Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 5 » Քաջարանցիները պահանջում են անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի պատճառով նրանք դառնում են հարկադրաբար տեղահանվողներ
21:55
Քաջարանցիները պահանջում են անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի պատճառով նրանք դառնում են հարկադրաբար տեղահանվողներ
Դեկտեմբերի 1-ին Կապանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Քաջարան գյուղի էկոլոգիական-սոցիալական խնդիրիների քննարկում` կապված կառավարության 2011թ. ապրիլի 28-ին ընդունած 627-Ն որոշման հետ: Այս որոշման համաձայն` համայնքների սեփականություն հանդիսացող 181,7 հա հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ, եւ հողերը տրվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Փոխհատուցման տեսքով միջանկյալ որոշումները կամ, օրինակ, հանքի սահմանը 150-200 մետր գերեզմանոցից հեռացնեու մասին առաջարկությունը քաջարանցիներին չի գոհացնում: «Եկեք գյուղ եւ նայեք: Եթե հանքը բացվի ամեն ինչ կծածկվի փոշով… Մենք` բոլորս, ստիպված կլինենք հեռանալ…: Մենք դառնում ենք հարկադրաբար տեղահանղողներ: Բայց մեր հողը չենք տա, եւ պատրաստ ենք արյամբ պաշտպանել այն…»: Ահա այսպիսի հայտարարություններ հնչեցրին գյուղացիները քննարկման ժամանակ:
Բնակիչները հույս ունեին, թե «Cronimet» ընկերությունը ընդունել է քննարկմանը մասնակցելու առաջարկությունը եւ դիմում էին պատրաստել այդ ընկերության համար: Սակայն, ցավոք, «Cronimet»-ի ներկայացուցիչները չեկան, եւ քաջարանցիներն իրենց դիմում-բողոքը բարձրաձայնեցին քննարկման ժամանակ: Նամակում մասնավորապես ասված է. «Այսօր խաղաքարտին է դրված գ. Քաջարանի տեղահանման հարցը: Պատճառը` ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն անհեթեթ որոշումն է, ըստ որի` համայնքային սեփականություն հանդիսացող 181.7 հա հողատարածքի նկատմամբ հանրային բացառիկ գերակա շահ է ճանաչվում:
1. Քաջարան գյուղի բնակչությունը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության թիվ 627-Ն չարաբաստիկ որոշումը:
2. Պատմական նշանակություն ունեցող Քաջարան գյուղը սահմանակից է Նախիջևանին, ուստի մենք պահանջում ենք առանձնահատուկ վերաբերմունք ու հատուկ ուշադրություն սահմանամերձ այդ գյուղին:
3. Մեր սրբավայրերը` 17-րդ դարում կառուցված Սուրբ Հակովբ եկեղեցին, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված փառահեղ հուշակոթողը, գերեզմանատունը, որտեղ ամփոփված են մեր անվանի նախնիների, ինչպես և լեռնահանքային ձեռնարկության վաստակաշատ աշխատողների աճյունները, ենթակա չեն բարբարոսության: Համայնքի բնակչությունը պատրաստ է արյան գնով պաշտպանելու իր սրբությունները:
4. Մենք չենք պատրաստվում հեռանալ` լքելով մեր բնակավայրը: Հայրենի ծննդավայրը չի կարող գին ունենալ: Այն անգին է և որևիցե փոխհատուցման մասին խոսակցություններն անգամ չեն կարող ստիպել մեզ փոխելու մեր մտադրությունը:
5. Առաջարկում ենք վերահաշվարկել հանքավայրում առկա օգտակար հանածոների պաշարները: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ծննդավայրում առկա է 25-50 տարվա պաշար: Հորդորում ենք Ձեզ խնամքով վերաբերվել բնական ռեսուրսների շահագործմանը, քանզի նրանք անսպառ չեն, իսկ հետագա սերունդներին այդ ռեսւրսներից զրկելն առնվազն հանցագործություն է:
6. Քաջարան գյուղի բնակչության զգալի մասն աշխատում է «ԶՊՄԿ»-ում: Վերջերս պարբերաբար սպառնալիքներ են հնչեցվում (ընդհուպ մինչև աշխատանքից ազատում) այն աշխատողների հասցեին, ովքեր ակտիվություն են դրսևորում հայրենի գյուղի խնդրի շուրջ: Համայնքի բնակչությունը պահանջում է սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսելու փոխարեն ապահովել ձեռնարկության աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև հարգել սեփականության մեր իրավունքը:
Մենք հավատում ենք Ձեր խոհեմությանը և չենք պատկերացնում, որ դուք այդքան հեշտությամբ կհամաձայնեք հնամենի մեր գյուղի վերացման ծրագրին, որի հիմքը դրված է կառավարության այդ որոշման մեջ»: