Բնապահպանության նախարարությունը պատժամիջոցներ չի կիրառում եւ չի էլ պատրաստվում կիրառել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նկատմամբ, որը բարձիթողի վիճակում է թողել հանրապետության մաքրման կայանները: Արդյունքում Հայաստանի ջրային ռեսուրսներն աղտոտվում են կոյուղաջրերով, իսկ բնակավայրերում սուր գարշահոտություն է:
Սույն թվականի հուլիսի 28-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակ էր ուղարկել Բնապահպանության նախարարություն, որում ասվում էր, որ մաքրման կայանի չգործելու պատճառով Հրազդան գետ են թափվում Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների ու հարակից համայնքների կոյուղաջրերը, որոնք կուտակվում են Կոտայքի մարզի Քաղսի գյուղի տարածքում` առաջացնելով գարշահոտություն: Ինչպես նաեւ գրել էինք, որ բնակիչներն իրենց այգիները ստիպված ոռոգում են այդ կեղտաջրերով: |
|
Նախարարությունից խնդրել էինք պատասխանել, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կատարի կոյուղաջրերի մաքրման իր աշխատանքը, ինչ պատժամիջոցներ են կիրառվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նկատմամբ:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը տեղեկացրել է, որ ««Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող բոլոր կեղտաջրերի մաքրման կայանները չեն գործում, ինչը պայմանավորված է խոշոր ֆինանսական ներդրումների հետ»: Էդգար Փիրումյանը ընդգծել է, որ «ՀՀ Ջրային օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը թույլատրվում է կառավարության սահմանված կարգով, եւ որ համայնքի բնակիչների գործողություններն ապօրինի են»: Նախարարության համար ավելի կարեւոր է, որ բնակիչներն ապօրինի են ջրում իրենց այգիները, քան այն, որ Հայաստանի խոշոր ջրային ռեսուրսը` Հրազդան գետը, կոյուղատարի է վերածվել: Հիշեցնենք, որ Կապան քաղաքի բնակիչները դատի են տվել ՀՀ բնապահպանության նախարարությանը` մեղադրելով կոյուղաջրերով եւ արտադրական հոսքերով Ողջի գետի աղտոտման հարցում անգործության համար: Իսկ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն հրավիրվել է որպես երրորդ կողմ: Այնպես որ մինչեւ դատավճռի կայացումը հարցը, թե ով է խախտում օրենքը` բնակիչները, թե նախարարությունը, բաց է մնում:
|