ապահովեց արդյունաբերական արտադրանքի ավելի քան 40 տոկոսը եւ արտահանման մոտ 70 տոկոսը: Առաջիկա 10 տարիներին կմշակվի մոտ 17 միլիոն տոննա հանքանյութ: «Վալլեքս գրուպին» պատկանող «Բեյս մեթալս» ընկերությունը մոտ 10 տարի է, ինչ շահագործում է Մարտակերտի շրջանի Դրմբոնի պղնձի-ոսկու հանքավայրը: Նախատեսվում է, որ Կաշենի ապագա կոմբինատը տարեկան կմշակի մոտ 1 միլիոն 600 հազար տոննա հանքաքար` այն դեպքում, երբ Դրմբոնի կոմբինատը մշակում էր 350 հազար տոննա հանքաքար: Տարածքը, որտեղ իրականացվում է արդյունահանումը, ընդգրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղը, անմիջական հարևանությամբ են գտնվում Ճանկաթաղ, Ներքին Հոռաթաղ, Ծաղկաշեն, Կուսապատ գյուղերը: Վարդաձորի բնակիչներից շատերը հանքի առկայությունից դժգոհ են` գիտակցելով, որ այն մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին, մարդկանց առողջությանը, և համոզված են, որ գյուղի երիտասարդ ընտանիքները կլքեն գյուղը: «Շուրջօրյա աշխատում են հանքավայրում, ինչպես կարող է վնաս չլինի. պայթյունների ժամանակ տունս շարժվում է, մեծահասակ կին եմ, ոչ գիշերն եմ քնում, ոչ ցերեկը,- նշեց տիկին Ա.:» Մեկ տարի առաջ գյուղ այցելության ժամանակ, բացի մեկ ընտանիքից, ոչ ոք դժգոհ չէր հանքի շահագործումից: «Մեզնից ով կարծիք հարցրեց: Այն, որ գյուղի երիտասարդ ընտանիքները լքում են գյուղը, դա պարզ է: Այն մարդկանց, որոնց փոխհատուցումներ են տվել, տեղափոխվել են Մարտակերտ: Դպրոցում 10 աշակերտ ունենք, բայց քանի որ ընտանիքներ են լքում գյուղը, աշակերտների թիվը կկրճատվի: Եթե տեսնենք, որ մարդկանց առողջությանը վտանգ է սպառնում` բոլորս էլ կլքենք գյուղը: Երկու զավակ ունեմ, որոնց առողջությունը ինձ համար ամենակարևորն է: Ինչ պետք է անեմ. եթե տեսնեմ վնասը մեծ է, պիտի ամեն ինչ թողնեմ` լքեմ գյուղը: Առաջարկ կար Մարտակերտ տեղափոխելու գյուղը, բայց գնանք այնտեղ ինչով զբաղվենք: Այստեղ անասնապահությամբ, հողագործությամբ ենք զբաղվում, մեր օրվա հացն ենք վաստակում, անասուններս ինչպես այնտեղ պահեմ, ինչ հող մշակեմ: Գյուղը արցախյան պատերազմի ժամանակ 10 զոհ է տվել, իմ եղբայրը եւս զոհվել է գյուղն ազատագրելու ժամանակ…Նրանց գերեզմանները, զոհվածների հուշարձա՞նն էլ պիտի մեզ հետ տանենք»,- պատասխանեց Ա.Ա.-ն: «Պետք է գյուղը ավելի ապահով վայր տեղափոխեն, քանի որ քամին հանքավայրի փոշին, միեւնույն է, բերում է գյուղի ուղղությամբ, իսկ դա վնասակար է», -ասում է Ա. Պապիկը: Հանքի շուրջ ստեղծվել է 500 մետրանոց սանիտարական գոտի. ըստ "փորձագետների”` բաց հանքի շուրջ 500 մետր սանիտարական գոտին բավական է մարդու առողջությանը վնաս չհասցնելու համար: Այդ գոտում գտնվող 7 բնակարանները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ: Ժամանակավոր կացարաններում տարրական հարմարությունները բացակայում են. չկա սանհանգույց, տները կառուցված են հողի վրա, հատակին պարզապես հողի վրա բարակ «լինոլիում» է փռած: «Տեղափոխվել ենք ժամանակավոր կացարան. սկզբից շատ դժվար էր, քանի որ ոչ մի հարմարություն չկա, բայց հիմա ստիպված ենք հարմարվել: Ես ինչպես կարող եմ գյուղը լքել: Սակայն որդուս ընտանիքը չկարողացավ այստեղ մնալ, տեղափոխվեց հարևան գյուղ: Երիտասարդը ինչպես մնա այստեղ: Ինչ իմանանք` ինչ նյութեր են օգտագործելու այնտեղ,- ասաց Ա. Ա.-ն: Պատերազմի մասնակից, հաշմանդամ Ա.-ն իր մեծահասակ ծնողների, կնոջ և երեխայի հետ տեղափոխվել է ժամանակավոր կացարան: Նրանք վստահ են, որ շուտով նոր բնակարան կտեղափոխվեն. խոստացել են մեկ տարվա ընթացքում բնակարան տրամադրել: Չեն պատրաստվում ուրիշ տեղ տեղափոխվել, այստեղ ծնվել են, այստեղ մեծացել, այստեղ կռվել : Գյուղի աշխարհագրության ուսուցիչ Ալիկ Դանիելյանի ընտանիքը, որոնք միակն էին գյուղում, ովքեր դեմ էին տեղափոխվելուն, այժմ պատրաստվում են լքել գյուղը: Տունը գտնվում է հանքավայրի մոտ և պարզապես անհնար է այնտեղ ապրել. տունն ամբողջությամբ փոշու մեջ է, իսկ այդ պայթյունների, անդադար աշխատող մեքենաների ձայների մեջ երկար ապրել չի լինի: «Եղբայրս տեղափոխվել է Մարտակերտ, ես ինքս այստեղ ապրել չեմ պատրաստվում>>, – նշում է գյուղի աշխարհագրության ուսուցիչը: Մեր ժամանումը Վարդաձոր` զուգադիպեց նոտարի և պետական գույքի կառավարման վարչության պետի այցի հետ: Գյուղացիները ստորագրում էին գույքի օտարման պայմանագրեր, ինչպես նաև պայմանագրեր, համաձայն որի` այդ 7 ընտանիքների համար բնակարաններ կկառուցվեն 18 ամսների ընթացքում: Պայմանագիրը ստորագրած Ա. պապիկը տեղյակ չէր, որ բնակարանը կկառուցվի 18 ամսիների ընթացքում. «Մեզ խոստացել էին ավելի կարճ ժամկետում բնակարան տրամադրել, հիմա գրեթե երկու տարի հետո ես ողջ կլինեմ արդյոք, որ տունս տեսնեմ ու ծոռներիս համար ծառ տնկեմ:» Հիշեցնենք, որ ԼՂՀ կառավարությունը դեռ անցած տարվա հունիսին հաստատեց Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը: Արդյոք հնարավոր չէր լուծել սանիտարական գոտում գտնվող մարդկանց բնակարանային խնդիրները նախորոք: Բազմիցս երկրի իշխանությունները հայտարարել են, որ Կաշենի հանքավայրի շահագործման շնորհիվ տնտեսական մեծ աճ կարձանագրվի: Երկրի տնտեսական վիճակը գուցե և երանելի վիճակում չէ, գուցե և իշխանությունները երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար, բացի հանքարդյունաբերության ծավալների մեծացումից, ուրիշ ելքեր չեն տեսնում, սակայն խնդիրն այստեղ այլ հարթության վրա է ժողովրդավարական ուղին բռնած երկրում, որտեղ պետք է մարդու իրավունքները պաշտպանված լինեն: Հարց է ծագում, արդյոք պաշտպանված է բաց հանքավայրից 500 մետր հեռավորության վրա գտնվող մարդու իրավունքները: Արդյոք այդ մարդիկ տեղեկացված են բաց հանքի վնասների մասին: Հիշեցնեմ, որ գյուղը պատերազմի տարիներին տարհանվել է, ազերիներից կողմից հրդեհվել են բնակարանները, և գյուղը ազատագրելուց հետո բնակիչները վերադարձել ու նորից բնակարաններ են կառուցել` երկրորդ անգամ փորձել սերտել նոր կյանք: Եվ վերջապես` ճիշտ չէ իր հողի եւ ժողովրդի համար մարտնչած, ավելի քան 2 տասնամյակ անց իր ապագան նորից կերտող հաշմանդամին զրկել իր իսկ բնակարանից եւ ստիպել ապրել ժամանակավոր կացարանում: Բոլոր «հանունները» հասկանում ենք, բայց պետք է արժեւորել նրանց իսկ «հանունները»` առանց որի նրանք չեն ապրել մինչ այսօր: Հ.Գ. Հոդվածում զերծ եմ մնացել անուններ նշելուց, քանի որ մարդիկ պարզապես վախենում էին ներկայանալ, կամ էլ մարդիկ, որոնք մի քանի ամիս հարցազրույց էին տվել, այլևս հրաժարվում էին խոսել տեսախցիկի առջև:



| Դիտում: 531 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷկոԼուր  


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.