Կիրակի, 22.12.2024, 16:39

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 17 » Անտառապատման աշխատանքների պետական ֆինանսավորում 2010-11թթ.-ին չի իրականացվել
14:22
Անտառապատման աշխատանքների պետական ֆինանսավորում 2010-11թթ.-ին չի իրականացվել
ՀՀ կառավարության 2005թ.-ին հաստատած տասնամյա «Անտառկառավարման ազգային ծրագրով» նախատեսված է Հայաստանում տարեկան 5 հազ. հեկտարի վրա անտառապատման եւ անտառվերականգնման աշխատանքներ իրականացնել: 2010 թ-ին այդ ծրագրի իրականացման համար երկրի բյուջեից միջոցներ չեն հատկացվել: Այս մասին «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ալավերդյանը:

Նրա խոսքերով, գլոբալ տաքացման հետեւանք հանդիսացող անապատացման երեւույթին դիմակայելու համար Հայաստանում պետք է ամեն տարի ավելանան կանաչապատ տարածքները: Դա պահանջում է նաեւ ֆինանսական միջոցների հատկացում, ինչը պետության կողմից չի արվում:


ՀՀ գույաղատնտեսության նախարարության տվյալներով, 2010 թ-ին, ոչ պետական ֆինանսավորմամբ տարբեր ծրագրերի հաշվին Հայաստանում անտառապատման աշխատանքներ են իրականացվել 150 հա տարածքում, որից 100 հա-ն անտառապատվել է Գուգարքի անտառտնտեսությունում` Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը Հարավային Կովկասում` անտառների պահպանության, կառավարման եւ վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Եւս 25 հա անտառապատվել է Արթիկ քաղաքի շրջակայքում` Անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Նույնքան տարածք է անտառապատվել Սյունիքի մարզում` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ՙԿլիմայի փոփոխության հետեւանքների նկատմամբ Հայաստանի լեռնաանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում՚ ծրագրով: Պահպանության նպատակով նշված տարածքներն ամբողջովին ցանկապատվել են: Բացի այդ, շարունակվել է նախորդ տարիներին հիմնված անտառային տարածքների անտառապատումը` 329,5 հա-ի վրա, իրականացվել է նախորդ տարիներին հիմնված անտառների խնամքը 2 178 հա տարածքի վրա, եւ հիմնվել է 5,335 հա տնկարան:

2011թ.-ի անտառվերականգման եւ անտառապատման ծրագրերի վերաբերյալ դեռ ամբողջական տվյալներ չկան: Ա. Ալավերդյանի տվյալներով, այդ նպատակներով այս տարի նույնպես պետբյուջեից ֆինանսավորում չի իրականացվել:

ՀՀ անտառային օրենսգրքի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կանոնադրության համաձայն, անտառների կառավարման գործառույթների մեծ մասի իրականացումը վերապահված է նախարարության ենթակայության տակ 2005 թ.-ից գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին եւ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին: Անտառտնտեսավարման ծրագրերն իրականացվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից, որի տնօրինությանն են հանձնված 345,8 հազ հա պետական անտառային հողեր:

Անտառամերձ գյուղերի բնակիչները պետք է ունենան կենցաղային վառելիքի արտոնություններ,-գտնում են անտառկառավարման ոլորտի փորձագետները

«Ամբողջ աշխարհում անտառամերձ գյուղերի բնակիչներն ունեն անվճար թափուկներ ստանալու իրավունք: Մենք փորձում ենք հասնել այն բանին, որ մեր երկրում էլ գործի այդ կարգը»,-«ՆՏ»-ի թղթակցին հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Նա եւ անտառկառավարման ոլորտի որոշ փորձագետներ անտառամերձ գյուղերի բնակիչների կողմից ծառահատումների դեմն առնելու համար առաջարկում են ոչ միայն անվճար թափուկ վառելափայտ եւ երկրորդական անտառանյութ տրամադրել նրանց, այլեւ գազիֆիկացնել այդ գյուղերը եւ տեղի բաժանորդների համար սահմանել գազի հատուկ սակագին:

Լոռու մարզի անտառամերձ գյուղերից մեկի գյուղապետը պարզաբանեց. «Եթե անգամ անտառամերձ գյուղը գազիֆիկացված լինի, միեւնույն է, գյուղի բնակիչը կնախընտրի փայտ վառել, քանի որ գազի ներկայիս գնի պայմաններում նա չի կարողանում վճարել դրա դիմաց»:

Մ.Մաթեւոսյանի տվյալներով, ներկայումս անտառամերձ գյուղերում բնակվում են մոտ 30 հազ. ընտանիքներ, եւ մեկ ընտանիքի կողմից վառելափայտի միջին տարեկան ծախսը 10 խ/մետր է:

Նշենք որ, Հայաստանում ապօրինի զանգվածային ծառահատումները սկսվեցին 1990-ական թվականներին, եւ պայմանավորված էին էներգետիկ ճգնաժամով: Հատկապես մեծ վնասներ են կրել Լոռու եւ Տավուշի մարզերի խոշոր բնակավայրերին հարակից անտառները: Այդ տարիներին գրեթե անտառազրկվել են Վանաձոր քաղաքի հարակից տարածքները, դեգրադացվել է Իջեւանի տարածաշրջանի անտառների զգալի մասը: Այդ անտառային տարածքներն այսօր վերականգնված են` թեեւ նախկինի որակն ունենալու համար մոտ 60-70 տարի է անհրաժեշտ:

Հայաստանի յուրաքանչյուր անտառապահ հսկում է միջին հաշվով 670 հա տարածք

Հայաստանի անտառային տարածքները պահպանելու համար, համաձայն անտառաշինական նախագծերի, ստեղծված են 85 անտառտնտեսություններ եւ 516 պահաբաժիններ, որոնք ի պահ են տրված նույնքան անտառապետերի եւ անտառապահների: Միջին հաշվով, յուրաքանչյուր անտառապահ հսկում է միջին հաշվով շուրջ 670 հա անտառային տարածք: Անտառապահների միջին աշխատավարձը 42 հազ. դրամ է: Անտառապահներին, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու համար, փոխադրամիջոց եւ զենք չի տրամադրվում: Այս տվյալները «ՆՏ»-ի թղթակցին ներկայացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:

Նրա խոսքերով, անանտառապահների եւ անտառապետերի աշխատավարձի ու հսկողության միջոցների տրամադրման խնդիրները չլուծելու դեպքում «ապօրինի ծառահատումները կշարունակվեն»:

| Դիտում: 990 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.