Հասարակական կազմակերպությունները եւ սոցիալական ցանցերի ակտիվիստները որոշել են միավորվել եւ կրկին հայտարարել S.O.S. Սեւան: Սեպտեմբերի 20-ին Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Սեւանա լճի փրկության համար առաջնահերթ միջոցառումների վերաբերյալ քննարկում: Լճի վիճակը համարվեց ծայրահեղ կրիտիկական: «Ես հայտարարում եմ, որ մենք այլեւս չունենք «Սեւանա լիճ» անվանմամբ քաղցրահամ ջրի պաշար»,- հայտարարեց Գագիկ Սուխուդյանը, ով 1981-1992թթ. զբաղեցրել է «Սեւան» ազգային պարկի տնօրենի պաշտոնը: |
|
Նրա խոսքերով` նույնիսկ 70-ականների վերջերին, երբ Սեւանի ճահճացման գործընթացը ձեռք բերեց սպառնալից բնույթ, այդ ժամանակ աղտոտվածություն չէր արձանագրվել:
Ներկայացվեցին լճի համար հիմնական վտանգները`
- ջրի կազմի փոփոխություն
- ձկան անհետացում
- լճի աղտոտումը աղբով, կոյուղաջրերով, արտադրական թափոններով
-«GeoProMining Gold», «Գեգամետ պլյուս», «Միկա ցեմենտ» հանքարդյունաբերական ընկերությունների անօրինական գործունեություն, ինչը խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը
- վերահսկողության բացակայությունը
- պաշտոնական կառույցների իմիտացիոն գործունեություն եւ Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման համար տրամադրված բյուջետային, դրամաշնորհային եւ վարկային միջոցների (մասնավորապես Համաշխարհային բանկի 16 միլիոն դոլլարի վարկը, որը տրամադրվեց «Աղքատության նվազման եւ բնական ռեսուրսների կառավարման» ծրագրի համար) ոչ նպատակային ծախսում:
Անհանգստության հիմնական պատճառն այն է, որ ոչ Բնապահպանության նախարարությունը` ի դեմս «Սեւան» ազգային պարկի, ոչ Քաղաքաշինության, Տարածքային կառավարման, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Գյուղատնտեսության նախարարությունները, ոչ որեւէ հանձնաժողով կամ խորհուրդ, լճի փրկության համար գործնական ջանքեր չեն ձեռնարկում: Օրենքները խախտվում են, եւ դրա համար ոչ ոք չի պատասխանում: Տպավորություն է ստեղծվում, որ Սեւանը բարձրաստիճան չինովնիկների կողմից դիտվում է միայն որպես եկամուտի ստացման աղբյուր:
Քննարկման մասնակիցները մշակեցին միջոցառումների պլան եւ որոշեցին աջակցության համար դիմել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Սեւանի ճակատագրի նկատմամբ:
Չկա Սեւան, չկա Հայաստան: Միավորվենք եւ թույլ չտանք, որպեսզի մարդկանց մի խումբ թալանի եւ 34 միլիարդ խմ քաղցրահամ ջրի փոխարեն մեր սերունդներին թողնի թունավոր ճահիճ:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Կոնտակտներ առաջարկությունների համար`
Էլ. Հասցե` info@ecolur.org,
Հեռ.` +37491 92 12 64
Էլ կայք` www.ecolur.org
|