Կիրակի, 22.12.2024, 17:18

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 20 » Մեղրին ջրազրկո՞ւմ են
20:30
Մեղրին ջրազրկո՞ւմ են
Մեղրեցիները պնդում են, որ՝ այո, քաղաքապետը վստահեցնում է, որ՝ ոչ

955 մեղրեցի (քաղաքի բնակչության մոտ 20 տոկոսը) բաց նամակ է հղել երկրի նախագահին, տարբեր ատյանների ղեկավարներին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը Մեղրի գետի ջրային ռեսուրսների հիման վրա ջրագիծ կառուցելու ծրագրի վերաբերյալ եւ պահանջել են կանխել, իրենց կարծիքով, անհիմն ու Մեղրու համար բացասական հետեւանքներ ծնող ծրագիրը: Ջրագծով Մեղրի գետի առանց այն էլ սակավ ջրից բաժին է հասնելու Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր գյուղերին եւ Ագարակ քաղաքին: Հանրապետության հարավային դարպասի բնակիչները նշում են, որ այդ դեպքում կտուժի մեղրեցին, քանի որ սակավաջրության պարագայում դաշտերը չորացման վտանգի առաջ կկանգնեն:

Բացի սա, բնակիչներին զայրացրել է գետի վրա 5 փոքր ՀԷԿ կառուցելու մտադրությունը, որի արդյունքում գետը 15 կմ-անոց հատվածում փակված կլինի: Մեղրիում ձեւավորվել է հանրային խորհուրդ, որը զբաղվում է մեղրեցիներին մտահոգող այս խնդրով:

Հանրապետության նախագահին գրած նամակում մեղրեցիները նշում են, որ Մեղրի գետից վերոհիշյալ համայնքներին ոռոգման ջրով ապահովելու խնդիրը քննարկվել է դեռեւս անցյալ դարի 80-ական թվականներին եւ ի վերջո եկել են այն եզրակացության, որ այդ գաղափարը հնարավոր է կյանքի կոչել բացառապես Մեղրի գետի վրա ջրամբար կառուցելու եղանակով: Մեղրի քաղաքի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, բնակչության 90%-ի ապրուստի միակ միջոցը՝ պտղաբուծությունը: 160 հեկտար պտղատու այգիներ Մեղրիում, 70 հեկտար Լեհվազ գյուղում եւ 500-4000 քմ առանձին հողակտորներ ոռոգվում են Մեղրի գետի ջրով՝ 1300 հողօգտագործող ոռոգման ջուր է վերցնում Մեղրի գետից:
«Գետի բնական ելքի, նրա իրական հնարավորությունների մասին տվյալները, որոնք ներկայացվել են ծրագրի հաշվարկները հիմնավորելիս, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Հավանաբար խողովակաշարերի հետ գործ ունեցողների գայթակղությունը նրանց ստիպել է կեղծ (անհիմն) հաշվարկներ ներկայացնել եւ մոլորեցնել ծրագրի հեղինակներին (սկզբում՝ «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագիր, հետո՝ Համաշխարհային բանկ):

Գաղտնիք չէ նաեւ, որ պարբերաբար խափանվում են ջրհան կայանների պոմպերը, եւ դրանց վերանորոգումը տարբեր պատճառներով ձգձգվում է, խախտվում են ջրման գրաֆիկները: Հետեւաբար՝ տվյալ համայնքները ստիպված են լինելու թեկուզ այլ ճանապարհով օգտվել Մեղրի գետից՝ խողովակաշարի առկայության դեպքում: Նման կացության ականատես ենք եղել տարիներ շարունակ: Կյանքը ցույց է տվել, որ նման իրավիճակներից դուրս ենք եկել ընդհարումներով, նույնիսկ արձանագրվել են ողբերգական դեպքեր: Գետը վարարում է երկու-երեք ամիս, այն էլ՝ ոչ միշտ, իսկ երաշտ տարիներին ոչ միայն չի վարարում, այլեւ արդեն մայիս ամսին Մեղրի քաղաքի տարածքում ամբողջությամբ ցամաքում է: Կասկածից վեր է, որ գետի ջրի փոքր քանակն իսկ այլ ուղղությամբ տանելը մեծապես ազդելու է մերձակայքի էկոհամակարգի վրա: Բավական է նշել, որ Մեղրու տարածքում աճող 1468 բուսատեսակից 28-ն էնդեմիկ է եւ հանրապետության այլ վայրերում ու Հարավային Կովկասում չի հանդիպում, 123 անուն դեղաբույս ունի արդյունաբերական նշանակություն եւ այլն:

Վերը նշվածից չի կարելի ենթադրել, որ մեղրեցին անտարբեր է իր հարեւան բնակավայրերի ջրային հոգսերի հանդեպ: Ավելին, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր խնդրի լուծման բազում առաջարկներ են արվել: Մասնավորապես պետք է կատարել ներքին աղբյուրների (քյահրիզների) ոչ ձեւական, այլ իրական մաքրում, գյուղերի վերին հատվածներում (մեր նախնիների օրինակով) պետք է վերականգնել վար ու ցանքը, մաքրել առուները, վերականգնել ջրավազանները, ի վերջո, հարցը հիմնովին լուծելու համար պետք է հետամուտ լինել փոքր ջրամբարների կառուցմանը: Ի դեպ, այսօր Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր համայնքներում օգտագործվում է մշակովի հողերի 50%-ից էլ քիչ մասը:

Անշուշտ, գովելի է նաեւ իշխանությունների՝ Ագարակ քաղաքի կանաչ զանգվածը մեծացնելու մտադրությունը, որն իրոք շատ կարեւոր է: Բայց այն երբեք չի կարելի իրականացնել Մեղրի գետի ջրերի հաշվին: Հետեւությունը մեկն է՝ չմտածված, չկշռադատված միջամտությունը Մեղրի գետի ջրօգտագործմանը կխախտի Մեղրու բնության բնական ներդաշնակությունը, մեծ լարվածություն կառաջացնի համայնքների միջեւ, աղետալի հետեւանքներ կունենա բնության եւ բնակչության վրա եւ, անկասկած, մի նոր արտագաղթի խթան կհանդիսանա:
Խնդրի լուծման՝ մեզ համար ընդունելի ճանապարհը եղել եւ մնում է մեկը՝ կառուցել ջրամբար կամ փոքր ջրամբարներ: Ամբարե՛ք ջուրը, հետո օգտագործե՛ք, տվե՛ք ում կուզեք, ինչ ճանապարհով կուզեք: Որեւէ այլ լուծում մեղրեցին չի հանդուրժելու: Ձեր ուշադրությունը հրավիրելով վերը շարադրվածին՝ ակնկալում ենք, որ ըմբռնումով կմոտենաք մեր խնդրանքին եւ կկանխեք նման անհիմն ծրագրի իրականացումը: Դրանով կօգնեք Մեղրու բնակիչներին՝ չհեռանալ իրենց բնօրրանից, ավելի ամուր պահել Հայաստան աշխարհի հարավային դարպասը»,- նշված է բաց նամակում:

Փորձառու ու երկարամյա գյուղատնտես՝ մեղրեցի Յուրի Առաքելյանը համոզված է, որ եթե Մեղրի գետի ջրերը տան ուրիշ գյուղերի, ապա դաշտերը կչորանան ու բնակիչների վիճակն ավելի կվատանա: «Ժողովրդին ծանր վիճակի մեջ կդնեն, Արաքս գետի ջրերից պետք է օգտվեն այդ համայնքները, ջրամբարներ կառուցեն, եւ այդ եղանակով ջրեն այգիները: Առանց մտածելու ինչի՞ են նման քայլ անում, ժողովրդի տները քանդում են... չե՞ն հասկանում, եղած ջրի պաշարը առանց այդ էլ մեծ չէ»,- ասում է մեղրեցիների գյուղատնտեսը:

Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ նամակի հեղինակները մարդկանց թյուրիմացության մեջ են դրել, միակողմանի ու ոչ ճիշտ մոտեցում է ցուցաբերվել: «Դեռեւս օգոստոսի 24-ին ավագանու նիստ ենք հրավիրել, քննարկվել է այս հարցը եւ եկել ենք այն կարծիքին, որ ջրագծի կառուցումն ուղղակի անհրաժեշտություն է կից համայնքների համար: Ոչ միայն շահագրգիռ՝ Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր համայնքները, այլեւ Մեղրին նույնպես կօգտվի այդ ջրից: 30 տարուց ավել ջրագծի կառուցման խնդիր կար Մեղրիում: Մեղրին 60 տոկոսի չափով շահառու է լինելու, իսկ մյուս 3 գյուղերը կարող են իրենց մինի ջրամբարներն ունենալ, Մեղրի գետը հորդառատ լինելու դեպքում օգտվեն գետի առատ ջրերից, իսկ իրենց ջուրն ամբարեն՝ հետագայում ոռոգելու համար, որպեսզի խնդիր չլինի: Մեղրի գետի ջրային պաշարն ավելանում է նաեւ Սպիտակջուր կոչվող գետակի ջրերը դեպի Մեղրի գետ հոսող ջրերին միախառնվելու արդյունքում: Գարնանը հորդառատ ժամանակ գետը ողողում է ափերը, ջուրը թափվում է Արաքսը, իսկ եթե խողովակ անցկացնենք՝ Արաքս թափվելու ու հեռանալու փոխարեն գյուղերը կսնուցեն: Մարդկանց ապակողմնորոշել են ու թյուրիմացության մեջ դրել, ճիշտ չեն ներկայացրել խնդիրը, մարդիկ խաբվել ու դրա համար էլ ստորագրել են այդ նամակի տակ: Ջրագծի կառուցման նախագիծն ավարտական փուլում է, կարծում եմ՝ 2012թ.-ին կսկսվեն աշխատանքները եւ արդյունավետ աշխատելու դեպքում նույն տարում էլ կավարտվեն»,- պարզաբանում է Սերգեյ Հայրապետյանը:

Իսկ ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, քաղաքապետը նշեց, որ այս խնդիրն էլ ճիշտ չի ներկայացվել, ՀԷԿ-երի կառուցման դեպքում նման իրավիճակ չի առաջանա՝ ինչպես նամակում է նկարագրված: «Մենք ինքներս թույլ չէինք տա դրանց կառուցումը, եթե դրա արդյունքում Մեղրին պետք է առանց ջրի մնար, ես ինքս կստորագրեի այդ նամակի տակ: Բայց նման վտանգ չկա, իսկ ջրային ռեսուրսները չօգտագործելը հիմարություն կլիներ, ընդամենն անվնաս եղանակով էներգիա ենք ստանում»,- ասաց Մեղրու քաղաքապետը եւ հավելեց, որ ՀԷԿ-երը նաեւ աշխատատեղեր են ապահովում դպրոց չունեցող, աշխատանք չունեցող ծերացած գյուղերի համար:

| Դիտում: 1166 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.