Արդեն ամփոփված են ջրասուզումների ֆրանս-հայկական գիտարշավի կողմից Սեւանա լճի ստորջրյա գիտական հետազոտությունների առաջին փուլի (2010թ.) արդյունքները: ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տեղեկացմամբ, Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով լճում են հայտնվում շինություններ եւ ջրածածկ եղող տարածքների բուսական մնացորդներ:
Վերոնշյալի կապակցությամբ ինստիտուտն ահազանգել է. «Սա, անշուշտ, իր ազդեցությունն է թողնում ինչպես ջրի, այնպես էլ հատակի նստվածքների քիմիական եւ մանրէաբանական կազմի վրա»:
Կարծում ենք, բացատրելու կարիք չկա, թե խոսքն ինչ ազդեցության մասին է: Թերեւս ավելորդ է նաեւ ասել, որ այդ շինությունները ոչ թե պետք է ջրածածկ լինեն, այլ մինչ այդ քանդվեն ու հեռացվեն դրանց տերերի միջոցներով: Միայն թե այս գործի պատասխանատուները թող չասեն` դրանց տերերն անհետացել են, չեն գտնվում...
Գիտարշավի եւ գիտական հետազոտությունների արդյունքներով մեկ այլ կարեւոր արձանագրում է կատարել ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը: Վերջինիս տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Բորիս Գաբրիելյանի ստորագրած պաշտոնական փաստաթղթում նշված է. «Վերջնականապես հերքվեց Սեւանա լճում խեցգետնի անսպառ պաշարների մասին տարածված վարկածը: Դիտարկումների արդյունքները հիմք կծառայեն հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի կողմից Սեւանա լճում այս հիդրոբիոնտի զբաղեցրած օգտակար մակերեսի ճշգրտման եւ արդյունագործական պաշարների գնահատման համար»:
Դժվար չէ հիշել, թե բնապահպանության նախարարության եւ այդ նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության որ պաշտոնյաներն էին նախորդ տարիների ընթացքում հիշյալ վարկածի, ավելի ճիշտ, պնդման հեղինակները, ինչպեսեւ դժվար չէ հասկանալ, թե այդպիսով ինչ նպատակ էին հետապնդում նրանք. դե, եթե խեցգետնի պաշարները գործնականում անսպառ են, ուրեմն պետք է ամեն տարի եւ անսահմանափակ թույլատրել նրանց որսը:
Ավելին` դա նույնիսկ պարտադիր անհրաժեշտություն էր ներկայացվում` իբր թույլ չտալու այդ «գիշատիչների» կողմից սիգի սերնդի խժռումը։ Սակայն այդ ընթացքում խեցգետնի որսի անվան տակ Սեւանա լիճ մտնելով, շատ երկոտանի գիշատիչներ իրականում իրենք էին «խժռում» սիգը` զբաղվելով այդ ձկնատեսակի որսագողությամբ այնքան, որքանով դա թույլ էր տալիս օրվա 24 ժամը:
Ջրասուզումների ֆրանս-հայկական գիտարշավը շարունակվել է նաեւ այս տարի, դրա գիտական մանրամասներն այլ հրապարակման նյութ են, սակայն վերոնշյալի տեսակետից անհրաժեշտ ենք համարում ներկայացնել այն, ինչ ս.թ. հուլիսի 27-ին անձամբ տեսել էր ու պատմեց բնապահպանության նախարարության կազմում գտնվող «ՀայԷկոՄոնիտորինգի» տնօրենի գիտարտադրական հարցերով տեղակալ Սեյրան Մինասյանը: Պատասխանելով հարցին, թե, ըստ իրեն, Սեւանա լիճն այսօր առաջնահերթորեն ինչի՞ կարիք ունի, լճի փրկության առաջնային, գերակա խնդիրը ո՞րն է, նա ասաց.
-Գողերից եւ կոռումպացված չինովնիկներից ազատվելու կարիք ունի Սեւանը, ուրիշ բան չկա: Ջրի մակերեսով, նավով ման եմ եկել, ամբողջ մակերեսին ձկնագողերի շշերն էին գիշեր-ցերեկ, ինչի՞ մասին է խոսքը: Դրանք նշաններ են, որ ցածում ցանց կա կախված: Ամբողջ Սեւանը դա է, դրա համար էլ այս վիճակն է:
Հնարավո՞ր է արդյոք, որ դրանք խեցգետին բռնելու համար դրված ցանցեր են եղել: Ի պատասխան այս հարցի, Ս.Մինասյանը վստահաբար ասաց` ոչ, ապա հավելեց, որ հուլիսի 27-ին նույն վիճակն է տեսել ե՛ւ Փոքր, ե՛ւ Մեծ Սեւանում, բայց վերջինում ձկնագողերի որսագործիքներն ավելի շատ են եղել:
-Սաղմոն (իշխանը պատկանում է այդ ընտանիքին.- Ա.Հ.) ձկան կերն այսօր Սեւանում լիքն է, կարող է մեծ քանակի սաղմոն ձուկ աճել լճում, բայց ձուկը դեռ չմեծացած, գողանում են,- ասաց տնօրենի տեղակալը:
Հիշեցնենք, որ Սեւանա լճի արդյունագործական ձկնապաշարների ոչնչացման կապակցությամբ ժամանակին տողերիս հեղինակի կողմից «Հայոց Աշխարհ»-ում եւ այլ թերթերում քանիցս հաղորդումներ են եղել հանցագործության մասին, որոնք, սակայն, իրավապահ համապատասխան մարմինների կողմից թողնվել են անհետեւանք: