Սեպտեմբերի 17-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Դիուս» նախագծի հետագա ընթացքի մասին: «Դիուս»-ը «TEMPUS ECESIS» ծրագրի նախագծերից է, որը Երեւանի պետական համալսարանում գործում է դեռեւս 2010 թվականի հոկտեմբերից: Այն միտված է ՀՀ բուհերում զարգացնել ինքնագնահատման եւ ինքնավերլուծության ինստիտուտը: |
|
Հայաստանից նախագծում ընդգրկված է 6 բուհ` Երեւանի պետական, Երեւանի պետական ճարտարագիտական, Երեւանի պետական բժշկական համալսարանները, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտները, Գյումրու գեղարվեստի ակադեմիան: Մասնակցում է նաեւ ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը: Կան մասնակից համալսարաններ Իտալիայից եւ Սերբիայից:
Նախագիծը երկամյա է: Առաջին տարվա ավարտին` այս տարվա ամռանը, հայաստանյան բուհերի մասնագետները նախագծի շրջանակներում Գերմանիայում մասնակցել են ամառային դպրոցի:
Սեմինարի պատվավոր հյուրն էր «TEMPUS ECESIS» ծրագրի համակարգող, Կոբլենց-Լանդաու համալսարանի ներկայացուցիչ Սերգեյ Չեռնիշենկոն, ով հայ մասնակիցներին հանձնեց ամառային դպրոցին մասնակցելու հավաստագրեր: Պարոն Չեռնիշենկոն գոհ էր Հայաստանի ակտիվ մասնակցությունից. «Մեզ համար կարեւոր է հատկապես, որ ծրագրում ընդգրկված է երիտասարդությունը, մեզ թարմ ուժեր շատ են պետք»:
Սեմինարի ընթացքում հայաստանյան 6 բուհերը ներկայացրին իրենց որակի ապահովման ներքին համակարգը եւ քննարկեցին նախագծի հետագա ընթացքը:
«Կարծում եմ այս ծրագիրը մեծապես կնպաստի բուհերի որակի բարձրացմանն ու ներքին կարողությունների զարգացմանը»,- ասում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, նախագծի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:
|