Այժմ փոքր ՀԷԿ-երի կառուցումը Սեւանի ավազանում արգելված է
ՀՀ կառավարությունը Սեւանա լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակը բարելավելու եւ ձկնային պաշարները վերականգնելու նպատակով որոշում է ընդունել Սեւանի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումն արգելելու մասին: Նշենք, որ արդեն երկու տարի է` էկոլոգները` ներառյալ հասարակայնությունը, գիտական ինստիտուտները եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը, հանդես են գալիս Սեւանի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցման դեմ, քանի որ գետերի էկոհամակարգի խախտումով խախտվում է Սեւանա լճի էկոհամակարգը:
Դրա հետ մեկտեղ հարց է առաջանում` ինչ անել արդեն իսկ կառուցված ՀԷԿ-երի հետ: Այսպես` Մակենիս գետի վրա (Կարճաղբյուր), որտեղ բնական եղանակով բազմանում են իշխանի էնդեմիկ տեսակները, կառուցված է Սեւանի ավազանում առաջին ՓՀԷԿ-երից մեկը: Ձուկը գնում է ձվադրման, իսկ գետում ձկան համար ջուր չկա, քանի որ ողջ ջուրը վերցնում է ՀԷԿ-ը: Նման ՀԷԿ-եր Սեւանի ավազանում 6-ն են: Ստացվում է, որ կառավարությունն ամեն տարի բյուջետային միջոցներ է տրամադրում իշխանի պոպուլիացիայի վերականգնման համար, իսկ գետերը ձվադրման համար չեն բավականացնում:
Հիշեցնենք նաեւ, որ ամենից մեծ աղմուկը 2010թ. կապված էր Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման հետ:Այդ գետի դեպքում կառուցված հիդրոտեխնիկական կառույցի ապամոնտաժման մասին որոշում ընդունվեց, որն ապօրինի համարվեց: Ոչ մի պաշտոնական գերատեսչություն հանձն չառավ կատարել այդ որոշումը: